Ղարաբաղյան հակամարտության կողմերից որևէ մեկը չունի խաղաղության ռազմավարություն

Հարցազրույց Լոնդոնի «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resources) խաղաղասիրական կազմակերպության Կովկասյան ծրագրի աջակից, ղարաբաղյան հիմնախնդրին քաջածանոթ քաղաքագետ Լոուրենս Բրոերսի հետ

– Հունվարի լույս 20-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կրկին լարված վիճակ էր. ադրբեջանական ուժերն իրականացրեցին հերթական դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով զոհվեց հայ զինծառայող: Ի՞նչ գնահատական կտաք այս միջադեպին:

– Զինադադարի խախտումը հակամարտությունն օրակարգում պահելու և հասարակության աչքը դրա վրա ուղղելու ամենահեշտ ձևն է: Ուստի սա, այսպես ասած, «բազմաձայն ազդանշանի» պես մի բան է, որն անընդհատ ուղարկվում է. միջազգային հանրության համար ազդանշան է, որ խաղաղության գործընթացի նոր փուլ է սկսվել, բացի այդ, սա նաև ամրապնդում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահների կարգավիճակն ու լեգիտիմությունը միջազգային դիվանագիտական շրջանակներում: Իսկ ներքին լսարանների համար նրանք ձգտում են պահպանել հակամարտությունը և վտանգի զգացումը, և այս տեսակի միջադեպերը նախընտրելի միջոց են դրա համար:

Վերջին տարիներին շփման գիծը դարձել է «բեմահարթակ», վատ լուրերի և լարվածության աղբյուր, ինչը ներքին լսարանների աչքում ստվերում է այն ամենն, ինչ տեղի է ունենում խաղաղության գործընթացում:

Կարդացեք նաև

– Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ նման սադրիչ գործողություններով Ադրբեջանը ցանկանում է խոչընդոտել բանակցային գործընթացը, և ավելացրել, որ չնայած դրան` պետք է շարունակել բանակցել, քանի որ «բանակցություններին այլընտրանք չկա»: Ձեր կարծիքով` սա ճի՞շտ քաղաքականություն է: Արդյոք Հայաստանն ավելի կոշտ դիրքորոշում չպե՞տք է որդեգրի նման միջադեպերից հետո:

– Իհարկե, այսպիսի դեպքը բանակցությունների համար անբարենպաստ մթնոլորտ է ստեղծում, բայց ես Հայաստանի համար այլընտրանք չեմ տեսնում: Իմ կարծիքով` պետք է ուժեղանա միջազգային ճնշումը և լոբբինգը, որպեսզի շփման գծում մոնիտորինգային ենթակառուցվածքներն ավելի շատ լինեն: Սա չափազանց կարևոր է` հնարավոր էսկալացիան վերահսկելու առումով, որովհետև, եթե հակառակ կողմը սխալ ընկալի իրավիճակը և սխալ համոզմունք ձևավորի, դա վտանգավոր ազդեցություն կարող է ունենալ շփման գծի վրա: Այդ պատճառով զգուշացման համակարգերը և միջադեպերի հետաքննությունը խիստ անհրաժեշտ են:

Ճնշում պետք է գործադրեն նաև Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները, որոնք այս իրավիճակի գլխավոր մեղավորներն են, այն առումով, որ զինվորներ են մատակարարում և ապրում են անվտանգության հարատև բացակայության պայմաններում:

– Ըստ Ձեզ` ի՞նչը կարող է ստիպել Ադրբեջանին` մեղմելու ագրեսիան:

– Եթե այդ հարցին նայեք Ադրբեջանի տեսանկյունից, նման միջադեպերն Ադրբեջանի համար ստատուս-քվոն խարխլելու և հակամարտությունը միջազգային օրակարգում պահելու հիմնական ճանապարհն են: Ուստի սա ռացիոնալ է այն կողմի համար, որը դժգոհ է ստատուս-քվոյից և իրավիճակը փոխելու այլ տարբերակ չի տեսնում:

Այս իրավիճակը փոխելու մոտեցումներից մեկը կարող է լինել այն, որ կողմերը սկսեն Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե սահմանին կառուցել փոխադարձ վստահության բաժանարարներ: Իհարկե, այդ նախաձեռնությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ` միջադեպերի և դժբախտ պատահարների պատճառով, բայց այս համատեքստում սա կարող է ցույց տալ երկու կողմերի օգուտները, ինչն այնքան քաղաքականացված չէ, որքան դե ֆակտո սահմանը:

– Դուք նշեցիք, թե զինադադարի խախտումները երկու կողմերին օգնում են հակամարտությունը պահել օրակարգում, ինչը, Ձեր խոսքերով, ամրապնդում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կարգավիճակն ու լեգիտիմությունը: Սակայն զինադադարի խախտումները և դիվերսիոն հարձակումները գլխավորապես Ադրբեջանի կողմից են, այսինքն` Ադրբեջանն է միշտ նախահարձակ լինում, հետևաբար` ադրբեջանական կողմն է շփման գծում մարդկանց մահվան պատասխանատուն: Չե՞ք կարծում, որ հայկական և ադրբեջանական կողմերն այս առումով հավասար չեն:

– Ես հասկանում եմ, թե Դուք ինչ նկատի ունեք, բայց այս տեսակետն ապացուցելու միակ ճանապարհն այն է, որ հայկական կողմը հանդես գա միակողմանի նախաձեռնությամբ, օրինակ` նշված տարածքից հետ քաշի դիպուկահարներին: Վերջին տարիներին Ադրբեջանը նույնպես բազմաթիվ մարդկային կորուստներ է ունեցել, և կարծում եմ` միգուցե ցանկալի է կարծելը, թե շփման գծում բոլոր խնդիրների մեղավորն Ադրբեջանն է:

Ես գիտեմ, որ հայ հասարակությունը չի ցանկանում սա լսել, բայց շարունակական օկուպացիան նույնպես ուժի կիրառման հաստատում է:

Այս հակամարտության բոլոր կողմերը դեռևս պատերազմական ռազմավարության կողմնակից են, որևէ մեկը խաղաղության ռազմավարություն չունի: Բայց իրականում երկուսն էլ ունեն դրա կարիքը. նկատի ունեմ արդյունավետ անվտանգության ռազմավարությունը (որը կապահովի և՛ հայ, և՛ ադրբեջանական քաղաքացիների անվտանգությունը) և խաղաղության ռազմավարությունը` նրանց հարաբերությունները վերափոխելու համար:

Տեսանյութեր

Լրահոս