
Սարգսյանները մտափոխվել են. Գանձապետարանի հարստությունը չի վաճառվի

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստում անդրադարձավ վերջին օրերին մամուլում արծարծվող և «ցավոտ» հարցին՝ գանձապետարանի արժեքների վաճառքին: Ֆինանսների նախարար Դավիս Սարգսյանը հայտարարեց, թե մամուլում մեկնաբանվել է, որ այս որոշմամբ վաճառում են գանձարանում առկա թանկարժեք իրերը, բայց այս որոշման իմաստը չվաճառելն է այդ թանկարժեք իրերը:
«Նախկինում նման որոշում կար, մենք այդ որոշումը այս հիմնավորմամբ չենք կատարել, որովհետև միջազգային շուկաներում գները նվազում են, ըստ էության, սրանով արձանագրում ենք դա և ևս մեկ անգամ ֆիքսում, որ չենք վաճառելու այդ իրերը»,- ասաց Դ.Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նիստի օրակարգոմ ներառված որոշման նախագծում նշվում էր, որ «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունում գտնվող թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված պատմամշակութային և բարձր գեղարվեստական արժեք ունեցող իրերից և պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներից բացի, մնացած արժեքների պահպանումը «ոչ արդյունավետ և աննպատակահարմար է»: Կառավարությունն այդ արժեքները մտադիր էր վաճառել դեռ 2012-2013 թվականների ընթացքում, սակայն միջազգային շուկայում թանկարժեք մետաղների գների նվազումը խոչընդոտել էր դրան: Այժմ ծրագրի իրականացման ժամկետը երկարաձգվեց մինչև 2015 թ. դեկտեմբեր: