Human Rights Watch-ի 2014թ. զեկույցը Հայաստանի մասին

Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր հերթական տարեկան զեկույցը (World Report 2014) աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ, որում առանձին բաժիններով անդրադարձել է նաև Հայաստանում տեղի ունեցած նախագահական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հավաքների ազատության, ակտիվիստների վրա հարձակումների, բանակում չարաշահումների, խոսքի ազատության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության խնդիրներին: Այս մասին տեղեկացնում է ՍիվիլՆեթ-ը:

«Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց փետրվար ամսին, իսկ իշխող Հանրապետական կուսակցությունը հավաքեց ձայների գերակշռող մասը մայիսին կայացած Երևան քաղաքի ավագանու ընտրություններին: Թեև երկու ընտրություններն էլ ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված, այնուամենայնիվ, երկուսն էլ ստվերվել էին ընտրողների հանդեպ գործադրված ճնշումների, ընտրակաշառքի, գործող թեկնածուների օգտին վարչական ռեսուրսների չարաշահման և քաղաքացիների բողոքների նկատմամբ ոստիկանության արձագանքի բացակայության մասին զեկույցներով:

Ոստիկանությունում պահվող անձանց նկատմամբ շարունակվում են վատ վերաբերմունքի դեպքերը: Կառավարությունը դեռևս չի առաջարկել որևէ իրական քաղաքացիական այլընտրանք այն զինապարտների համար, որոնք, խղճի շարժառիթներով պայմանավորված, հրաժարվում են զինվորական ծառայությունից: Իշխանությունները պատշաճ հետաքննություն չեն իրականացրել բանակում մտահոգիչ քանակությամբ ոչ մարտական մահացության դեպքերի վերաբերյալ: Քննության չեն առնվել նաև խաղաղ ցուցարարների վրա կազմակերպված անհայտ սադրիչների հարձակումները:

Հեռարձակվող ԶԼՄ-ների շրջանում առկա է բազմակարծության պակաս, և տարվա ընթացքում լրագրողների և ԶԼՄ-ների աշխատակիցների նկատմամբ բռնության և ոտնձգության մի քանի միջադեպեր են պատահել: Լուրջ խնդիր են սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ պայմանավորված ճնշումները և խտրականությունը ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական գործիչների կողմից: Բյուրոկրատական սահմանափակումները խոչընդոտում են ուժեղ ցավազրկող դեղորայքի հասանելիությունն անբուժելի հիվանդություններով տառապող անձանց համար:

Նախագահական և ՏԻՄ ընտրություններ

Միջազգային դիտորդները, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավորությամբ, եզրակացրել են, որ փետրվարին կայացած նախագահական ընտրությունները եղել են «ընդհանուր առմամբ լավ կազմակերպված», սակայն նշել են ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի չափանիշների այնպիսի «լուրջ խախտումներ», ինչպիսին է, օրինակ, ընտրողների նկատմամբ ճնշումների գործադրումը: ԵԱՀԿ-ն նշել է նաև այլ խախտումներ, այդ թվում` իշխանությունների կողմնակալության դրսևորումը հօգուտ գործող թեկնածուի, վարչական ռեսուրսների չարաշահումը և գործող թեկնածուի վստահված անձանց միջամտության դեպքերը: Տեղական դիտորդները զեկուցել են ընտրատեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քաղաքական կուսակցությունների և ընտրական հանձնաժողովների անդամների` դիտորդների և լրագրողների նկատմամբ ճնշում գործադրելու բազմաթիվ փորձերի և գործող թեկնածուի օգտին համատարած լցոնման մասին:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով Հանրապետական կուսակցության անդամ է, վերընտրվել է մայիսի 5-ին կայացած ավագանու ընտրությունների ժամանակ: Տեղական դիտորդական խմբերն արձանագրել են ընտրակաշառքի, բազմակի քվեարկության և դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ահաբեկման միջադեպեր իշխանամետ ակտիվիստների կողմից:

Հավաքների ազատություն և հարձակումներ ակտիվիստների վրա

Oգոստոսին, ոստիկանությունը ուժ է կիրառել` ցրելու Երևանի կենտրոնում հավաքված մի խումբ քաղաքացիների և քաղաքացիական ակտիվիստների, ովքեր պահանջում էին դադարեցնել բարձրահարկ շենքի կառուցումը քաղաքի կենտրոնում: Ոստիկանությունը կարճ ժամկետներում բերման է երթարկել շուրջ 26 ցուցարարների` նրանցից առնվազն մեկին ծեծի ենթարկելով ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին: Վերջինս անհապաղ հոսպիտալացման կարիք է ունեցել: Հոկտեմբերին Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը հանգել է այն եզրակացության, որ ոստիկանությունը դիմել է անհամաչափ ուժի գործադրման, սակայն նրանց նկատմամբ սույն զեկույցի հրապարակման պահին որևէ կարգապահական տույժ դեռևս չի կիրառվել:

Սեպտեմբերին Երևանի խաղաղ ցուցարարների հանդեպ տեղի է ունեցել հարձակումների տարափ, որն ըստ երևույթին, ձեռնարկվել է բնակչությանը հուսալքելու և նրանց մասնակցությունը երկու խաղաղ բողոքի ակցիաներին կանխելու նպատակով: Սեպտեմբերի 5-ին, մոտ վեց անհայտ սադրիչներ հարձակվել են քաղաքացիական հասարակության հայտնի ակտիվիստներ` Հայկակ Արշամյանի և Սուրեն Սաղաթելյանի վրա, երբ նրանք վերադառնում էին Հանրապետական կուսակցության շտաբի դիմաց անցկացվող խաղաղ ցույցից, որտեղ վերջիններս բողոքում էին ընդդեմ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության:

Սաղաթելյանն ստացել էր քթի կոտրվածք, նրան անհրաժեշտ էր վիրաբուժական միջամտություն և հոսպիտալացում: Արշամյանին ցուցաբերվել է բժշկական օգնություն բազմաթիվ մարմնական վնասվածքներ ստանալու պատճառով: Սեպտեմբերի 4-ին, քաղաքապետարանի շենքի դիմաց անցկացվող քաղաքային տրանսպորտի գնի ժամանակավոր բարձրացման դեմ կազմակերպված նստացույցից հեռանալուց հետո ակտիվիստ Արման Ալեքսանյանը ենթարկվել է հարձակման մոտ 10 անհայտ սադրիչների կողմից: Բազմաթիվ վնասվածքներով և գլխի տրավմայով` նա անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց: Օգոստոսի 25-ին, մոտ վեց անհայտ անձինք հարձակում են գործել երկու ակտիվիստներ` Բաբկեն Տեր-Գրիգորյանի և Միհրան Մարգարյանի վրա քաղաքապետարանի շենքի մոտ անցկացվող նստացույցից հեռանալուց անմիջապես հետո: Այս պահին հետաքննությունը դեռևս ընթացքի մեջ է:

Մեծացել է Կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական իրավապաշտպան կազմակերպության նկատմամբ ազգայնական խմբերից հնչող սպառնալիքների թիվը, ներառյալ ֆեյսբուքյան օգտատերերի մեկնաբանությունները, որտեղ վերջիններս սպառնացել են պայթեցնել կենտրոնը և կտրել ակտիվիստների կոկորդները: Չնայած այն հանգամանքին, որ այս սպառնալիքները փոխանցվել են ոստիկանությանը, սույն զեկույցի հրապարակման պահին իշխանությունները դեռևս հետաքննություն չէին իրականացրել:

Նոյեմբերին, ձերբակալվել են ընդդիմության ղեկավար Շանթ Հարությունյանը, ինչպես նաև 13 ակտիվիստներ, երբ վերջիններս բախվել են ոստիկանության հատուկ ջոկատայինների հետ` դեպի նախագահական նստավայր երթ կատարելու փորձի ժամանակ: Իշխանությունները պնդում են, որ խումբը մտադիր է եղել բռնի կերպով գրավել շենքը: Զեկույցի հրապարակման պահին բոլոր ձերբակալվածները գտնվում էին նախնական կալանքի տակ և մեղադրվում իշխանությունների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ: Հարությունյանը հայտարարել է, որ կալանքում գտնվելու ժամանակ ոստիկաններն իրեն ենթարկել են ֆիզիկական խոշտանգումների, սակայն իշխանությունները սույն պնդումները քննության չեն առել: Նոյեմբերի վերջին, երևանյան դատարաններից մեկը պահանջել է Հարությունյանին տեղափոխել հոգեբուժական հաստատություն` հարկադիր փորձաքննության ենթարկելու նպատակով:

Հիմնական միջազգային դերակատարներ

Հայաստանի միջազգային գործընկերները հայտնել են, որ փետրվարյան նախագահական ընտրությունները անց են կացվել սահուն, սակայն ի լրումն ԵԱՀԿ-ի, Եվրոպական Միությունը, Եվրոպայի Խորհուրդը և այլ կազմակերպություններ ևս կարևոր են համարել նշել, որ տեղի են ունեցել ԵԱՀԿ ընտրական չափանիշների խախտումներ, ներառյալ` վարչական ռեսուրսների չարաշահում, հանրային կառավարման անաչառության պակաս և ընտրողների նկատմամբ ճնշում գործադրելու դեպքեր:

2013թ. սեպտեմբերին, ԵՄ պատվիրակությունը Երևանում իր խոր մտահոգությունն է արտահայտել քաղաքացիական հասարակության անդամների նկատմամբ գործադրված հարձակումների և մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի առթիվ:

Եվրոպական հարևանության քաղաքականության առաջընթացի վերաբերյալ մարտին լույս տեսած իր զեկույցում, ԵՄ-ն գնահատել է Հայաստանի «լուրջ ջանքերը` գործադրված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հաստատման ուղղությամբ», սակայն նաև ընդգծել է հոմոֆոբիայի աճը և լրատվամիջոցների ոչ բավարար անկախությունը:

Մարդու իրավունքների վերաբերյալ ապրիլին լույս տեսած իր զեկույցում, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը նշել է Հայաստանում առկա մարդու իրավունքների հետ կապված մի շարք խնդիրներ, այդ թվում` կյանքից կամայական կամ ապօրինի զրկելը, խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների արգելումը:

Սեպտեմբերին Հայաստանը ստորագրել է «Բոլոր միգրանտ աշխատողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության մասին» Միավորված Ազգերի Կոնվենցիան` նրանց ապահովելով անաչառ, մարդասիրական և օրինական պայմաններով»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս