
«Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո» (ամբողջական փաստաթուղթ)

Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Եվրամիության անդամ 13 երկրները մշակել են Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված պետությունների հետ համագործակցության շարունակականությանն ուղղված գործողությունների ծրագիր, որը Հայաստանում արդեն իսկ ստացել է «Եվրոպական փափեթ» անվանումը: Ինչպես հաղորդել էր «Ազատություն» ռ/կ-ն, այդ փաստաթուղթը բաղկացած է 20 կետերից: Իրականում փաստաթուղթը հենց այդպես էլ կոչվում է՝ «Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»:
Բրյուսելյան մեր գործընկերները մեզ տրամադրեցին այս փաստաթղթի պաշտոնական, սակայն աշխատանքային տարբերակը, որը բավական հետաքրքրական է և, ըստ էության, ուրվագծում է Եվրոպայի քաղաքականությունը Եվրամիությունից արևելք ընկած երկրների առնչությամբ: Այն բավական ուշագրավ կետեր է պարունակում՝ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, բացի այդ, հատկանշական է` անվտանգության և էներգետիկ ոլորտներում Արևելյան գործընկերության երկրներին Եվրամիության աջակցության առումով:
«20 կետերը» հաստատվել են 2014 թ. փերվարի 6-ին և քննարկվել փետրվարի 10-ին` Եվրոպական միության խորհրդի նիստում, սակայն պաշտոնապես չեն հրապարակվել:
Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես 2009 թվականից մասնակցում է ԵՄ-ի Արևելյան գործընկերություն ծրագրին, ծրագրի մյուս անդամներն են Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան, Ադրբեջանը և Բելառուսը:
Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Լիտվայի մայրաքաղաքում գումարվեց Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովը, որտեղ Հայաստանը, Վրաստանը և Մոլդովան պետք է նախաստորագրեին, իսկ Ուկրաինան` ստորագրեր Եվրամիության հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը, սակայն, ինչպես հայտնի է, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հայտարարել էր Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին, ինչից հետո Ասոցացման պայմանագրի նախաստորագրման գործընթացն, ըստ էության, կասեցվեց:
Ասոցացման պայմանագրի ստորագրման գործըթնացը վիլնյուսյան գագաթաժողովից ընդամենը մեկ շաբաթ առաջ սառեցրեց նաև Ուկրաինայի կառավարությունը: Միայն Մոլդովան և Վրաստանը Վիլնյուսում ԵՄ-ի հետ նախաստորագրեցին սույն համաձայնագիրը: Նկատենք, որ փաստաթղթում ընդամենը մեկ կետ է վերաբերում կոնկրետ Հայաստանին: Դրա համաձայն` ԵՄ-ն պատրաստվում է համագործակցության նոր, տարբերակված համաձայնագիր մշակել Հայաստանի հետ:
Եվրոպական փաստաթուղթը, որը հաստատել են ԵՄ անդամ 13 պետությունները` Բուլղարիան, Չեխիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Շվեդիան, Սլովակիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Արևելյան գործընկերության 20 կետերը` Վիլնյուսից հետո»
Ուժեղացնել տեսլականը
1. Ավելացնել աջակցությունը Արևելյան գործընկեր երկրներում այնպիսի ծրագրով, ինչպիսին «Միասին ավելի ուժեղ ենք»-ն է` հատկապես տարածելով տեղեկություններ Արևելյան գործընկերության (այսուհետ` ԱԳ,- խմբ.) մասին և պատասխանելով ապատեղեկատվությանը` այդ թվում հանրային դիվանագիտության փորձագետների միջոցով:
2. Բացատրել Ասոցացման/ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի և Արևելյան գործընկերությանը մասնակցելու տնտեսական և այլ շահերը: Օժանդակել ու առաջ քաշել այն ուսումնասիրությունները, որոնք բացատրում են ԱԳ-ից երկարաժամկետ հեռանկարում ստացվելիք օգուտները, այդ թվում` բացատրել դրանց հնարավոր ազդեցությունը Ռուսաստանի և Մաքսային/Եվրասիական տնտեսական միության վրա, և հերքել կորուստների մասին չհիմնավորված հայտարարությունները:
3. Ավելացնել շփումներն ԱԳ երկրների հասարակությունների բոլոր խավերի հետ` այցելությունների, սեմինարների միջոցով, ցանկալի է ներգրավել նաև նրանց, ովքեր դեռևս համոզված չեն ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների դեպքում օգուտների մեջ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ազգային փոքրամասնությունների և հեռավոր շրջանների վրա:
Կարգավորել և ընդլայնել համագործակցությունը
4. Պահպանել ԱԳ հայեցակարգն ու առաջարկը, միաժամանակ շարունակել խրախուսել բարեփոխումները` հաշվի առնելով տվյալ երկրի առանձնահատկությունները և հանգամանքները:
5. Արագացնել այն ընթացակարգերը, որոնք թույլ կտան Մոլդովայի և Վրաստանի հետ Ասոցացման/ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերը ստորագրել որքան հնարավոր է` շուտ` 2014 թ. օգոստոսից ոչ ուշ, աջակցել այս գործընկերներին` Ասոցացման/ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի ժամանակավոր կիրառման գործընթացում:
6. Խրախուսել ԱԳ-ի առաջատար երկրներին` կիրառելով «ավելին` ավելիի դիմաց» հայեցակարգը` այդ թվում` կարևորելով ԵՄ-ի կողմից լրացուցիչ ֆինանսավորումը` գոյություն ունեցող գործիքների և այժմյան երկարամյա ֆինանսական ծրագրի շրջանակներում:
7. Բացի Ասոցացման/ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերից` սկսել քննարկել, այսպես կոչված, «Եվրոպական փաթեթը», որը կենտրոնանում է տեղաշարժի, վիզաների, ուսանողների փոխանակման, ինչպես նաև Եվրոպական միության համայնքային ծրագրերում և գործակալությունների աշխատանքում Արևելյան գործընկերության երկրների ավելի շատ մասնակցության վրա:
8. Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ` զարգացնել Միասնական տնտեսական տարածքի մոդել, որը կնպաստի նաև երկարաժամկետ նպատակին` ավելի լայն միասնական տնտեսական տարածքի բարեկեցությանը, ինչպես նշված է Վիլնյուսյան հռչակագրում:
9. Մշակել տարբերակված հայեցակարգ («Գործընկերության և համագործակցության համաձայնագիր +») ԱԳ ավելի քիչ հավակնոտ երկրների (առաջին հերթին` Հայաստանի) համար:
10. Ավելացնել քաղաքական երկխոսությունը գործընկեր երկրների հետ` ավելի լայն խնդիրների հետ կապված, ինչպիսին, ի թիվս այլոց, ավելի լայն հարևանությունն է, և ուսումնասիրել անվտանգության քաղաքականության դաշտում համագործակցության հնարավորությունները` ներառելով Արտաքին գործերի խորհրդի եզրակացություններն Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) վերաբերյալ:
11. Մշակել բազմակողմանի ձևաչափ` ԱԳ-ի համար, ապահովել նախարարների մակարդակով հանդիպումների պարբերականությունը:
Աջակցել գործընկեր երկրների զարգացմանը
12. Երաշխավորել, որ ԵՄ-ից բարձր մակարդակի այցեր կլինեն Մոլդովա և Վրաստան` Ասոցացման/ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի` շուտ ստորագրման վերաբերյալ հստակ հավաստիացումներով:
13. Շարունակել շփումներն Ուկրաինայի հետ լայն քաղաքական օրակարգով և կարգավորել ԵՄ քաղաքականությունը` Ուկրաինայում զարգացումների լույսի ներքո:
14. Մոլդովայի համար պատրաստել հստակ, լավ կազմակերպված և անվտանգ առանց վիզաների ռեժիմ:
15. Օգնել գործընկեր երկրներին` նվազեցնելու էներգետիկ կախվածությունը և բարելավել մրցակցունակությունը` օրինակ, վերջերս ընդլայնված` Արևելյան Եվրոպայի հետ Էներգետիկ արդյունավետության և շրջակա միջավայրի համագործակցության ծրագրի (E5P) միջոցով:
16. Կիրառել ԵՄ ներկայիս գործիքները` ԱԳ երկրներում քաղաքացիական հասարակություններին և արմատական բարեփոխումներին, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և ինստիտուցիոնալ բարեփոխումներին աջակցելու նպատակով:
17. Ռուսաստանի հետ սկսել հանգամանալից, բաց և անկեղծ երկխոսություն` Եվրոպային ինտեգրվելու հարցերի շուրջ: Միևնույն ժամանակ, ընդգծել, որ ԱԳ երկրների նկատմամբ Ռուսաստանի պատժիչ և սպառնալից գործելակերպն անընդունելի է:
18. Բարձրացնել պատրաստության մակարդակը, որպեսզի հետագայում հնարավոր լինի դիմակայել ԱԳ առաջատարների նկատմամբ ներքին և արտաքին այնպիսի վտանգներին կամ գործողություններին, ինչպիսիք են առևտրային էմբարգոները, ներգաղթյալների սահմանափակումները, հակամարտությունների գոտում լարվածության ավելացումը և այլն: Այսպիսի հնարավոր գործողություններին ԵՄ-ի համակարգված պատասխանը չափազանց կարևոր է:
19. Ոչ պաշտոնական կապերի միջոցով, ինչպես նաև դրական ուշադրությամբ և մոտ ապագայում կայանալիք միջոցառումների (Բելառուս` Հոկեյի աշխարհի առաջնություն, Ադրբեջան` նախագահություն Եվրոպայի խորհրդում, 2014-ի մայիս-նոյեմբեր) օգնությամբ Ադրբեջանին և Բելառուսին համոզել, որպեսզի դրական քայլեր կատարեն քաղաքական բանտարկյալների խնդրի ուղղությամբ, որպեսզի կարողանան բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ:
20. Մեծացնել ԵՄ-ի դերակատարությունը երկարաձգվող հակամարտությունների կարգավորման գործում, այդ թվում` ԵՄ-ի կարևոր խաղացողների մշակված համաձայնության միջոցով: Ասոցացման/Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի իրականացումն օգտագործել Քիշնևի/Թբիլիսիի հարաբերություններն այդ երկրների անջատողական շրջանների հետ կապերն ամրապնդելու համար, ինչպես նաև մշակել խթաններ փոխադարձ շփման համար: