Բաժիններ՝

«Հայաստանը գրագետ ու կիրթ զանգվածից ազատելու քաղաքականություն եմ տեսնում»

Լուսինե Խաչատրյանը նոր է վերադարձել Հայաստան. նա սովորում էր Շոտլանդիայում, Ստիռլինգի համալսարանում: Լուսինեն Միացյալ Թագավորություն էր գնացել՝ կրթությունը շարունակելու «Չիվնինգ» ծրագրի շրջանակներում: Սա բրիտանական կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն իրակականացվում է գրեթե բոլոր զարգացող երկրներում (մոտ 120 երկիր), այդ թվում` Հայաստանում:

Մեր երկրում ամեն տարի՝ 1-2, իսկ առավելագույնը՝ 3 կրթաթոշակ է տրամադրվում այս ծրագրով` մրցույթի միջոցով: Մրցույթի հաղթող մասնակիցները գնում են սովորելու իրենց նախընտրած մասնագիտություններով Միացյալ Թագավորությունում գործող առաջատար համալսարաններում և կրթությունն ավարտելուց հետո վերադառնում իրենց երկրներ:

«1.5 տարի Հայաստանից բացակայելուց հետո կարծես նորովի ես նայում քո երկրին, սկզբում՝ ասես զբոսաշրջիկի աչքերով, որոշ ժամանակ կարծես մի կեսդ այստեղ է, իսկ մյուսը` այնտեղ` հեռվում: Իրականում 1.5 տարին այդքան էլ փոքր ժամանակահատված չէ, ու այդ ընթացքը քո հայրենիքում անցել է առանց քեզ»,- ասում է Լուսինե Խաչատրյանը ու նշում, որ այնտեղ` Միացյալ Թագավորությունում անցկացրած իր մեկ տարին լի էր դրական էմոցիաներով: «Ամեն ինչ շատ դրական էր, նոր միջավայր, նոր մշակույթ ու ավանդույթներ, նոր ընկերներ ու ծանոթություններ: Իհարկե, ամեն ինչ սահուն չէր, սակայն դժվարություններին էլ ավելի թեթև ես նայում:

Երբ շուրջբոլորդ ամեն ինչ դրական է, ինքնըստինքյան այդ դրականը համակում է նաև քեզ: Այժմ, երբ վերադարձել եմ Հայաստան, կհավատա՞ք, թե՞ ոչ, սակայն ամեն քայլափոխի նկատում եմ միայն բացասականը: Երբեմն ուզում եմ միայնակ դուրս գալ, քայլել, բայց երթուղային տաքսի չնստել, տաքսիներից չօգտվել, միայն նրա համար, որ բացասական տրամադրություններից հեռու լինեմ»,- ասում է Լ.Խաչատրյանը: Նրա խոսքով` ամեն երկրից էլ գնում են, և այնպես չէ, որ միայն Հայաստանից են գնում մարդիկ. «Իհարկե, թեև մեր պարագայում մտահոգվելու տեղ իրականում ունենք, սակայն մի փոքր դրականը մեզ չէր խանգարի»:

Կարդացեք նաև

Նրա խոսքով` Շոտլանդիայում, օրինակ, որտեղ ինքն է սովորել, ինչ-որ քոլեջ կամ ավագ դպրոց ավարտողն իրեն համապատասխան որևէ աշխատանք կգտնի, սա՝ այն դեպքում, երբ իրենց՝ շոտլանդացիների համար բարձրագույն կրթություն ստանալն անվճար է, չես տեսնի մեկին, որ սովորում է պարզապես բարձրագույն կրթություն ունենալու համար: «Հայաստանում ծնողներն ամեն ինչ անում են, որպեսզի իրենց երեխան բարձրագույն կրթություն ստանա, որպեսզի գոնե որևէ աշխատանք կարողանա գտնել»,- ասաց Լ. Խաչատրյանը: Մեր զրուցակիցը նշում է, որ Հայաստանում նույնն են նաև աշխատանք գտնելու հետ կապված կարծրատիպերը, շատերին թվում է, որ արտերկրում ամեն ինչ շատ սահուն է ու հեշտ, սակայն իրականում արտերկիրն էլ իր դժվարություններն ունի:

«Վերջին մի քանի ամիսների ընթացքում, երբ Անգլիայում էի, փորձում էի շփվել նաև տեղի հայ համայնքի հետ, հայկական եկեղեցի էի գնում ու հանդիպեցի հայերի, որ նույնիսկ երկար ժամանակ բնակվելով Լոնդոնում՝ ամենևին էլ գոհ չէին իրենց տեղի կյանքից, հավանաբար դա էլ մարդկային տեսակի հետ է կապված: Հանդիպեցի մարդկանց, որ ասում էին՝ տեղի համալսարաններն ավարտելուց հետո աշխատանք չեն կարողացել գտնել ու ստիպված են եղել գոնե գոյատևելու համար ամեն պատահած աշխատանք կատարել, մի բան, որ Հայաստանում նույն այդ մարդիկ հաստատ չէին անի: Մի հայ երիտասարդի հետ էի զրուցում, մոտ տասը տարի Լոնդոնում էր ապրել, Անգլիայում երկու համալսարան ավարտել, ամուսնացել ու այժմ էլ բանկում էր աշխատում, այսինքն` ապահովված էր, սակայն ասում էր, որ երջանիկ չէ: Երբ խոսում էինք Հայաստան վերադառնալու մասին, նա ասաց՝ ամեն ինչ ուզում է անել, որ ետ վերադառնա:

Բայց նաև հանդիպել եմ շատերին, որ ապրում էին, ասենք, արևելյան Լոնդոնում, այնպիսի թաղամասերում, որտեղ հիմնականում Հնդկաստանից, Պակիստանից, Բանգլադեշից եկածներն էին բնակվում, ու նրանք էլ կարծես միաձուլված այդ ազգերի հետ՝ ապրում էին ու իրենց երջանիկ էին զգում, Հայաստանի անունն էլ լսել չէին ուզում: Իմ կարծիքով՝ Հայաստանը լքելով՝ ամեն հայ ինչ-որ բան հաստատ կորցնում է, իհարկե, դրա դիմաց նաև ինչ-որ բան ստանալով, սոցիալական ապահովվածության իմաստով` սոված չեն մնում, բայց հաստատ ինչ-որ մի բան կորցնում ես»,- ասաց Լ. Խաչատրյանը` նշելով, որ գտածի ու կորցրածի հարաբերակցությունը 50/50 է:

Մեր զրուցակիցը 1.5 տարի հետո Հայաստան վերադառնալով՝ նկատել է, որ Հայաստանում քաղաքացիական ակտիվություն է նկատվում:

«Երբ Միացյալ Թագավորությունում էի, հիշում եմ՝ Մարգարետ Թեթչերի մահվան արարողության ժամանակ հարյուրավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոց, և այդ քայլով իրենց բողոքն ու բացասական վերաբերմունքն էին արտահայտում նրա վարած քաղաքականության ու արարողակարգի համար ծախսված գումարների չափի պատճառով: Հայաստանում եթե ինչ-որ բան փոխենք, մենք պետք է փոխենք: Վստահ եմ, որ եթե քաղաքացիական ակտիվության մակարդակն էլ ավելի ավելանա, ապա շատ-շատերը նաև դրսից կգան և կմիանան այդ պայքարին:

Միևնույն ժամանակ, տեսնում ես նաև, որ այդ պայքարը ճնշողների թիվն է մի քանի անգամ ավելացել, մարդկանց անձամբ են հետապնդում, մարդկանց ոստիկանական մեքենայում խցկելն ու օրերով, ժամերով կամ տարիներով պահելը սովորական է դարձել: Այս ամենում երբեմն քաղաքականություն ես տեսնում, Հայաստանը գրագետ ու կիրթ զանգվածից ազատելու քաղաքականություն»,- ասաց Լ. Խաչատրյանը` նշելով, որ այդ ամենը միտված է Հայաստանը դատարկելուն, սակայն ուրախալի է, որ կիրթ ու պայքարող զանգվածն ավելանում է, և հատկապես երիտասարդներն իրենք են փորձելու պայքարել իրենց իրավունքների ու ապագա բարեկեցության համար:

Ինչ վերաբերում է Հայաստանում իր հետագա ծրագրերին, մեր զրուցակիցն ասաց, որ ինքն այժմ սկսել է աշխատանք փնտրել: Թեև նշում է, որ արտերկրում սովորելուց և Հայաստան վերադառնալուց հետո փորձը հայաստանյան աշխատաշուկայում առանձնապես չի արժևորվում, բայց հուսով է, որ կկարողանա ստացած գիտելիքներն ու փորձը հօգուտ իրեն օգտագործել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս