Կառավարությանն անսվատահություն հայտնելու գաղափարից հրաժարվելու տարբերակ չի քննարկվում
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ խորհրդարանական չորս ուժերն ընդհանրապես հրաժարվեն Կառավարությանն անվստահություն հայտնելու գաղափարից, ասել էր, թե «ամեն ինչ էլ հնարավոր է»:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, ի պատասխան հարցին, թե ԱԺ չորս խմբակցություններն արդյոք քննարկո՞ւմ են Կառավարությանն անսվատահություն հայտնելու գաղափարից հրաժարվելու տարբերակը, ասաց. «Ոչ, բացարձակապես, նման բան չի քննարկվում»:
Նա նշեց, թե խորհրդարանական չորս ուժերը շարունակում են բանակցություններ վարել այս հարցով, որովհետև բոլորն էլ սկզբունքային մոտեցում ունեն ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում: «Սկզբունքային մոտեցում կա՝ չորս քաղաքական ուժերը պատրատ են ադ գործընթացը նախաձեռնել»,- ընդգծեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:
Հարցին, թե, ի վերջո, ինչո՞ւ որոշվեց ԱԺ քառօրյա այս նիստում կառավարությանն անվստահություն չհայտնել, հարցը հետաձգել, Լևոն Զուրաբյանը պատասխանեց, թե խմբակցություններն այս հարցում տարաձայնություններ ունեն. «Տարաձայնությունները վերաբերում են միայն խմբագրական, տեքստային խնդիրներին ու թայմինգին, թե ո՞ր պահին է այդ նախաձեռնությունը նպատակահարմար իրագործել: Այս երկու հարցի շուրջ է տարաձայնությունը, իսկ սկզբունքորեն բոլոր խմբակցությունները համաձայն են, որ Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը պետք է արվի»:
Մեր ճշտող հարցին, թե, այնուամենայնիվ, ո՞րն է հիմնական պատճառը, Լևոն Զուրաբյանն ասաց, թե չի կարող խոսել չորս խմբակցությունների անունից, բայց նշեց.
«Մեկը համարում է, որ շուտ է, մեկը համարում է, որ ուշ է: Հիմանական պատճառը կապված է մարտավարության մասին տարբերվող պատկերացումներով: Ես չեմ ցանկանում հիմա բացահայտել տարբերությունները, միայն տեսականորեն կարող եմ ասել: Հնարավոր է փաստարկել, որ պետք է Կառավարությանն անվստահություն հայտնել հիմա, անգամ եթե դա արդյունք չտա, բայց կակտիվացնի հանրային դեբատն այդ ուղղությամբ: Բայց կարելի է բերել նաև համակափաստարկ, որ ավելի լավ է հասունանան քաղաքական պայմանները, պահանջը սրվի և նոր այդ քայլն իրականացվի: Սա տեսական երկու հնարավոր դիրքորոշում է: Այս որոշումների շուրջ պետք է համաձայնության գալ»: