Սասուն Միքայելյան. ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը՝ ի դեմս Քոչարյանի, Ռուսաստանի խաղն են խաղում

Հարցազրույց «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանի հետ

– Հունվարի 18-ին քաղաքական և քաղաքացիական ուժերն Ազատության հրապարակում միավորված պայքարում էին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: Ի՞նչ կարծիք ունեք ստեղծված շարժման և օրենքի մասին:

– Հայաստանում ամեն կայծ կարող է բռնկվել, բոց դառնալ, բայց իշխանությունները կաշխատեն կանխել, ինչը տարբեր ժամանակներում նրանց միշտ հաջողվել է: Բնական է, որ մարդիկ դուրս են եկել իրենց իրավունքները պաշտպանելու, որովհետև իրենց թոշակի հարցը ֆրանսիական, գերմանական ինչ-որ ծառայություններ են կառավարելու: Կառավարությունն, ըստ օրենքի, իր վրա պարտավորություն է վերցնում` այդ կազմակերպությունների լուծարման դեպքում վճարել գումարները, բայց եթե կառավարությունը կառավարություն լիներ, երկիրն այս վիճակի չէր հասցնի, իսկ հիմա ինչ-որ կազմակերությունների համար գարանտ է կանգնել` ինչի՞ վրա հիմնվելով:

Ես օրենքին լավատեղյակ չեմ և մի բան չեմ հասկանում` նրանք, ովքեր չեն աշխատում, թոշակ չե՞ն ստանալու, ի՞նչ է լինելու այդ մարդկանց ճակատագիրը: Որքան գիտեմ, մինչև 500.000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին մուծելու է մինչև 5 տոկոս, իսկ 500.000-ից ավելի աշխատավարձ ստացող անհատը` մինչև 10 տոկոս: Պարզվում է, որ ժողովրդի հաշվին կառավարությունը կրկին իր հարցն է լուծում` երևի ինչ-որ ակնկալիքներ ունենալով: Ի վերջո, այս համակարգը խնդիր է դառնալու, կպնելու են էն խեղճ աշխատող ժողովրդի գրպանին, բա էլ ո՞ւմ կպնեն: Թող իրանց գրպանին կպնեն…

Կարդացեք նաև

Այս կուտակային համակարգի ներդրումը վարչապետի խաղերի արդյունքն է, որովհետև ժողովուրդը մինիմալ օգուտ սրանից չունի. ամեն անգամ խեղճ, անճար ժողովուրդն ընկնում է կրակի մեջ, ու բնական է, որ մենք բոլորս պետք է մեր իրավունքները պաշտպանենք, դուրս գանք փողոց, պայքարենք: Ես այս համակարգի մեջ մի վտանգավոր տենդենց եմ տեսնում. իշխանությունը` շարժումը թուլացնելու համար, բյուջետային աշխատողների համար պարտադիր վճարումները չի հանի, իսկ ոչ բյուջետային աշխատողների համար կներդնեն ոչ պարտադիր` կամավոր սկզբունք` սրանով մեղմացնելով ստեղծված դրությունը: Քանի որ, քաղաքական և քաղաքացիական ուժերի մրցակցություն է առաջ եկել, պետությունն ուզում է թույլ չտալ, որ երկրում այս ուժերի համախմբում լինի, համախմբված պայքարեն:

– Հրապարակում կանգնած քաղաքական ուժերի ու քաղաքացիական շարժման անդամների հայտարարությունները տարբեր էին: Հարթակում կանգնածների մի մասն ասում էր, թե սոցիալական խնդիրը պետք է վերածել իշխանափոխության, մի մասն էլ համարում է, որ պետք է բավարարվել փոքր հաղթանակներով և լուծել միայն ռեֆորմի հարցը: Դուք ո՞ր տեսակետի կողմնակից եք:

– Իշխանափոխության համար պայքարելը, իշխանափոխության առիթ փնտրելը միշտ ճիշտ է: Պետք է իշխանափոխության մասին մտածել ամեն մի րոպե, ամեն մի վայրկյան` այլ տարբերակ չկա: Այս իշխանություններն իրենք էլ չգիտեն, թե է՞լ ինչ են ուզում էս ժողովրդից. մնացել է մարդկանց արյունը խմեն, էլ տարբերակ չկա քանդելու, ծախելու, իրենց աթոռը պահելու համար: Դրա համար հանրապետությունում շատ վտանգավոր բան է կատարվում…

– ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը` ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», մի քանի հարցերի շուրջ համախմբվել են, պայքարում են: Այս քառյակի միավորումն ապագա ունի՞:

– Ապագա՞… ապագա պիտի լինի, որ ունենան: Անապագան ապագա չի կարող ունենալ:

– Այս չորս ուժերի միասնական պայքարելու անկեղծությանը հավատո՞ւմ եք:

– Ոչ մեկին էլ չեմ հավատում: Ոչ մեկն էլ անկեղծ չեն…

– Ի՞նչ նկատի ունեիք՝ ասելով, թե քաղաքական և քաղաքացիական ուժերը մրցակցության մեջ են:

– Այո՛, մրցակցության մեջ են, բայց նման բան պետք է չլիներ: Պայքարն ընդհանուր է, մենք բոլորս պետք է գիտակցաբար համախմբվենք, պայքարենք: Հարցն այն է, որ փոքր խնդիրը լուծելով` երկրի վիճակը չի բարելավվի: Ասենք՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմն առանք, հետո՞, երկիրը սրանով ոտքի կանգնե՞ց… մենք պետք է իշխանափոխության համար պայքարենք, պետք է համախմբվեն երիտասարդները, երկրի ապագայով մտահոգ, պատերազմով անցած մարդիկ:

– ՀԱԿ-ն, օրինակ, հենց նույն հանրահավաքի ժամանակ բարձրացրեց այդ հարցը, որ պետք է տանել շարժումը դեպի իշխանափոխություն:

– Իրենք ասել էին… 2008թ. եղավ այդ մեծ պայքարը, ժողովուրդը հավաքվեց, համախմբվեց, բայց ի՞նչ եղավ, ի՞նչ արեցին: Արդյունքում եղավ այն, որ կազմակերպիչները թողեցին ժողովրդին, գնացին տուն, կեսը լցվեցին բանտերը, կեսը` արտագաղթեցին… Ասենք՝ հիմա էլ համախմբվեցին, ի՞նչ են անելու, ի՞նչ պիտի անեն էդ ուժերը: Կարծում եմ, այս ամենը հերթական խաղ է, ու այս խաղերին ես չեմ հավատում:

– Ի՞նչ հարց են լուծում այդ խաղերը, ինչի՞ն են ուղղված:

– Ինչի դուք չե՞ք հասկանում… Ձեր թվարկած այդ չորս ուժերն ուզում են Ռուսաստանի աչքին լավը երևալ, այդքան բան: Ուզում են դրսի ուժերին մի բան ցույց տալ, որովհետև գործող իշխանությունն էլ դրսի աջակցությամբ է աթոռը զբաղեցրել, ոչ թե ժողովրդի ձայնով, և անում են այն, ինչ հրահանգվում է դրսից: Ես առաջարկ ունեմ պարոնայք իշխանավորներին. եթե ուզում են կուտակային կենսաթոշակային ֆոնդ բացել, թող բացեն անհատական հաշիվ, համաչափ աշխատավարձի գումարները պարտադիր կերպով գանձվեն մարդկանց հաշվեհամարներին, ոչ թե ներդրվեն ընդհանուր արտասահմանյան ֆոնդերում: Մարդիկ կխնայեն իրենց գումարը, և երբ անցնեն թոշակի` կտնօրինեն դրանք, անձնական հաշիվներից որոշակի գումար էլ կմտնի բյուջե, ինչը օգուտ կբերի թե՛ ժողովրդին, թե՛ պետական բյուջեին: Բայց չեն անում` խաղ են խաղում:

– Խաղ, որին, փաստորեն, աջարկցում է նաև ընդդիմությո՞ւնը:

– Գիտեք, ընդդիմությունը լուրջ հասկացություն է, դա ձեր նշած չորս ուժերը չեն, որոնք ամեն մեկն ինչ-որ ժամանակահատվածում իրենց իրական դեմքը բացել են, ժողովուրդն էլ այդքանից հետո պիտի հասկանա…

– Այդ դեպքում հասարակությունը հիմա ի՞նչ պետք է անի, եթե ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ, ինչպես ասացիք, նույն խաղն են խաղում: Միայնա՞կ պայքարի, թե՞ ընդհանրապես չպայքարի:

– Պայքարի արդյունքում ուժ կձևավորվի: Եթե մարդիկ հավատան, որ կա մի ընդդիմադիր ուժ, որն իրեն չի տանի, փողոցում չի թողնի, մի ժամվա մեջ իշխանափոխություն կանեն, բայց… Էս մեծապատիվ մուրացկանները, նկատի ունեմ` իշխանությունները, իրենց իմիտացիաներով ժողովրդին հասցրել են մի վիճակի, որ մարդիկ անելանելի իրադրության մեջ են հայտնվել:

– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունը, շատերի գնահատմամբ, միասնական ընդդիմության, մասնավորապես՝ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի` առաջնորդ դառնալու նպատակ է հետապնդում: Հնարավոր համարո՞ւմ եք Քոչարյանի վերադարձի նման տարբերակ:

– Այս երկրում ամեն ինչ հնարավոր է: Պարզապես մենք պետք է զգույշ լինենք և ուշադիր, որ թույլ չտանք Քոչարյանի կարգի մարդկանց մոտ գալ իշխանությանը: Տարիների ընթացքում մարդկանց խաբել են, հասցրել են այս օրի, դեզինֆորմացիան այնքան շատ է եղել, որ մարդիկ այսօր հավատ չունեն: 20 տարի ասում են` Ռ. Քոչարյան-Սերժ Սարգսյան խնդիր կա. դուք տեսե՞լ եք այդ խնդիրը: Իսկ ժողովուրդը հավատաց, գնաց մեկ` նրա հետևից, մեկ` նրա: Սուտի խաղերով, իրար փնովելով` մարդկանց խաբեցին, մարդիկ էլ այդ հեքիաթներին հավատացին: Մի խոսք կա. եղունգ ունես, գլուխդ քորի: Ուրեմն` եթե ժողովուրդն իր գլխի ճարը չտեսնի, չհամախմբվի, ոչ ոք ոչ մի բան չի կարող անել: Իսկ Տիգրան Սարգսյանի հետ նրա հեռակա բանավեճը ներիշխանական խաղերի արդյունք է, ուրիշ ոչինչ, դա հերթական բլեֆն է:

– ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն կօգնե՞ն Ռ. Քոչարյանին` վերադառնալ քաղաքականություն, հասնել իշխանության:

– Չեմ կասկածում, որ կօգնեն: Մի քիչ քաղաքական հոտառություն ունեցողը կհասկանա, թե ինչի՞ պիտի նման բան անեն, նրանք բոլորն էլ այսքան տարի Քոչարյանի խաղն են խաղացել: Նրանք բոլորն էլ` ի դեմս Քոչարյանի, Ռուսաստանի խաղն են խաղում: Ուշքի գալու, համախմբվելու, ճիշտ քայլեր անելով` իշխանափոխության հասնելու ժամանակն է, որովհետև այս իշխանությունները երկիրը տանում են կործանման: Չմոռանանք նաև, որ մենք ունենք դարավոր թշնամի և պետք է միշտ պատրաստ լինենք անխուսափելի պատերազմի:

Տեսանյութեր

Լրահոս