Նարինջ. բուժում է կեղևի ներքին շերտը
Բուժիչ նամակներ
Նարնջենի քաղցրի սպիտակ ծաղիկներն Արևելքում համարվել են` սիրո, իսկ Հունաստանում` Դիանա աստվածուհու խորհրդանիշը։ Իսլամում նարնջենու ծաղիկը համարվել է պտղաբերության խորհրդանիշ, այն հյուսել են հարսնացուների մազերին և զարդարել հագուստը։
200 մլ նարնջի հյութը պարունակում է մարդու օրգանիզմին անհրաժեշտ մոլիբդենի 1-օրյա պահանջարկի 22,6 տոկոսը, սելենի և պղնձի` 16-ական %-ը, կալիումի` 15,2, մագնիումի` 5,8 երկաթի` 5, ֆոսֆորի` 4,1, քրոմի` 4, մարգանեցի` 3,8, կալցիումի` 2,1, ցինկի` 1,7 յոդի` 1,3, վիտամիններ C` 111, ֆոլիաթթու`11, B6` 10%, B1` 9%, K` 6,3%, պանտոտենաթթու և բիոտին` 5,6-ական %, B2` 4,6 %, E` 4,3%, նիացին` 3,5 %, բետա-կարոտին-1,8%։
Պտղամսում կան 6-8 տոկոս (քաղցր տեսակներում` 15 տոկոս) շաքարներ, 1-2 տոկոս կիտրոնաթթու, գլիկոզիդ նարինգին, ֆիտոնցիդներ, եթերային յուղեր, ներկանյութեր, ինոզիտ և ռուտին։
Պտղակեղևի սպիտակ շերտում կան շաքարներ, փոքր քանակությամբ թթուներ, եթերային յուղ, զգալի քանակությամբ պեկտինային միացություններ։
Կարևոր է իմանալ, որ պահպանման ժամկետն ավելացնելու նպատակով պտղի արտաքին (դեղնանարնջագույն, իսկ երբեմն` կարմիր, շերտը մշակում են մոմով և կոնսերվանտներով. այդ շերտն անհրաժեշտ է հեռացնել։
Նարնջի կեղևն ունի առնվազն 3 օգտակար հատկություններ. Կարգավորում է խոլեստերինի մակարդակն օրգանիզմում և հեռացնում է վնասակար նյութերը,
- Ճնշում է աղիքային որդերի և պաթոգեն (ոչ օգտակար) միկրոօրգանիզմների կենսունակությունը,
- Կեղևում պարունակվող շաքարները (արտաքին շերտի տակ) խթանում են ուղեղի աշխատանքը և ամրացնում են հիշողությունը։
- Կեղևում պարունակվող մեծաքանակ ֆիտոնցիդները մաքրում են օդը մանրէներից։
Նարնջի հյութը կարգավորում է ճարպերի փոխանակությունը, նվազեցնում է ցածր խտություն ունեցող ճարպասպիտակուցների (վատ խոլեստերինի) մակարդակն արյան մեջ, կարգավորում է մարսողությունը, ունի նիհարեցնող հատկություն։ Ըստ իտալացի գիտնականների` կարմիր պտղամիս ունցող նարինջը կանխարգելում է գիրությունը և ուռուցքների առաջացման հավանականությունը։ Հյութը քամելուց առաջ նարինջը 10-15 րոպե պահեք գոլ ջրի մեջ։
Նարնջից ստացվում է եթերային յուղ, որը վաճառվում է դեղատներում։ Օգտագործվում է արոմաթերապիայում` հորմոնալ խանգարումների, հիպերտոնիայի, դեպրեսիայի, լեղաքարային հիվանդության, փորկապության, դիսբակտերիոզի, դաշտանադադարի, սրտի աշխատանքի խանգարումների դեպքում։ Նարնջի եթերային յուղը վերականգնում է մաշկի առաձգականությունը, պաշտպանում է անքնությունից, հանգստացնում է նյարդային համակարգը։
Բուրավետ յուղերով բուժման արվեստն ունի հնագույն պատմություն, առանձնահատկություններ և հակացուցումներ, այդ իսկ պատճառով պետք է խորհրդակցել մասնագետի հետ։
Հակացուցումներ։ Անհատական անընկալունակություն, սրտի իշեմիկ հիվանդություն, թրոմբոֆլեբիտ, ընկնավորություն, շաքարային դիաբետ, ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում` գաստրիտ, ստամոքսի և 12-մատնյա աղիի խոց, խոլեցիստիտ, հեպատիտներ, սուր նեֆրիտ։
Կա կարծիք, որ նարնջի թարմ հյութը հավանաբար նվազեցնում է ստամոքսի քաղցկեղի զարգացման հավանականությունը։
ԱՄՆ-ում նկատվում է այդ հիվանդությամբ տառապողների քանակի նվազում` տարեկան մոտ 1 տոկոսով։ Օրինաչափությունը բացատրվում է այն հանգամանքով, որ վերջին 40-50 տարիներին երկրում զգալիորեն աճել են սպառվող նարնջի հյութի ծավալները։
Մի այլ հետազոտությամբ պարզվել է, որ նարնջի թարմ հյութը չեզոքացնում է նիտրատների ազդեցությունը` թույլ չի տալիս, որ դրանք վերածվեն ուռուցքածին նյութերի։
Ժողովրդական դեղատոմսեր
Հիպերտոնիա. աղացեք 200 կիտրոն և 300 գ նարինջ` կեղևով, առանց կորիզների, խառնեք, ավելացրեք 50 գ մեղր։ Պահեք սառնարանում, փակ ապակյա տարայի մեջ։ Խմեք 1-ական թ/գ` օրը 2 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք` մինչև խառնուրդը վերջանա։
Գլխացավ. Խառնեք 500 գ աղացած նարինջ (կեղևով), 100 գ ծովաբողկի քերուկ, 400 գ շաքար, 1 լ չոր սպիտակ գինի, 1 ժամ եփեք ջրային բաղնիքի վրա` փակ կափարիչի վրա։ Պահեք սառնարանում։ Խմեք 10-15 գ` օրը 3-5 անգամ։ Չափաբաժինն աստիճանաբար կարելի է ավելացնել. 50-ական գ` օրը 5-6 անգամ։
Միզաքարային հիվանդություն. Խառնեք նարնջի, կիտրոնի և սև բողկի հյութերը (1։1։1)։ Խմեք 100-ական մլ` օրը 2 անգամ, 1 ճ/գ մեղրի հետ։
Բրոնխիտ. Խառնեք 1 նարնջի կեղևի քերուկ և նարնջենու մի քանի տերև, եփեք։ Շնչեք եփուկի գոլորշին (ինհալացիա)` 20-30 րոպե։
- Խառնեք 10-ական գ մանրացրած մատուտակի արմատ և նարնջի կեղև, 7 օր թրմեք 100 մլ օղու մեջ, քամեք։ Ոգեթուրմի մեջ լուծեք 100 գ մեղր։ Խմեք 10-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։ Շարունակեք 1 ամիս։
Ստամոքսահյութի ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբ.
- Խմեք 100-ական մլ նարնջի թարմ հյութ` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։
- Խառնեք հավասար քանակությամբ նարնջի կեղև, օշինդր դառի և ոսկեհազարուկի խոտեր, խնկեղեգի կոճղարմատ, ջրառվույտի (Menyanthes trifoliata) խոտ, 1 ճ/գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա` փակ տարայում, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։
Փորկապություն. Խառնեք նարնջի կեղև, չամանի սերմ, բեկտենու (Frangula alnus) կեղև (1։1։8)։ 1 ճ/գ հումքը լցրեք 200 մլ սառը ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, անջատեք կրակը, կես ժամ թրմեք, քամեք։ Խմեք 200-ական մլ` նախաճաշից և ընթրիքից առաջ։
Հանգստացնող թեյ. Խառնեք հավասար քանակությամբ նարնջի կեղև և պատրինջի (Melissa) խոտ։ 1 ճ/գ հումքը 15 րոպե թրմեք 400 մլ եռջրում, կիպ փակված տարայի մեջ, քամեք, ավելացրեք 2 թ/գ կատվախոտի ոգեթուրմ։ Խմեք 150-200 մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ։
Կատվախոտի ոգեթուրմ. Մանրացրեք արմատը, 1 օր թրմեք կոնյակի մեջ (1։10)։
Հ.Գ. Նարինջը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա հատկապես երեխաների մոտ` ցանի տեսքով, ձեռքերի և այտերի վրա։ Խորհրդակցեք մանկաբույժի հետ։