Ինչու 2008թ. ՍԴՀԿ-ն ընտրեց Լևոն Տեր-Պետրոսյանին
Այսօր ՍԴՀԿ նախկին անդամները ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի մասնակցությամբ նորաստեղծ Վերակազմյալ ՍԴՀԿ հիմնադիր համագումարը: Մինչև ՎՍԴՀԿ ստեղծման պատճառներին ու նպատակներին անդրադառնալը, Լյուդմիլա Սարգսյանը ներկայացրեց նախկին ՍԴՀԿ կազմում իրենց գործունեությունն ու «համահնչակյան վերնախավի, ավելի կոնկրետ՝ Սեդրակ Աճեմյանի հետ պառակտման պատճառները»:
Նա հիշեցրեց, որ 2008թ. նախագահական ընտրությունների նախաշեմին ՍԴՀԿ-ն՝ որպես ազգային ավանդական կուսակցություն, խիստ մտահոգ էր Հայաստանում 1998 թվականից ի վեր «վերարտադրվող ավազակապետական բնույթի իշխանությունների ավերիչ գործունեությամբ»:
Լյուդմիլա Սարգսյանի խոսքով՝ իրենք պարտավոր էին կողմնորոշվել և աջակցել նախագահի այն թեկնածուին, ով ունակ էր քաղաքական դաշտի համախմբմամբ ստանալ հանրային լայն աջակցություն: «Համաձայնաբար համահնչակյան կենտրոնի հետ մեր ընտրությունը կանգնեց այն միակ թեկնածուի վրա, ով ունակ էր ջախջախելու վաղուց ձևավորված ընտրական արատավոր մեխանիզմը, ուներ կառավարման մեծ փորձ, քաղաքական և միջազգային բարձր վարկանիշ: Դա Լևոն Տեր-Պետրոսյանն էր….»,- ասաց նա:
Հետագա գործընթացներին, «կեղծված» նախագահական ընտրություննրին և հետընտրական՝ մարտիմեկյան ողբերգությանը, Սարգսյանը «ավելորդ» համարեց անդրադառնալ՝ նշելով, որ հավաքվածներից յուրաքանչյուրն ակտիվ մասնակիցն է եղել այդ իրադարձությունների և իր մաշկի վրա է զգացել ոչ օրինակարգ իշխանության ճնշիչ գործողությունների ողջ ծանրությունը:
«Սակայն որպես ցավալի փաստ պարզվեց, որ համահնչակյան վերնախավի, ավելի ճիշտ՝ Ս. Աճեմյանի նպատակներն այլ էին: Նրա անձնական շահը գերակա էր հայ ժողովրդի և Հնչակյան կուսակցության նպատակների նկատմամբ: Քաղաքական դաշտում արդեն մեծ կշիռ ձեռք բերած ՍԴՀԿ-ն պառակտելով և ըստ էության վաճառքի հանելով Ս. Աճեմյանն ապահովագրեց իր բիզնես ծրագրերը՝ ուրանալով համահնչակյան 19-րդ համագումարի որդեգրած սկզբունքները:
Հետագայում՝ 4-ամյա դատական գործընթացներում ունենալով Սերժ Սարգսյան-Տիգրան Սարգսյան զույգի անմիջական աջակցությունը, նա ստացավ ապօրինի դատական վճիռ, որը ոչ մի աղերս չունի արդարադատության հետ»,- նշեց նա:
ՀԱԿ պատգամավորն ընդգծեց, թե իրենք մնացին որպես ավանդական կուսակցություն և չդարձան գործիք իշխանության ձեռքին՝ պահպանելով արժանապատվությունն ու վարկանիշը: «Ճիշտ է, ձևական առումով կորցրեցինք ՍԴՀԿ անունը, բայց պահպանեցինք մեր դեմքը և մեր թիմը: Իսկ կուսակցությունը դա ոչ միայն անունն է, այլ նախևառաջ գաղափարներն են, նպատակները, մարդիկ: Ըստ էության այսօր մենք վերականգնում ենք հնչակյան լինելու մեր ոտնահարված իրավունք»,- նշեց նա: