Լրագրողները միացան պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարին (տեսանյութ)

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարին են միացել նաև լրագրողները: Քիչ առաջ Մաշտոցի պուրակում լրատվական միջոցների ներկայացուցիչները «Դեմ եմ» պաստառներով լուսանկարվում էին՝ այդկերպ արտահայտելով իրենց բողոքը պարտադիր կուտակային համակարգի ներդրման առնչությամբ: Լրագրողական էթիկայի խախտման մասին սպասվող խոսակցություններն այս անգամ էլ չեն վախեցնում մամուլի միջոցների ներկայացուցիչներին. նրանք համարում են, որ ընդունված՝  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարելը ևս էթիկայի շրջանակներում է:

168.am-ի հետ զրույցում նախաձեռնության հեղինակ, լրագրող Թեհմինա Ենոքյանն ասաց, թե լրագրողական համայնքի դիրքորոշումը այս կամ այն սոցիալական հարցի շուրջ բավական սուր է ընկալվում, ուստի կարող է մեծ ազդեցություն ունենալ պայքարի վրա:

Ինչ վերաբերում է լրագրողական էթիկայի խախտմանը, ապա Թեհմինա Ենոքյանը վստահ է՝ քաղաքացիական դիրքորոշում հայտնելով լրագրողը չի խախտում էթիկայի ոչ մի նորմ: «Այս դեպքում, նախորդ դեպքում էլ, երբ ԱԺ-ում լրագրողներն իրենց կարծիքն էին հայտնել, էթիկայի նորմի խախտում չկա: Մենք ինքներս էլ հարկատու ենք, մեր աշխատավարձից էլ գանձվելու են նախատեսված այդ գումարները: Սա նախաձեռնություն է՝ լրագրողներ, ասեք ձեր կարծիքը, լրագրողներ՝ ձեր ներդրումն ունեցեք քաղաքացիական պայքարում, որովհետև մեզնից յուրաքանչյուրի խոսքը լսելի է»,- նշեց նա:

Նա շեշտեց, թե լրագրողները ևս ՀՀ քաղաքացիներ են, ունեն հոգսեր, որոնց մասին երբևէ չեն բարձրաձայնել. «Ժամանակն է իրերը կոչենք իրենց անուններով»:

Կարդացեք նաև

Լրագրողն Սոնա Դավթյանն էլ մեզ հետ զրույցում դժվարացավ պատասխանել այն հարցին, թե ի՞նչ է տալու լրագրողների միացումը ակցիային: Նա հիշեցրեց, որ հասարակական տրանսպորտի սականգնի թանկացման դեմ միտված ակցիային ևս դժվար էր պատասխանել այն հարցին, թե ի՞նչ է տալու լրագրողական համայնքի մասնակցությունը շարժմանը: «Բացի դրանից՝ ես չեմ վստահում թե այս կառավարությանը, թե այս իշխանությանը, չեմ հավատում, որ 25 տարի հետո ինձնից պարտադիր կերպով գանձնով գումարները հետ են վերադարձվելու»,- նշեց նա:

Սոնա Դավթյանը հավելեց, որ եթե օրենքը կիրառվի ոչ թե պարտադիր, այլ կամավոր սկզբունքով քաղաքացիները կունենան ընտրելու հնարավորություն, ինչը կմեղմացնի իրավիճակը: «Ոչ ոք իրավունք չունի քաղաքացու փոխարեն նրա գրպանը մտնելու և որոշելու, թե ինչքան պետք է պահվի քաղաքացու աշխատավարձից: Առավել ևս, երբ ոչ բոլորի աշխատավարձն է բարձրացել»,- ընդգծեց նա:

Մեր հարցին, թե արդյոք մտավախություն չկա՞, որ շատերը սա կորակեն լրագրողական էթիկայի խախտում, ինչպես ԱԺ-ում տեղի ունեցած լրագրողների ակցիայից հետո, Ս. Դավթյանը պատասխանեց, թե ինքը չի համարում դա էթիկայի խախտում: «Լրագրողն ամեն ժամ ինքնաաշխատանքի մեջ է և հարց է առաջանում՝ ո՞ր դեպքում լրագրողը պիտի արտահայտի իր քաղաքացիական դիրքորոշումը: Կարծում եմ՝ քաղաքացին բաժանել լրագրողից՝ արհեստական է»,- նշեց նա:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս