«Բա գոնե բանակի օրով մեզ մի հատ պսակ չտա՞ն, ասեն՝ տարեք ձեր երեխեքի շիրիմներին դրեք». Որդեկորույս ծնողներ. Medialab.am
Medialab.am-ի փոխանցմամբ՝ Հայոց Բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ, բանակում խաղաղ պայմաններում որդեկորույս ծնողները, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն իրենց անտեսված զգում:
Անահիտ Փիլոյանի որդին զոհվել է 1997 թվականին՝ Հորադիզում:
«Յոթ ամսվա ծառայող էր, 18 տարեկանում զորակոչվեց, զոհվեց: Հիմա ես վատառողջ եմ, չեմ աշխատում, տանը նստած ենք, երկու կոպեկ թոշակ ենք ստանում, չի բավարարում մենակ կոմունալ վարձերը մուծելուն»,- «Մեդիալաբին» ասում է Անահիտ Փիլիոյանը:
Նրա խոսքով՝ ստանում է հաշմանդամության թոշակ՝ 27 հազար դրամ, թոշակառու է նաև ամուսինը:
«Բա գոնե բանակի օրով մեզ մի հատ պսակ չտա՞ն, ասեն՝ տարեք ձեր երեխեքի շիրիմներին դրեք: Ոչ մի ուշադրություն»,- «Մեդիալաբին» ասում է զոհված զինծառայողի ծնող Էմմա Հունանյանը:
Նրա որդին զոհվել է 1998 թվականին Մարտակերտում: Տիկին Էմման ասում է, որ մի հարցի լուծում ստանալու համար զոհվածների ծնողները պետք է պարտադիր դիմեն կառավարություն, խնդրողի դերում հանդես գան:
«Իսկ ես չեմ ուզում ստորացված զգալ ինձ, ուշադրություն եմ ուզում: Ինչի՞ համար դիմեմ, եթե դուք պարտավոր եք մեզ աջակցել»,- նշում է նա:
Ըստ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության, եթե միայն 2013 թվականին, բանակում արձանագրվել է 31 մահվան դեպք, ապա 2014–ի հունվարը դեռ չի ավարտվել, բայց հայկական բանակն արդեն երեք զոհ է տվել, որից մեկը`ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով, իսկ մյուս երկուսը` առողջական խնդիրների հետեւանքով։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարում` Որդեկորույս ծնողները` Կառավարության շենքում (Արխիվային լուսանկար)