Բակունցի արշավախումբը
Ակսել Բակունցի կյանքին առնչվող հետաքրքիր մի դրվագ վրիպել է ուսումնասիրողների ուշադրությունից, մինչդեռ իր ժամանակին դրան մեծ կարևորություն է տրվել` թե՛ իր բացառիկության, և թե՛ ակնկալիքների առումով: Խոսքը մեծ գրողի մի «ոչ գրական» առաքելության մասին է: Բանն այն է, որ 1928 թվականի ամռանը Բակունցին հանձնարարվել էր գլխավորել գիտական արշավախումբ:
Սա տարօրինակ պիտի թվա` ընդամենը առաջին հայացքից: Իրականում այդ օրերին Բակունցը Հողժողկոմատի Հողվարչության պետի տեղակալն էր, ճանաչված ու հմուտ գյուղատնտես և միաժամանակ աշխատակցում էր «Մաճկալ» թերթին: 1920-ականներին նման բարձրակարգ մասնագետ Հայաստանում քիչ կգտնվեր: Այդ պատճառով էլ ընտրության հարցում իշխանությունները չէին սխալվել: Նույն օրերին «Խորհրդային Հայաստան» թերթում մի հակիրճ տեղեկություն տպագրվեց սպասվելիք արշավի մասին.
«Գյուղատնտեսների էքսկուրսիան` դեպի Արագած
Հողժողկոմատի տեղկոմը և «Մաճկալի» Գյուղատնտեսական բաժինը գյուղատնտես ընկեր Ակսել Բակունցի ղեկավարությամբ գիտական նպատակներով կազմակերպել է մի արշավախումբ դեպի Արագածի գագաթը: Արշավախումբը բաղկացած է 12 հոգուց, մեծ մասամբ` գյուղատնտեսներ: Երևանից դուրս է գալիս այսօր, առ. ժամը 5-ին, դեպի Բյուրական` մեքենայով, իսկ այնտեղից ճանապարհը շարունակելու են ձիով և ոտքով: Արշավախումբն ուսումնասիրելու է Արագածի ամենաբարձր լանջերին գտնվող եզդիների օբաները և արոտավայրերը, իսկ վերադարձին` Արթիկի տուֆը»:
«Խորհրդային Հայաստան», 12.8.1928 թ.:
Այս կարճ լրատվությունն ամեն դեպքում բավականին հագեցած էր` ծրագրերի մասին նախնական պատկերացում կազմելու համար: Գաղտնիք չէ, որ այդ տարիներին Արագածի ալպյան գոտու ռեսուրսները` խոտհարքերն ու արոտավայրերը, ինչպես նաև` ջրային պաշարները մնում էին չօգտագործված, մինչդեռ լեռնային, քարքարոտ երկրի համար դրանք անգնահատելի արժեք էին ներկայացնում: Եվ, իհարկե, առանձնակի ուշադրության էր արժանի տուֆի հանքերի մասին ակնարկը:
Այդ հանքերը դեռ նոր պիտի ներկայանային իրենց ողջ հարստությամբ` իբրև շինաքարի ամենանախընտրելի և անսպառ պաշար Հայաստանի համար, իսկ մեկ տարի առաջ Լենինականում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքների ֆոնի վրա խնդրի հրատապ լուծումը հատկապես հրամայական էր դառնում:
Բակունցի և նրա գործընկերների մեկնումից տասն օր անց հրապարակվում է երկրորդ հաղորդագրությունը: Այն հայտնում էր, որ «Հողժողկոմատի նախաձեռնած էքսկուրսիան` գյուղատնտես Ակսել Բակունցի ղեկավարությամբ, վերադարձավ Արագածից»:
Այնուհետև ասվում էր. «Էքսպեդիցիան բաղկացած էր 15 հոգուց, մեծ մասամբ` գյուղատնտեսներից: Երևանից դուրս գալով ամսի 9-ի գիշերը, Ապարանի կողմից (Ղազնաֆարով) էքսպեդիցիան բարձրացել է Արագածը: Խմբից 12 հոգի հոգնածության պատճառով, գյուղատնտես Արամ Մելքոնյանի ղեկավարությամբ, միջին օբաներից ցած են իջել ու վերադարձել, իսկ ագրոնոմներ Ակսել Բակունցը, Ալիսը և մի հողաշինարար գիտական պարագաներով բարձրացել են Արագածի երկու բարձր գագաթները, 2 գիշեր մնացել են այնտեղ, ապա անցնելով Լենինականի լանջերը` իրենց ուսումնասիրությունը շարունակել են ու ամսի 15-ին Լենինականով վերադարձել»:
Արշավախմբի անակնկալ տրոհումը` հոգնածության պատճառաբանությամբ, անկեղծ ասած` այնքան էլ վստահություն չի ներշնչում: Թերևս նրանց վաղաժամ վերադարձի համար այլ խնդիրներ էին ծագել, հակառակ պարագայում ողջ արշավը կարելի էր ձախողված համարել, և նրանց կմիանային ինչպես` Բակունցը, այնպես էլ` Ալիս կեղծանունով` Բակունցի օգնական և «Մաճկալի» թղթակից Ալեքսանդր Մարգարյանը: Սակայն նրանք ոչ միայն շարունակել էին արշավը, այլև բարեհաջող ավարտին հասցրել` ներկայացնելով արժեքավոր տեղեկություններ ու դիտարկումներ իրենց երթուղու բոլոր հատվածներից:
Հաշվետվությունը, որն այնուհետև ներկայացվեց իշխանություններին, բավականին ընդարձակ էր: Եթե շարադրելու լինենք այդ փաստաթղթի բովանդակության առավել հատկանշական հատվածները, ապա նեղ մասնագիտական զանազան տվյալների ու առաջարկների շարքում Բակունցն ու ընկերները նախ գրում էին, որ Արագածի արոտատեղիները նպատակահարմար եղանակով չէին օգտագործվում: «Արագածի ամենաբարձր լանջերի մի դեսյատինի արոտատեղի վրա արածում են միջին հաշվով 0,5-ական խոշոր անասուն կամ 2 ոչխար, մինչդեռ 14000 ֆուտ բարձրության վրա անգամ կան բնական երեքնուկ, կորնգան և բազմաթիվ հացազգի բույսեր:
Նույն բարձրության վրա գտնվում են նույնիսկ բզեզներ և վայրի մեղուներ, որոնք գրավական են թիթեռնածաղիկների բեղմնավորման ու բազմացման համար»,- ասված էր հաշվետվությունում:
Էքսպեդիցիան ուսումնասիրել էր նաև օբաների խաշնարածների կոլեկտիվացման խնդիրը և գտել, որ այդ հարցի լուծումն էլ շատ դժվարությունների չի կարող հանդիպել, քանի որ «նրանց մեջ արդեն արմատացած կան մի շարք կոլեկտիվ մոմենտներ, որպիսիք են` ցուլի ու ղոչի ընդհանուր լինելը, անասուններին ընդհանուր արածացնելը, կաթի խաբ տալը (փոխ տալ) և պանիրն ընդհանուր կաթսայում եփելը: Հարկավոր է միայն կազմակերպչորեն նրանց ձևավորել և այդ աշխատանքները տանել այնպես, որպեսզի ոչ թե ունևրորներն օգտվեն, ինչպես եղել է մինչև այժմ, այլ չքավորները համախմբվեն ուժեղ տնտեսության մեջ»:
Ամփոփիչ հատվածում տեղ էր գտել այսպիսի մի առաջարկ. «Որովհետև Արագածը շատ մեծ ուսումնասիրության կարիք ունի, էքսպեդիցիան կարծում է, որ նպատակահարմար կլիներ, եթե Հողժողկոմատը կամ տուրիստական ընկերությունը մի փոքր, բայց ամուր տնակ կառուցեր Արագածի գագաթի մոտ, որը զգալի չափով կնպաստեր զանազան էքսպեդիցիաների աշխատանքին»:
Դեպքերից առաջ ընկնելով` ասենք, որ արշավախմբի ցանկություններից այս մեկն իրականություն դարձավ շատ արագ: Մի քանի ամիս անց հրապարակված հաղորդագրությունը տեղեկացնում էր. «Էքսկուրսիոն բազա Արագածի ստորոտում.- Բացի Երևանում, Ալլահվերդիում, Լենինականում և Սևանի կղզու վրա կազմակերպվելիք էքսկուրսիոն բազաներից` բազա է հիմնվելու նաև Արագածի ստորոտում: Բազաներում արվելու են գիշերելու հարմարություններ և տաք ջուր (սնունդ չի տրվելու)»:
Սակայն վերադառնանք արշավախմբի ծրագրերից գլխավորին` տուֆի հանքավայրերի ուսումնասիրմանը: Այս հանգամանքը կարևոր է թեկուզ այն պատճառով, որ տարիներ շարունակ ընդունված է եղել Արթիկի հանքերի հետախուզական աշխատանքների գլխավոր դերակատարներ համարել օտար մասնագետներին` երկրաբաններ Պ. Լեբեդևին, Բ. Զալեսկիին, Վ. Պետրովին, Ագ Իվանչին-Պիսարևին, ազգությամբ հայ, բայց Ռուսաստանում ծնված Դավիթ Չիսլիևին: Սակայն որևէ անգամ չի հիշատակվել Բակունցի արշավախմբի առաքելության նշանակությունը:
Իսկ մի՞թե պատահականություն կարելի էր համարել այն փաստը, որ 1928-ի օգոստոսից հետո արմատապես փոխվեց պատկան մարմինների և հատկապես Մոսկվայի վերաբերմունքը հանքավայրը լայնորեն շահագործելու և այդ նպատակի համար միջոցներ հատկացնելու գործում: Այն օրերի թերթերը նույնիսկ հաղորդեցին, թե ինչպես Մոսկվայում կառուցվում էր առաջին փորձնական բնակարանն Արթիկի տուֆից:
Հայկական տուֆն իր գործնական կիրառումը գտավ նա Մոսկվայում թեթև արդյունաբերության ժողկոմատի, «Գրքի տան» շինարարության, ինչպես նաև` բնակելի այլ շենքերի կառուցման ժամանակգ Դրանից հետո տուֆն օգտագործվեց ԽՍՀՄ Կենտգործկոմի` Սինոպում տնտեսական վարչության հանգստյան տան և ԽՍՀՄ Կենտգործկոմի Սևծովյան առափնյա գոտում շենքերի կառուցման ժամանակգ 1929-ի մայիսին հայտնի դարձավ, որ ԽՍՀՄ Հանքագիտության ինստիտուտը ձեռնարկում է Արագածի շրջանում Արթիկի տուֆային լավային հետազոտությունը: Հետազոտությանը հատկացված էր 100.000 ռուբլի: Մեծ քանակությամբ շինանյութ Ռուսաստան առաքելու հետ մեկտեղ` Հայաստանն էլ անմասն չէր մնում այդ պաշարից:
Իսկ ի՞նչ պատահեց գրող Ակսել Բակունցին: Մի՞թե նրա կարճատև, բայց հագեցած ուղևորությունն այդպես էլ որևէ անդրադարձ չունեցավ գրողի ստեղծագործական էջերում: Իբրև այս հարցի պատասխան` մենք կարող ենք միայն ենթադրություններ անել: Օրինակ, կարելի է վերհիշել նրա հանրահայտ գործերից մեկը` «Մուրոյի «զրուցը», որը սկսվում է այսպիսի գաղտնազերծող տողերով. «Երկրորդ օրն էր` Մաղդայում էինք` Ալագյազի լանջի ամենաբարձր գյուղերից մեկում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի դաշտըգ»: Կամ կարելի է մտաբերել, թե ինչպես 1935 թվականին «Հայկինոն» տեղեկացրեց այն մասին, որ սկսվել են «Արագած» պայմանական անունը կրող հնչյունային ֆիլմի նկարահանման աշխատանքները: Սցենարի հեղինակն Ակսել Բակունցն էր:
Ավելի հետևողական պրպտումները, թերևս, նոր փաստեր էլ ի հայտ բերեն: Մի բան կասկածից վեր է. ինչպես որ կենսափորձն ու տպավորություններն են իրենց հետքը թողնում հոգևոր արժեքների վրա, այնպես էլ մտավորականի կերպարն է ամբողջանում նրա կյանքի բոլոր դրսևորումներով: Եվ այդ իմաստով` դեպի Արագած ճամփորդությունը պիտի դիտվի Բակունցի կենսագրության նշանակալի դրվագներից մեկը:
«168 ԺԱՄ»