Արմեն Ռուստամյանը չի բացառում, որ խորհրդարանական 4 ուժերն ընդհանրապես հրաժարվեն կառավարությանն անվստահություն հայտնելու գաղափարից

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները որոշել են քառօրյա այս նիստում կառավարությանն անսվստահություն չհայտնել: Թե ի՞նչն է պատճառը, ո՞ր հարցերում մասնավորապես նրանք համաձայնության չեն եկել, խմբակցությունների ներկայացուցիչները չեն հրապարակում:

Խոսակցություններ կան, որ քննարկվում է ոչ միայն  կառավարությանը անվստահություն հայտնելու, այլ ամբողջական իշխանափոխության հարցը, ինչը ՀՅԴ համար։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մեկնաբանելով այդ տեսակետը, նշեց, թե ընդհանուր օրակարգի հետ կապված մոտեցումները համաձայնության ավելի մեծ կարիք ունեն, որի «մակարդակին» ուժերը դեռ չեն հասել, փոխարենը խնդիրը, որպես նպատակ, ձևակերպել են:

«Բոլորի մոտ, իհարկե, իշխանափոխության հետ կապված պատկերացումներ կան, բայց կոնկրետ ինչպե՞ս համաձայնեցնել քայլերի հերթականությունը, մարտավարությունը, ամբողջական օրակարգը, դեռ չկա, սա անելիք պարունակող հարց է և մենք դեռ կաշխատենք այս ուղղությամբ: Բայց խնդիրը որպես այդպիսին դրված է, և բոլոր քննարկումների ժամանակ մի քիչ–մի քիչ մոտենում ենք դրան»,- նշեց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ խորհրդարանական չորս ուժերն ընդհանրապես հրաժարվեն կառավարությանն անվստահություն հայտնելու գաղափարից, Արմեն Ռուստամյանը չբացառեց՝ նշելով. «Դե գիտեք, ամեն ինչ էլ հնարավոր է: Մենք ի սկզբանե մեկ սկզբունքով ենք առաջնորդվել, որ եթե չենք կարողանում հասնել հեռանկարային, ավելի մեծ օրակարգով համաձայնության, դա չպետք է խանգարի, որ կոնկրետ քայլերով, համաձայնեցված, գնանք առաջ: Եվ սա ավելի  շատ աշխատող տարբերակ է: Դաշնակցությունն այս սկզբունքին հավատարիմ է, և մենք համարում ենք, որ սա ավելի պրոդուկտիվ աշխատանքի ձև է, որովհետև դժվար է մեծ օրակարգի շուրջ համաձայնեցնել, կան շատ խնդիրներ»: Նա շեշտեց, որ իրենք միշտ էլ ասել են, թե տարաձայնությունները շատ են, որոնք չպետք է սրվեն:

Կարդացեք նաև

Ռուստամյանի խոսքից պարզ դարձավ նաև, որ ոչ իշխանական չորս խմբակցություններն այսօր համաձայնություն են ձեռք բերել այս քառօրյա նիստում օրակարգ մտցնել ՀԱԿ-ի կողմից Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու և ՀՅԴ-ի կողմից Նաիրիտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջակները: Այս առնչությամբ հետաքրքրվեցինք, թե արդյոք սրանք որևէ կերպ ազդեցություն ունե՞ն Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը հետաձգելու մեջ, արդյոք ոչ իշխանական ուժերը ցանկանո՞ւմ են այս հարցերը ևս ներառել փաստաթղթում՝ նախօրոք իմանալով, որ դրանք ՀՀԿ մեծամասնության կողմից մերժվելու են:

«Հիմա տեսեք, հիմնավորումները գնալով ավելացվում են: Շատ չեմ բացում մեր ներքին խոհանոցը, բայց ասեմ, որ ակնհայտ է, որ այս ընթացքում տեղի են ունեցել և տեղի են ունենալու գործընթացներ, որոնք անընդհատ նոր հարցեր են ավելացնում նույն անվստահության խնդիր հետ կապված: Հիմա, օրինակ, հարցերից մեկը, որը կարող է անվստահության հարցը ամրացնել, կարող է լինել հենց Նաիրիտի խնդիրը, որովհետև մենք այդտեղ տեսնում ենք լուրջ խնդիր: Եվ երբ մենք քննարկումները կանենք հաջորդ շաբաթ, կտեսնեք, որ այդտեղ շատ մութ հարցեր կան, դե հիմա ի՞նչ տարբերություն՝ մութ գազի խնդիր, մութ Որատանի հարց, մութ մյուս խնդիրներ և դրան գումարվում է  Նաիրտիը ու բովանդակությունը մեծանում է: Այսինքն, ժամանակի ընթացքում կառավարության ապաշնորհ գործունեության արդյունքները ավելի ու ավելի են ակնհայտ դառնում, ու ծավալը մեծանում է: Կառավարության անվստահության հարցը որպես անհրաժեշտություն գոյութուն ունի, պարզապես ծավալները փոխելու խնդիր կարող է առաջանալ, որովհետև կան էլի հարցեր, որոնք ավելի են հիմնավորում կառավարության անվստահության խնդիրը և լուծում են այն հարցը, որ լավ, հո մեր նպատակը, ինքնանպատակ կառավարությանն անվստահություն հայտնելը չէ՞. մենք ուզում ենք հասարակությանը իրական գնահատականներ տանք ընդդիմադիր դաշտից բխած»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս