Թեժ քննարկում ԱԺ-ում. ԱՊՀ-ն էլ կքանդվի, Մաքսային միությունն էլ, ամեն ինչ կգա իր տեղը (տեսանյութ)
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննարկեց «2011 թվականի հոկտեմբերի 18-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Վտանգավոր արտադրական օբյեկտներում արդյունաբերական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» 2001 թվականի սեպտեմբերի 28-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը: Նախկինում կնքված համաձայնագրերում փոփոխություններ իրականացնելուն ուղղված քայլերը հավանության չարժանացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ համարելով, որ օրենքում կատարվող փոփոխությունները քայլ են՝ դեպի Խորհրդային Միություն:
«Անկեղծ ասած՝ խոսքը ոչ միայն ձեր ոլորտի, այլև՝ մինչև անգամ գրադարանային ոլորտի համագործակցության մասին է. փոփոխություններ են տեղի ունենում, որոնց պատճառահետևանքային կապն առաջին հայացքից՝ այդքան էլ հասկանալի չէ: Ինչո՞ւ են անհրաժեշտ այս փոփոխությունները: Տպավորությունս այնպիսին է, որ ԱՊՀ շրջանակներում տեղի է ունենում մի գործընթաց, որ այս համաձայնագրերի շրջանակներում ստեղծվում են Սովետական Միության նախարարություններ հիշեցնող կառույցներ: Տպավորություն է, որ ԱՊՀ գործադիր կոմիտեն ЦК КПСС-ն է… այսօր մամուլում կարդացի, որ ОРТ-ով պարզ հայտարարեցին, որ մենք վերադառնում ենք դեպի Սովետական Միություն: Իմ տպավորությունն էլ հենց այս շրջանակում է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ պատգամավոր, հարակից զեկուցող Ալեքսանդր Արզումանյանն էլ ասաց, թե նախագիծը «նորմալ բան է, պետք է վավերացնել, 10 տարի գործել է, հիմա շտկումներ են արվում»: Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի տեսակետներին, ապա Ալ. Արզումանյանն ասաց. «Քանի որ պարոն Գեղամյանը փարատեց մեր կասկածները, որ Խորհրդային Միությունը չի վերականգնվելու՝ ասեմ, որ ԱՊՀ շրջանակներում ստորագրվել է 1000-ից ավելի փաստաթուղթ, Սովետը քանդելուց հետո եղել է ամբիցիոզ ծրագիր, որ գործունեության իմիտացիա լինի« ու այդ ժամանակ ինչ ասես՝ ստորագրվում էր: Պարզվում էր, որ չմտածված են ստորագրել, շատ դեպքերում հին տեղեկատվություն է օգտագործվել, ուստի շտկումների անհրաժեշտությունը մշտապես կա: Վստահ եմ, որ ԱՊՀ-ն էլ կքանդվի, Մաքսային միությունն էլ, ամեն ինչ կգա իր տեղը»:
Վերջինիս հակադարձեց Արտաշես Գեղամյանը՝ չհամաձայնելով Արզումանյանի այն տեսակետին, թե ԱՊՀ-ն, ՄՄ-ն կքանդվեն: Նա հիշեցրեց, որ Հայաստանը կարող է լինել երկու կառույցների՝ Եվրամիության և Եվրասիական միության միջև կապող օղակ, կամուրջ: «Սրա մասին ասաց Ռոնդոյը, Բարոզուն, Պուտինն էլ հավանության արժանացրեց այդ գաղափարը»,- նշեց Գեղամյանը:
«Փաստորեն, ծովից ծով Հայաստան ենք ստեղծում, հա՞»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
Գեղամյանն էլ ավելացրեց. «Մենք կապող կամուրջն ենք լինելու…»:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Արտակ Զաքարյանն էլ կատակեց՝ ասելով. «Դա մեր արտաքին քաղաքականության նպատակներից մեկն է»:
Նիկոլ Փաշինյանն էլ շարունակեց, թե վերջին շրջանում ԱՊՀ շրջանակների հետ կապված համաձայնագրերում լրացումներ են կատարվում , որոնց անհրաժեշտությունը չկա: «Խոսվում է կառավարման մարմինների բարեփոխման մասին: Իմ տպավորությամբ՝ կառավարման մարմինները ոչ միայն ուժեղացվում են, այլև՝ ԱՊՀ շրջանակներում ստեղծվում է իրավական բուրգ, ստանում է բոլորովին ուրիշ իմաստ: Գրած է, որ մենք ունենք մի մարմին, որը, ինչպես հիմնական զեկուցողն ասաց, ուժեղացվում է, ստանում է բրգաձև կառույց, որի մեջ ձևավորվում են սուբորդինացիոն հարաբերություններ տարբեր մարմինների միջև և այստեղ այլևս հորիզոնական հարաբերությունների մասին խոսք չի գնում: Տպավորություն է, որ նախկին Սովետական Միության կառույցների անունն է միայն փոխվում, ասենք՝ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն դառնում է ԱՊՀ գործադիր կոմիտե»,- նկատեց Փաշինյանը:
Ալեքսանդր Արզումանյանն էլ ուղղեց Փաշինյանին՝ կատակելով, թե ԱՊՀ գործադիր կոմիտեն ԱՊՀ բյուրոն է: «Կներեք, ես մեծ գիտակ չեմ սովետական կառավարման համակարգի, բայց տպավորությունս այսպիսին է»,- արձագանքեց ՀԱԿ պատգամավորը: Արզումանյանն էլ հակադարձեց՝ «Թշնամուն պետք է ճանաչել»:
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև Ալ. Արզումյանի կանխատեսումներին, թե ՄՄ-ն և ԱՊՀ-ն քանդվելու են, և Արտաշես Գեղամյանի հավաստիացումներին, թե Խորհրդային Միությունը չի վերականգնվում: «Դրանք թույլ չտալու համար նման փաստաթղթերը պետք է ուղղակի չվավերացնել: Սովետական Միությունը, իհարկե, չի կարող վերականգնվել: Մեր մտահոգությունը նա է, որ կստեղծվի մի բան, որը չի ունենա Սովետական Միության այն դրական կողմերը, որոնք բոլորիս հայտնի են, և կունենա բոլոր այն բացասական կողմերը, որոնք բոլորիս հայտնի են: Եվ Հայաստանի կառավարությունն այս կառույցի ստվերի տակ կկորցնի իր ինքնիշխանությունը»,- ասաց նա:
Արզումանյանն էլ ընդգծեց. «Չստացվի, որ Խորհրդային Միությունն եմ հիմա ջատագովում, չէ… բայց մենք մեկուսացված երկիր չենք, կան տարբեր ֆորմատներ, որոնք պրոդուկցիա են տալիս՝ լավ թե վատ: Կարող են լինել հիմարություններ, կարող են լինել վեհաժողովներ… ԱՊՀ շրջանակներում ստորագրված պայմանագրերի մեծ մասը միջազգային հարցեր կարգավորող համաձայնագրեր են և ենթակա են կարգավորման»: