«Եվրամիությունում հասկանում են` որքանով են անհեռանկարային Ռուսաստանի բոլոր նախաձեռնությունները»

Հարցազրույց Եվրամիության (ԵՄ) Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանի հետ

– Շրջանառության մեջ դրված նոր նախագիծը («ԱլԳ 20 կետերը` Վիլնյուսից հետո») կարո՞ղ է որևէ բան փոխել Հայաստան-ԵՄ հարաբերություններում` հատկապես սեպտեմբերի 3-ից և վիլնյուսյան գագաթաժողովից հետո:

– Նախ` պետք է նշեմ, որ այդ փաստաթուղթը դեռ վերջնական որոշում չէ, ընդամենը ուղեկից է, որը տեսնում են ԵՄ մի շարք անդամ երկրներ: Ինձ թվում է` այն դեռ երկար կքննարկվի` մասնավորապես Հայաստանին վերաբերող մասով, որովհետև ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները և՛ ձևաչափի, և՛ բովանդակության առումով հստակ չեն, անորոշ են: Եվ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Հայաստանն այսօր պատրաստ չեն հանգել որևէ վերջնական պայմանավորվածության: Երևի դեռ մի քանի ամիս կպահանջվի:

– Դուք վերջերս մասնակցել եք ԱլԳ քաղաքացիական համաժողովի հերթական նիստին, ինչպիսի՞ն է ԵՄ-ում վերաբերմունքը Հայաստանի հանդեպ:

Կարդացեք նաև

– Գիտեք, շատ բաներ կապված են նրանից, թե ինչպիսին կլինեն հետագա զարգացումները` կախված Եվրասիական միության հետ, որովհետև մենք լսեցինք հայտարարություններ, թե` եթե Հայաստանը միանա Մաքսային միությանը, ապա Հայաստանի փոխարեն` առևտրատնտեսական հարցերով ԵՄ-ի հետ բանակցելու է Մաքսային միությունը: Նույնը վերաբերում է Եվրասիական միությանը, որն արդեն ոչ թե տնտեսական, այլ ավելի շատ քաղաքական միավոր է: Եթե դա տեղի ունենա, ապա կապված քաղաքական օրակարգի հետ` շատ հարցերում ևս ոչ թե Հայաստանն է հարաբերվելու ԵՄ-ի հետ, այլ Եվրասիական միության կառույցները: Բոլորս հասկանում ենք, որ դա Ռուսաստանն է լինելու, նա է Հայաստանի փոխարեն պայմանավորվելու, թե ինչպիսի զարգացումներ կարող են ունենալ ԵՄ-ՀՀ հարաբերությունները:

– Բայց այն համաձայնագիրը` «Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +» ձևաչափով, որը նշված է փաստաթղթում, Հայաստանի հետ են պատրաստվում կնքել, այդպես չէ՞:

– Առայժմ` այո՛, պատկերացումները կամ ցանկություններն այնպիսին են, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ունենա այդ «Գործընկերության և համագործակցության համաձայնագրի» որոշակի շարունակություն, ցանկալի է` ընդլայնված օրակարգով:

Ըստ իս` սրանք ընդամենը բարի ցանկություններ են, քանի որ մինչև վերջերս գործող «Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը» ենթադրում էր շատ սերտ համագործակցություն նաև տնտեսական ոլորտում, ինչն այսօր այլևս հնարավոր չէ: Իմ պատկերացմամբ` եթե դեպի Մաքսային/Եվրասիական միություններ գնալու գործընթացը շարունակվի, ապա մենք կունենանք ոչ թե «պլյուս», այլ «մինուս» ձևակերպումը, այսինքն` համագործակցություն ԵՄ-ի հետ` ավելի նեղ շրջանակներում:

– Հնարավոր համարո՞ւմ եք այն վարկածը, որ Եվրոպան թերահավատ է Մաքսային/Եվրասիական տնտեսական միության կայացման հարցում և այդ հաշվարկով է առաջնորդվում:

– Բնականաբար, երբ Եվրամիությունը մշակում է իր ռազմավարությունը, ամեն դեպքում հենվում է բավական լուրջ ուսումնասիրությունների վրա, իսկ լուրջ ուսումնասիրությունները և Մաքսային միության ու նրա կարգավիճակի հեռանկարներն այնպիսին են, որ այդ կառույցներն ու մոդելները և՛ հիմա արդյունավետ չեն աշխատում, և՛ հետագայում էլ ավելի լուրջ խնդիրների առաջ են կանգնելու: Այնպես որ, թերահավատությունը կա, բայց գործընթացն, այնուամենայնիվ, գնում է, և այդ գործընթացը, անկախ իր արդյունքից, արդեն իսկ խոչընդոտում է Հայաստան-ԵՄ հարաբերություններին:

Սա էլ են հաշվի առնելու, այսինքն` լինելով բավական սկեպտիկ այդ կառույցների ապագայի վերաբերյալ` եվրոպացիները ներկան գնահատում են այնպես, որ դա որոշակի խոչընդոտներ, խնդիրներ է առաջացնում այն երկրների (առաջին հերթին` Հայաստանի) համար, որոնք մասնակցում են այդ անհեռանկար գործըթացին:

– Իսկ այդ «պլյուսն» ի՞նչ դրույթներ կարող է իր մեջ ներառել:

– Երևի ոչ ոք չի կարող բացատրել: Ենթադրվում է, որ ուղղակի այն բարեփոխումները, որոնք իրականացվել են, պիտի խորացվեն, բայց նորից եմ կրկնում` դրանք ընդամենը բարի ցանկություններ են, և իրատեսական չեմ համարում: Այդ «պլյուս», «մինուս», «շտրիխ» և այլ տարբեր տեսակի հավելումները` փաստաթղթի անվանմանը, ընդամենը քաղաքական հնարք են, որպեսզի ցույց տան, թե ինչ-որ զարգացում է տեղի ունենում, և ԵՄ-ի քաղաքականությունն այդ երկրների նկատմամբ նույն տեղում չի դոփում, որովհետև, եթե նույն տեղում է դոփում, ապա ԵՄ անդամ-պետություններին, քաղաքացիներին դժվար է բացատրել, թե դա հաջողված փորձ է, հաջողված նախաձեռնություն է, ուրեմն` արդարացված են այն ծախսերը, որոնք այդ ուղղությամբ կատարվում են:

– Իսկ այն փաստը, որ այս նախաձեռնությանը միացել են Եվրոպայի, այսպես ասած, ծանրքաշայինները` Գերմանիան և Մեծ Բրիտանիան, որևէ բան փոխո՞ւմ է:

– Իհարկե, դա ավելի ազդեցիկ է դարձնում առաջարկը, որովհետև, եթե մնացած անդամ երկրների որևէ առաջարկի տակ չի լինում ձեր ասած «ծանրքաշայինների» ստորագրությունը, ապա դրա ընդունման հավանականությունն ավելի քիչ է: Այնպես որ, մինչև այդ կարգի փաստաթուղթ շրջանառության մեջ դնելը` հեղինակները փորձում են այն համաձայնեցնել և ստանալ խոշոր անդամ երկրների «դաբրոն»:

– Փաստորեն, այժմ խոսքը գնում է «Գործընկերության և համագործակցության համաձայնագրի» մասին, որը դեռ 90-ականների վերջին է կնքվել, արդյոք սա փաստո՞ւմ է, որ Հայաստանի եվրոպական ինտեգրումը մեկ աստիճանով իջնում է:

– Փաստացի, այո՛, այն կարող է անունով այլ կերպ ներկայացվել, բայց եթե հարցերի և ոլորտների շրջանակը, որ ներառված են համագործակցության մեջ, ավելի նեղ է դառնում, ապա սա վկայում է, որ կապերի, հարաբերությունների մակարդակն իջնում է, որքան էլ փորձեն զուտ քաղաքական և PR նպատակներով` այլ կերպ ներկայացնել:

– Սերժ Սարգսյանը դեռ 2013-ի մարտին հավաստիացնում էր, որ «մեզ ոչ ոք չի կանչում Մաքսային միություն», վարչապետի և կառավարության մի շարք անդամների հայտարարություններից ևս կարելի էր միանշանակ եզրակացնել, թե ՄՄ-ին անդամակցելը հավանական չէ: Ի՞նչ եզրակացության եք եկել, Ձեր կարծիքով, ի վերջո, ի՞նչ փոխվեց մինչև սեպտեմբերի 3-ն ընկած կարճ ժամանակահատվածում, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հանկարծ որոշեց հայտարարել ՄՄ-ին միանալու մասին:

– Ամբողջությամբ դժվար է պատկերացնել գործընթացը, բայց կարելի է ենթադրել այդ զարգացման և փոփոխության գործընթացի մի քանի բաղադրիչներ: Նախ` Ռուսաստանը Հայաստանին որպես վերջնագիր չէր ներկայացնում Ասոցացման/ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրերը չստորագրելու պահանջ:

Բայց մենք կարող էինք ենթադրել, որ Ռուսաստանը Հայաստանին հնարավորություն է տալիս մինչև վերջ օգտագործել այդ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները և դրա դիմաց ԵՄ-ից տարբեր աջակցություն, ֆինանսական օգնություն ստանալու հնարավորությունը: Այսինքն` «ինչքան կարող եք` օգտագործեք, հետո կորոշենք, թե` արժի՞ ստորագրեք, թե՞ ոչ»: Այդ պատճառով` համարյա մինչև վերջ ձգեցին, որպեսզի Հայաստանը` որպես գործընկեր երկիր, կարողանա օգուտները ստանալ, բայց երբ հետագայում տեսան, որ արդեն ժամանակն է ինչ-որ լուրջ քայլ կատարել, փաստորեն, Հայաստանի ղեկավարությանը ներկայացրին համապատասխան պահանջ:

Ինձ թվում է` Հայաստանում էլ հիանալի հասկանում էին այդ խաղը, հասկանում էին` երբ էլ Ռուսաստանը ներկայացնի այդ պահանջը, ստիպված կլինեն ենթարկվել: Կարող են լինել նաև այլ մասնավոր պատճառներ, նույնիսկ` շատ կարևոր պատճառներ, բայց դրանց մասին խոսելն իմ կողմից կլինի ընդամենը սպեկուլյացիա և բամբասանք: Ես կարող եմ խոսել միայն այն մասին, որին գրեթե 99 տոկոսով համոզված եմ և պատկերացնում եմ գործընթացը:

– Ի դեպ, ԵՄ-ն այժմ էլ կարծես դեմ չէ աջակցության քաղաքականությանը:

– Իհարկե, արդեն խոսեցինք այն մասին, որ Եվրամիությունում հասկանում են` որքանով են անհեռանկարային Ռուսաստանի բոլոր նախաձեռնությունները: Եվ ինձ թվում է` նույնիսկ Ռուսաստանում են դա հասկանում, պարզապես օգտագործում են` որպես ժամանակավոր մարտավարական քայլեր: Եվրոպայում հասկանում են, որ կգա մի ժամանակ, երբ կարող է բացվել հնարավորությունների նոր պատուհան` Հայաստանի հետ մերձեցման ձևաչափ ստեղծելու և իրականացնելու, և չեն ուզում մինչ այդ պահի գալը լրիվ կտրել հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ:

Եվ դրա դիմաց նույնիսկ պատրաստ են փակել աչքերն այստեղ կատարվող բացասական երևույթների վրա, դա Եվրամիության ավանդական քաղաքականությունն է, որը հիմա նաև բավական լուրջ քննադատության է արժանանում: Սակայն արագ ոչինչ չի փոխվում, առայժմ ամեն ինչ իներցիայով է գնում:

Տեսանյութեր

Լրահոս