Կանաչապատո՞ւմ, թե՞ դրամաշորթության նոր միջոց
Երևանի քաղաքապետարանը կանաչապատումը նոր մահակ է դարձրել մայրաքաղաքի տնտեսվարողների գլխին ու միլիոնավոր դրամի գումարներ է ապահովում քաղաքային բյուջեի համար: Դեռ անցած տարվա ամռանը շուրջ 700 ընկերություններ վարչական շրջաններից ստացել են արձանագրություններ, որոնցով տնտեսվարողները տեղեկացվել են 20 հազար դրամի չափով վարչական տույժի ենթարկվելու մասին:
Արձանագրությունների մեջ նշված է եղել, որ վարչական շրջանի տեսուչի կատարած շրջայցի ժամանակ պարզվել է, թե հայցվորի տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի տարածքի հարակից սիզամարգը բարեկարգված և կանաչապատված չի եղել:
ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի 156 հոդվածի (Ընդհանուր օգտագործման տարածքներում բարեկարգման կանոնները խախտելը) 2-րդ մասով նախատեսված է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:
Մի խումբ գործարարներ մեզ հետ զրույցում հայտնեցին իրենց վրդովմունքը, որ իրականում քաղաքապետարանի աշխատակիցները փորձել են օրենքն իրենց ցանկությամբ «կիրառել», քանի որ «բարեկարգման կանոնները խախտելը» շատ լայն հասկացություն է, որի մեջ չի հստակեցվում կանաչապատման հարցը: Մինչդեռ, ըստ նրանց, նույն օրենքի հաջորդ կետով (Հոդված 157) ընդհանուր օգտագործման տարածքներում կանաչ գոտիները վնասելը նույնպես առաջացնում է տուգանքի նշանակում:
Միաժամանակ, Երևանի ավագանու «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի` իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» N 48-Ն որոշման 15 կետը սահմանում է, որ «Կանաչապատման աշխատանքները ենթակա են պարտադիր կատարման միայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Բնապահպանության վարչությանը ներկայացված ֆիտոնախագծի հաստատումից» հետո:
«Ինձանից չի պահանջվել ներկայացնել ֆիտոնախագիծ, այլ պահանջվել է կանաչապատում` առանց այդ նախագծի: Սա աբսուրդ է, չինովնիկները չարաշահում են իրենց դիրքն ու մարդկանց կրակն են գցում, ինչ է թե` իրենց իրավաբանները սխալ որոշում են ընդունել»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը` շեշտելով, որ գրասենյակների հարակից տարածքներում կանաչապատում կարելի է իրականացնել միայն քաղաքապետարանի մասնագետի հատուկ թույլտվությամբ, այլապես կարող են վնասակար բույսեր տնկել, և «աչքը սարքելու փոխարեն` ունքը կհանեն», իսկ այդ ժամանակ տուգանքն ավելի մեծ կլինի:
Տնտեսվարողներից շատերն ընդվզել են և դիմել դատարան` իրենց իրավունքները պաշտպանելու համար: Վարչական դատարանը մի քանի գործ արդեն վարույթ է ընդունել, մյուսները նախնական քննության փուլում են: Հայցվորները Վարչական դատարանին խնդրում են իրենց նկատմամբ առաջադրված վարչական իրավախախտման գործի վերաբերյալ Երևանի քաղաքապետի որոշումը վերացնել, քանի որ ո՛չ արձանագրություններում, ո՛չ քաղաքապետի որոշման մեջ, և ո՛չ այլ ուրիշ փաստաթղթերի մեջ հստակ չի նշվում, թե հասցեի որ հատվածն է գտնվում հայցվորի տիրապետման տակ, որ մասում և ինչ աշխատանքներ չեն իրականացվել:
Արձանագրությունում նշված է նաև, որ հարակից սիզամարգը կանաչապատված և բարեկարգված չէ, իսկ քաղաքապետի որոշման մեջ հայցվորին առաջարկվում է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները վերացնելու ուղղությամբ: Ըստ հայցվորներից մեկի` կանաչապատումը չիրականացնելու էական պատճառներից մեկը նշված տարածքում ոռոգման ջրի բացակայությունն է:
Ընդ որում, հասկանալի չէ, թե որ դեպքում բարեկարգումը քաղաքապետարանի կողմից կարող է դիտվել բավարար, քանի որ չկա ոչ մի համապատասխան նորմ կամ չափորոշիչ, բացակայում է կանաչապատման ծրագիրը և տարածքի տիրապետման գծագիրը: Դրա արդյունքն էլ այն է, որ քաղաքապետարանի աշխատակիցները կամայական մեկնաբանություններ են արել:
«Տպավորությունն այն է, որ քաղաքապետարանի և թաղապետարանի խնդիրը ոչ թե մեր օգնությամբ քաղաքը կանաչապատելն և բարեկարգելն է, այլ պարտադիր կերպով մեզ տուգանքի ենթարկելը»,- նշեցին բողոքող տնտեսվարողները: