Ռուբեն Վարդանյան. «Մեր նպատակը փոխելն է, ոչ թե զարմացնելը» (տեսանյութ)
Հունվարի 23-ի երեկոյան «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվեց Արամ Աբրահամյանի զրույցը գործարար եւ բարերար, IDeA բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանի հետ: Մեդիմաքսը ներկայացրել է հարցազրույցի սղագրությունը:
«Հայաստան 2020» ծրագրի մասին
Ավելի քան 10 տարի առաջ մենք սկսեցինք քննարկել Հայաստանի զարգացման եւ ապագայի հնարավոր սցենարները: Հետադարձ հայացք նետելով` հասկանում եմ, որ դա շատ կարեւոր գործընթաց էր, որում ընդգրկեցինք մեծ թվով տարբեր հայացքների եւ մասնագիտությունների տեր մարդկանց: Չհասկանալով, թե ինչպիսին կարող է լինել ապագան, շատ դժվար է ընկալել այսօրվա իրականությունը: Ապագան հասկանալը դժվարին բան է, այն պահանջում է մեծ ջանքեր: Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ` չնայած բոլոր դժվարություններին եւ հիասթափություններին, այդ քննարկումների արդյունքում ծնված գաղափարները եւ ծրագրերը հաջողությամբ իրականացվեցին եւ սկսեցինք ինքնուրույն ապրել: Այլ խնդիր է, որ, ցավոք, այդ քննարկումները շարունակական չեղան:
Հավանաբար, հասարակության շրջանում այսօրվա որոշակի անտարբերությունն ու դժգոհությունը մասնակիորեն առաջանում են այն պատճառով, որ մարդիկ չեն հասկանում, թե ինչպիսին կարող է լինել ապագան: Կարծում եմ, որ այդպիսի քննարկումներ հարկավոր է անցկացնել շատ հաճախ եւ հրապարակային ձեւով:
Ծրագրերի, հավակնությունների եւ մեծ ծավալների մասին
Այնքան էլ չեմ սիրում «հավակնոտ» բառը, նախընտրում եմ «ծավալուն» բնորոշումը, քանի որ մեր նպատակը փոխելն է, ոչ թե զարմացնելը: Փոփոխությունների համար մեծ ջանքեր են պետք, եւ այդ ծրագրերը երկարաժամկետ են:
Տաթեւի վանքի վերականգնման ծրագիրը մեկնարկել է 2005թ. եւ կավարտվի 2017թ.: Դիլիջանի դպրոցի (որը մենք կբացենք այս տարի) գաղափարը եւս ծնվել է «Հայաստան 2020» ծրագրի շրջանակներում: Ավելի հստակ քննարկումները սկսեցինք 2007-2008թթ. եւ հուսով ենք, որ 2023թ. դպրոցը կգործի ամբողջ ծավալով: Խոսում ենք 15-20 տարվա «հորիզոնի» մասին: Կան այլ երկարաժամկետ են ու մեծածավալ ծրագրեր, որոնք քննարկում ենք ու որոնք պետք է կյանքի կոչվեն, որպեսզի Հայաստանում լուրջ փոփոխություններ արձանագրվեն:
Անհրաժեշտ են «խարիսխային» ծրագրեր, որոնք կտանեն իրենց ետեւից: Մենք ընտրում ենք այնպիսի ծրագրեր, որոնք հանդիսանում են տարածաշրջանում կամ առանձին բնագավառում փոփոխությունների շարժիչ ուժը: Այդ բոլոր ծրագրերին մասնակցում ենք ոչ միայն ես ու իմ ընտանիքը, այլեւ մեծ թվով մարդիկ. բոլոր ծրագրերը կոլեգիալ են: Բայց ամենակարեւորը մեր ծրագրերում դրանց բազմապատկված ազդեցությունն է: Վանքի վերակառուցումը կամ դպրոցի կառուցումը բերում են այլ կարեւոր ծրագրերի իրականացմանը:
Մեր բոլոր ծրագրերի սկզբունքներն են` բազմապատկված ազդեցությունը, երկարաժամկետությունը, մեծ ծավալը, կոլեգիալությունը: Շատ կարեւոր է ընդգրկել տեղի բնակչությանը` մարդիկ պետք է զգան, որ դա նաեւ իրենց, այլ ոչ թե պարզապես «երկնքից իջած» ծրագիր է: Պակաս կարեւոր չէ, որպեսզի ծրագրերը ֆինանսապես ինքնուրույն դառնան: Կապիտալ ներդրումները` դա բարեգործություն է: Բայց մենք ձգտում ենք, որ ժամանակի ընթացքում ծրագրերը ինքնաբավ դառնան եւ ինքնաֆինանսավորման անցնեն, որպեսզի բարերարներից կախում չունենան: Շատ կարեւոր է նաեւ, որպեսզի բոլոր ծրագրերը համապատասխանեն միջազգային չափանիշներին:
Գոյատեւման եւ թակարդի մասին
Դա հասարակության ամենալուրջ խնդիրներից մեկն է: Վերջին 20 տարիներին մենք մտածում ենք գոյատեւման մասին: Շատ դժվար է մտածել 10-20 տարի առաջ, երբ ապրում ես գոյատեւման ռեժիմում: Եթե չվերափոխվենք եւ չսովորենք երկարաժամկետ մտածել, մեզ համար դժվար կլինի հաղթահարել այդ մոդելը, որը շատ լուրջ թակարդ է: Այն կհանգեցնի նրան, որ երկիրը մշտապես կգտնվի գոյատեւման կամ լճացման վիճակում: Բարգավաճումը`դա ռիսկ է: Պետք է ռիսկի դիմես եւ հավատաս, որ քո երեխաները ապրելու են ավելի լավ, քան դու այսօր: Խորհրդային ժամանակաշրջանում մարդիկ հավատում էին, որ եթե իրենք այսօր ինչ-որ բան են անում, իրենց երեխաները վաղը ավելի լավ են ապրելու: Այդ զգացողությունն այժմ կորսված է, չնայած անկախությանը, պատերազմում տարած հաղթանակին: Գոյատեւման մոդելը պայմանավորված է ոչ միայն տնտեսական իրավիճակով, այլեւ մեր մտավոր վերաբերմունքով:
Կրթության եւ Դիլիջանի դպրոցի մասին
Մեզ համար դա նշանային նախագիծ է, այն շատ ծավալուն է եւ մեզանից շատ մեծ ջանքեր է պահանջում: Դեռ շատ անելիքներ ունենք, սակայն արդեն տեսնում ենք, որ ճիշտ ուղու վրա ենք: Սեպտեմբերին դպրոցը կբացվի, եւ 16 տարեկան առաջին 90 աշակերտները կսկսեն սովորել: Այժմ կատարվում է ընդունելություն, եւ Հայաստանի քաղաքացիները կարող են հայտեր ներկայացնել ինչպես մեր դպրոցում, այնպես էլ UWC կրթական ցանցի 12 այլ դպրոցներում ուսանելու համար: UWC-ը շատ որակյալ կրթություն է ապահովում` լավագույններից մեկը համաշխարհային լավագույն համալսարաններ շրջանավարտների ընդունվելու ցուցանիշով: Արդեն աշխատանքն է սկսել է դպրոցի տնօրենը, ձեւավորվում է ուսուցիչների թիմը, եւ շատ ուրախ եմ, որ այդ գործընթացը ծավալվում է մեծ ինտերնացիոնալիզմի ոգով:
Մեզ մոտ կսովորեն աշակերտներ տարբեր երկրներից, եւ այդ իմաստով դպրոցն իսկապես բացառիկ է Հայաստանի համար: Շատ ուրախ եմ, որ Դիլիջանին զուգահեռ` իրականացվում են Այբ դպրոցի եւ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ծրագրերը: Խորապես համոզված եմ, որ կրթությունը մեր առանցքային մրցակցային առավելությունն է: Վերջին 20 տարիների ընթացքում մեր կյանքում բացասական շատ բան է տեղի ունեցել, սակայն առկա է նաեւ դրականը: Նույն ԹՈՒՄՈ-ն ապացուցում է, որ չնայած բոլոր դժվարություններին, երեխաները մեծ ձգտում ունեն գիտելիքի նկատմամբ: Կան «Լույս» ծրագրի միջոցով լավագույն համաշխարհային բուհեր ընդունվելու շատ լավ ցուցանիշներ:
Մենք ազգ ենք, որը ձգտում ունի գիտելիքի նկատմամբ, իսկ դա նշանակում է, որ մրցակցային առավելություն ունենք, քանի որ XXI դարում մարդիկ գլխավոր ակտիվն են: Ես դրանում խորապես համոզված եմ, եւ այդ պատճառով ենք այդքան շատ ժամանակ ու ջանք ներդնում կրթության ուղղությամբ: Ունենք բարեգործության երկու հիմնական ուղղություններ` IDeA [Հայաստանի զարգացման նախաձեռնություններ] հիմնադրամը եւ կրթություն, որոնք խաչվել են Հայաստանի տարածքում:
Մեկ այլ ծրագիր ես իրականացրել եմ Ռուսաստանում` տարբեր երկրներում ապրող ընկերներիս ու գործընկերներիս հետ համատեղ` ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես-դպրոցը: Սրանք կրթության ոլորտում երկու առանցքային ծրագրերն են, որոնք շատ կարեւոր են ինձ համար:
«Բաց երկնքի մասին»
Ցանկացած երկիր եւ տնտեսություն ունի իր «նեղ պարանոցը»: Մեզ համար այդ խնդիրը հաղորդակցության ուղիներն են: Դրա լուծումը թույլ կտա բարելավել կյանքը Հայաստանում, ստեղծել ավելի շատ աշխատատեղեր, ավելացնել մարդկանց ինքնադրսեւորման հնարավորությունները:
Հավատում եմ, որ Հայաստանը մեծ ապագա ունի եւ կարող է շատ լավ երկիր դառնալ` հիանալի ենթակառուցվածքով, եւ ինձ համար հասկանալի էր, որ կան խնդիրներ, որոնց լուծումն առանցքային է տնտեսության փոփոխման համար: Անհրաժեշտ էր համոզել հայաստանյան վերնախավին, որ անհրաժեշտ է, որ Հայաստանում ծավալվեն հնարավորինս մեծ թվով ավիաընկերություններ, եւ «բաց երկինքը» թույլ է տալիս հասնել այդ նպատակին:
Շատ կարեւոր եմ համարում, որպեսզի Հայաստանում լինի ազգային փոխադրող, որը կաշխատի «բաց երկնքում»: Այն պետք է շուկայական պայմաններում մրցի մյուս ընկերությունների հետ: Դա բարդ է, քանի որ օդային փոխադրումները շատ մրցակցային ոլորտ է: Ցանկանում ենք, որպեսզի 700 հազարի փոխարեն ամեն տարի Հայաստան այցելի 2 մլն մարդ: Դա թույլ կտա ստեղծել 20 հազար նոր աշխատատեղ, նոր հյուրանոցներ, ռեստորաններ, խթան կհանդիսանա Հայաստանում իրավիճակի փոփոխման համար:
Դրա համար մեզ հարկավոր է «բաց երկինք» ունենալ, որում կթռչեն տարբեր ավիաընկերություններ, որոնք ունեն ավելի շատ փորձ եւ ռեսուրսներ: Այո, նոր ավիաընկերությունների համար շուկա մտնելը դժվար կլինի, եւ մենք կարեւոր ենք համարում այդ գործընթացին օժանդակելը, սակայն օժանդակել` շուկայական ու ոչ թե մենաշնորհային պայմաններով ստեղծելով:
Հույս ունեմ, որ Վրաստանում իրավիճակի կայունացումը թույլ կտա գործարկել Հայաստանը Ռուսաստանին կապող երկաթուղին, եւ դա նույնպես լուրջ խթան կհանդիսանա տնտեսական իրավիճակի փոփոխության համար: Որպես մարդ, ով նայում է 15-20 տարի առաջ, ես հասկանում եմ, որ առանց այդ խնդիրները լուծելու եւ աշխարհի զբոսաշրջային քարտեզի վրա Հայաստանի հայտնվելու, մեր տնտեսությունը փոխելն անհնարին կլինի:
Այո, մենք գումար ենք ծախսել մի բանի վրա, որը, սկզբունքորեն, մեզ հետ ոչ մի ուղղակի առնչություն չունի. ես մտադիր չեմ եղել ու չեմ պատրաստվում զբաղվել ավիացիայով, սակայն այդ խնդրի լուծումը սկզբունքորեն կարեւոր պայման եմ համարում Հայաստանի զարգացման համար: Խնդիրը ընկալող մարդը պետք է մասնակցի դրա լուծմանը:
Դրական տրամադրությունների պակասի մասին
Հայաստանում շատ դրական օրինակներ կան, սակայն ընդհանուր ապատիայի լույսի ներքո նրանք պակաս կարեւոր են թվում:
Իրականում մենք հպարտանալու շատ բան ունենք: Ցավոք, սիրում ենք զբաղվել ինքնախարազանմամբ եւ բողոքել, որ ամեն ինչ վատ է: Երբ ես իմ օտարազգի ընկերներին տանում եմ Սեմ Սիմոնյանի հիմնադրած ԹՈՒՄՈ կենտրոնը, նրանք անկեղծորեն խոստովանում են, որ նման բան չեն տեսել: Ունենք հիասքանչ թանգարան, որը ստեղծել է հանգուցյալ Ջերալդ Գաֆեսճյանը: Կան նաեւ այլ ծրագրեր, որոնցով իսկապես կարող ենք հպարտանալ: Այլ խնդիր է, որ այդ ամենը առանձին տարրեր են, եւ ես շատ կցանկանայի, որպեսզի դրանք համախմբվեին մեկ միասնական «կտավում»:
Իմ խնդիրներից մեկն է օգնել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք «մագնիսներ» կդառնան այլ ներդրողների համար` նոր մեծ ու փոքր ծրագրերի իրականացման նպատակով: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում դեկտեմբերին գործարկվել է Hyatt Place հյուրանոցը: Տաթեւի ծրագիրը խթան է հանդիսացել Գորիսում 10 նոր հյուրանոցների կառուցման համար: Սա ցույց է տալիս, որ որոշակի ճիշտ պայմանների ապահովման դեպքում, գործընթացները սկսում են ինքնուրույն զարգանալ:
Հավատում եմ, որ չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, մենք ունենք եզակի մրցակցային առավելություններ, որոնք կարող ենք օգտագործվել կրթության, բժշկության, զբոսաշրջության ոլորտների կոնկրետ ծրագրերում: Ի վերջո, նպատակն այն է, որ Հայաստանում ապրելն ավելի հաճելի լինի ու մարդիկ լավատեսության ավելի շատ հիմքեր ունենան:
Ամերիաբանկի մասին
Ես հպարտանում եմ այդ ծրագրով: Սա այն կարեւոր ծրագրերից է, որը դրական երանգ է տալիս Հայաստանում իմ գտնվելուն:
15 տարի առաջ, երբ ծանոթացա Անդրեյ Մկրտչյանի եւ նրա գործընկերների հետ, նրանք քոնսալթինգային բիզնեսը սկսում էին զրոյից, աշխատում եւ մրցակցում էին լավագույն միջազգային ընկերությունների հետ, եւ ինձ համար դա Հայաստանում հաջողության հասնելու խոսուն օրինակ է: Իսկապես, Ամերիաբանկը հաջողության շատ լավ օրինակ է, եւ ես դա գովազդի համար չեմ ասում: Այն, ինչ կատարվեց այս 5 տարիների ընթացքում, ապացուցում է, որ մենք մեզ հաճախ թերագնահատում ենք:
Հայաստանում գործում են 22 բանկեր, այդ թվում` հեղինակավոր միջազգային բանկեր` HSBC, Կրեդիտ Ագրիկոլ, ՎՏԲ, Գազպրոմբանկ: Մեր բանկը գնվել է առանց որեւէ հաճախորդի, փաստացի գնել ենք արտոնագիրը, եւ 5 տարվա ընթացքում տղաները կարողացել են զրոյից հասնել նրան, որ այսօր Ամերիաբանկը հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի առաջատարը գրեթե բոլոր առանցքային ցուցանիշներով: Սա իսկապես հարգանքի է արժանի: Բանկում ես միշտ հանդես եմ եկել պասիվ ներդրողի դերում, օժանդակել եմ թիմին, սակայն գործը նրանք ինքնուրույն են կատարել: Առաջին 5 տարիները կայացման փուլ էին, եւ կարեւոր էր, որպեսզի ես հանդես գայի «երաշխավորի» դերում: Այժմ եկել է ժամանակը, որպեսզի Անդրեյ Մկրտչյանը, ով առաջին օրվանից ղեկավարում էր ողջ խումբը, գլխավորի բանկի տնօրենների խորհուրդը, որի անդամը ես շարունակում եմ մնալ: Ամերիաբանկի Խորհուրդը լավագույններից մեկն է, նրա կազմում, մասնավորապես, ընդգրկված են Ռոբերտ ֆոն Ռեկովսկին` հանրաճանաչ Fidelity ընկերությունից, Նուբար Աֆեյանը, Գոռ Նահապետյանը: Ճիշտ եմ համարում 5 տարին մեկ անգամ փոխել տնօրենների խորհրդի նախագահին: Դա նույնպես նոր մշակույթի եւ նոր չափանիշների մի մասն է` պետք է չէ ամեն ինչ անձնավորել, պետք է ինստիտուցիոնալ հիմքի վրա կառուցել: Ամերիաբանկը գործում է կորպորատիվ ճիշտ սկզբունքներով, եւ շատ լավ է, որ տեղի են ունենում ռոտացիաներ ու փոփոխություններ:
Ապագայի մասին
Ինձ մոտ անցումային շրջան է: Ավարտում շատ կարեւոր փուլ. 22 տարի ես եղել եմ ներդրումային բանկիր, ղեկավարել եմ «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը, որը դարձել է Սբերբանկի մի մասը: Վերջին 2-3 տարին ես աշխատում էի Սբերբանկում: Շարունակում եմ մնալ Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆի խորհրդականը, սակայն ծրագրում եմ ավելի ակտիվ զբաղվել մի քանի ուղղություններով, այդ թվում` բարեգործական ծրագրերով` կապված Հայաստանի եւ կրթության հետ: Ծրագրերի մեծ փաթեթ ունեմ, որոնք շատ կարեւոր է իրականացնել եւ ավարտին հասցնել: Կարեւոր է հետեւողական լինել եւ անել այն, ինչ խոստանում ես: Դա իսկապես բարդ է` շատ բարեգործական ծրագրեր ավարտվում են` դեռ չսկսված:
Շարունակում եմ աշխատել Ամերիաբանկի տնօրենների խորհրդում, ընդգրկվել եմ Համաշխարհային բանկի կազմի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջազգային խորհրդում, ինչը հաճելի է եւ հեղինակավոր է: Աշխատում եմ Ռոսգոստրախի, Սիբուր-ի, այլ ընկերությունների խորհուրդներում: Մնում եմ Բրազիլիայի, Ճապոնիայի ու Չինաստանի բիզնես-դպրոցների տնօրենների խորհուրդների կազմում: Դա տարբեր մարդկանց հետ շփվելու շատ հետաքրքիր հնարավորություն է տալիս:
Պատրաստվում եմ շարունակել ներդրումները տարբեր ընկերություններում, ունեմ բավականին մեծ ներդրումային պորտֆել, մասնավորապես, ԿԱՄԱԶ-ում: Իմ գործընկեր Գագիկ Ադիբեկյանի հետ համատեղ մենք ծրագրեր ենք իրականացնում անշարժ գույքի ոլորտում:
Բազմաթիվ ծրագրեր ունեմ` կապված կրթության, հետաքրքիր մարդկանց հետ աշխատելու հնարավորության հետ, ովքեր իրագործում են հետաքրքիր ծրագրեր, որպեսզի փոխեն մեր միջավայրը, որպեսզի այն ավելի դրական ու մրցակցային դառնա ու մեր երեխաները վստահ լինեն, որ ապրելու են մի երկրում, որը ոչնչով չի զիջի այն երկրներին, որտեղ մենք սիրում ենք մեկնել հանգստանալու: