Ուկրաինայի դասերը

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրյուսելում հայտարարել է, որ Ռուսաստանը չի նախաձեռնի Ուկրաինայի հետ վարկային ու գազային պայմանավորվածությունների վերանայում, եթե իշխանության գա ընդդիմությունը: Նա ասել է, որ Ուկրաինային հատկացված վարկը և ռուսական գազի գնի զեղչը կպահպանվեն` անկախ նրանից, թե Կիևում ով կլինի իշխանության ղեկին:

Ըստ Պուտինի` այդ վարկով ու գազի գնի զեղչով Ռուսաստանն աջակցում է Ուկրաինայի ժողովրդին և ոչ թե` կոնկրետ կառավարությանը: Երեկ էլ Պուտինը կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հանձնարարել է ամբողջովին իրագործել Ուկրաինայի հետ ձեռք բերված ֆինանսական և էներգետիկ պայմանավորվածությունները: Պուտինի այս հայտարարությունները շատերն արդեն իսկ գնահատել են` որպես Ուկրաինայում ռուսական քաղաքականության պարտությունն ընդունելու և «Յանուկովիչից հրաժարվելու» խոստովանություն: Հասկանալի է, որ այս հայտարարություններով Պուտինը փորձել է գոնե մեղմել Ուկրաինայում օր օրի ավելացող հակառուսականության ալիքը:

Բայց ուկրաինացիների համար վստահաբար հակառուսականության ալիքը մեղմող գործոն կարող է դառանլ ոչ այնքան խոստացված վարկն ու գազի գնի զեղչի պահպանումը, որքան այն, որ, ի վերջո, Պուտինը սեփական քաղաքական հաշվարկներից կամ գուցե անելանելիությունից դրդված` ցույց է տվել, որ հարգում է Ուկրաինայի հասարակության ընտրությունը:

Բնականաբար, ոչ թե հանուն ուկրաինացիների ազատ ընտրության հնարավորության, այլ` որպեսզի վերջնականապես չայրի կամուրջներն իր համար ռազմավարական կարևորություն ունեցող այդ երկրի հետ: Այսինքն՝ իր կողմից գրեթե ամբողջությամբ վերահսկելի իշխանության կորուստը կանխել չկարողանալով` Պուտինը փորձում է գոնե չթշնամանալ այդ երկրի ապագա իշխանության հետ, քանի որ Ուկրաինայում «երկրորդ Սահակաշվիլին» Ռուսաստանի համար կարող է շատ թանկ արժենալ:

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին գրեթե անհաղորդ մեր քաղաքական ուժերի, հատկապես` ընդդիմության համար տեղի ունեցողը կարող է գոնե մտորելու առիթ դառնալ: Հայաստանում իշխանության գալու տեսական ու գործնական բոլոր հնարավորությունները մեր ընդդիմադիրները պայմանավորում են բացառապես Պուտինի բարեհաճությամբ: Վերջինս, սակայն, գերադասում է իր բարեհաճությունը նույնքան կարևորող իշխանությանը:

Մինչդեռ Ուկրաինայում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ գոյություն ունի նաև իշխանափոխության այլ՝ Պուտինի գործոնը շրջանցող տարբերակ: Ընդ որում, այդ դեպքում, Պուտինն ինքն է ձգտում բարեհաճության արժանանալ այն իշխանության կողմից, որի հաջողության հիմքում ընկած է Ռուսաստանի կողմից պարտադրվող վասալացման քաղաքականության դեմ պայքարը: Իհարկե, Ուկրաինայում դեռևս իշխանափոխություն տեղի չի ունեցել, և չպետք է բացառել, որ առաջիկա զարգացումները կարող են կտրուկ փոխել իրերի դասավորությունը, այդ թվում՝ նույն Պուտինի դիրքորոշման մասով:

Սակայն գոնե այսօր տեղի ունեցողը ցույց է տալիս, որ, ինչպես կյանքում, այնպես էլ` մեծ քաղաքականության մեջ հարգում են արժանապատվություն ունեցողին, եթե անգամ դա հակառակորդ է կամ թշնամի: Հայաստանում, ցավոք, միանգամայն հակառակ պատկերն է: Մեր իշխանությունները շարունակում են զարմացնել ռուսներին՝ Մաքսային միությանն անդամակցելու քայլերի արագությամբ, իսկ ընդդիմադիրները զարմանում են ռուսների վրա, որ վերջիններս չեն նկատում՝ որքան ավելի արագ կլինեին Հայաստանը Մաքսային և ռուսական որևէ միություն խցկելու քայլերը, եթե իշխանության գային իրենք:

Տեսանյութեր

Լրահոս