Երբ «բանավիճում» են կատարողները
Եվ այսպես, ինչպես և սպասվում էր, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը երեկ հերթական հայտարարությունը տարածեց՝ պատասխանելով ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին և կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանին։
Հիշեցնենք, թե ինչ էր ասել Արմեն Մովսիսյանը, մասնավորապես, 2002 թվականին իրականացված «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի մասին։
«Պարոն Քոչարյանի կողմից նախաձեռնված «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքից այս գործարքը, մեղմ ասած, շահեկանորեն տարբերվում է: Տարբերվում է ոչ միայն նրանով, որ գոյացած պարտքի կեսն իր վրա վերցրեց ռուսական կողմը, կամ նրանով, որ երկարատև ժամանակահատվածի համար գազի գնի կանխատեսելի լինելը լուրջ ձեռքբերում է տնտեսության մեջ ներդրումների խթանման համար, այլ, որ սա իսկապես մեր երկրի շահերից բխող ու լուրջ մշակված գործարք է, որն իր հետևից ոչ թե թողնելու է այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ, այլ իրականում կյանք է տալու բազմաթիվ նախաձեռնությունների»:
Ռ. Քոչարյանի գրասենյակը երեկ շնորհակալություն է հայտնել Արմեն Մովսիսյանին՝ «Գույք՝ պարտքի դիմաց» գործարքի մանրամասների համար, և «ամբողջացրել դրանք հավելյալ տեղեկատվությամբ»: «Գույքի փոխանցմամբ պարտքի խնդիրը լուծելու գաղափարը գալիս էր Հայաստանի և Ռուսաստանի նախագահներից: Սակայն «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի բանակցությունները վարվում էին հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որի համանախագահներն այն տարիներին Սերժ Սարգսյանը և Իլյա Կլեբանովն էին: Համաձայնագրի պարամետրերի մասին բոլոր պայմանավորվածությունները, մասնավորապես, ձեռնարկությունների ընտրության, դրանց գնահատման և կողմերի պարտավորությունների վերաբերյալ ձեռք են բերվել հենց միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, ինչը և ամրագրվել է համապատասխան արձանագրություններում: Ինքը՝ Արմեն Մովսիսյանը, որպես էներգետիկայի նախարար, գործընթացի առանցքային մասնակից է եղել էներգետիկ ակտիվների մասով: Պայմանավորվածությունների վերջնական արդյունքները զեկուցվել են ՀՀ և ՌԴ նախագահներին՝ հավանություն ստանալու համար: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը մինչև հիմա էլ համարում է, որ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ, և, որ միջկառավարական հանձնաժողովը լավ է աշխատել: Դատելով հարցազրույցից, Մովսիսյանը ժամանակի ընթացքում վերաիմաստավորել է իր կատարված աշխատանքի գնահատականը և իր անձնական նպաստը այդ համաձայնագրի կայացման գործում: Ի՞նչ արած, երբեմն մարդկանց հետ այդպես էլ է պատահում: Այսքանը 2002թ. համաձայնագրի մասին»,- նշված է երեկ տարածված հաղորդագրության մեջ:
Զուտ զգացմունքային մասը մի կողմ թողնելով՝ փաստենք, որ Ռոբերտ Քոչարյանը «Գույք՝ պարտքի դիմաց»-ը համարում է հաջողված գործարք։
Նախ՝ համառոտ հիշեցնենք այդ գործարքը։ 2002թ. 98 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց 5 ընկերություններ՝ «Մարս» ՓԲԸ-ն (գնահատվել էր 56.29 մլն դոլար), «Երևանի մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ» ՓԲԸ-ն (2.75 մլն դոլար), «Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի ԳՀԻ» ՓԲԸ-ն (3.37 մլն դոլար), «Երևանի նյութագիտության ԳՀԻ» ՓԲԸ-ն (0.35 մլն) և «Հրազդանի» ՋԷԿ-ի գույքահամալիրը (31 մլն):
Հատկապես «Հրազդանի» ՋԷԿ-ն այս ցանկում հատուկ ուշադրության կարիք ունի։ Տարիներ առաջ «Ռեգնումը» հրապարակել էր 2001-ին ՌԴ փոխվարչապետ Ի. Կլեբանովի ծառայողական նամակը ՌԴ կառավարության նախագահ Մ. Կասյանովին: Այն անստորագիր էր, այդուհանդերձ, հիշեցնենք դրա բովանդակությունը. «Էլեկտրաէներգիայի ոլորտը հայկական տնտեսության միակ ճյուղն է, որը միաժամանակյա մեծածավալ ներդրումների ծախս չի պահանջում և ունի արտահանման մեծ պոտենցիալ»:
Այսինքն, ռուսական կողմը փորձել է ոչ միայն իր հսկողության տակ վերցնել ՀՀ ստրատեգիական նշանակություն ունեցող էներգահամակարգը, այլ հատուկ ուշադրություն է դարձրել այն օբյեկտներին, որոնք հնարավոր է շահագործել առանց լուրջ ֆինանսական ներդրումների: Առաջ ընկնելով՝ ասենք, որ այդ նպատակների մեծ մասն իրականություն է դարձել։
Նույն նամակում Կլեբանովը հնարավոր հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների մասին գրել էր, որ եթե դրանք չաշխատեն, ապա այդ փաստը «կշահարկեն հայաստանյան ղեկավարության արևմտամետ շրջանակները»:
Այս ձեռնարկություններից ոչ մեկն այդպես էլ չի աշխատում։ Կամ, ինչպես նշել է Արմեն Մովսիսյանը, դրանք մահվան են դատապարտվել։
Ռոբերտ Քոչարյանն իր պատասխանում չի էլ վիճարկում այդ պնդումը։ Սակայն նշում է, որ համաձայնագիրը լավն էր ու փոխշահավետ, և որ միջկառավարական հանձնաժողովը լավ է աշխատել: Անկախ արդյունքներից և անկախ նրանից, որ այդ ձեռնարկությունները «մահացած են»։ Ինչպես ասում են, օպերացիան լավ անցավ, բայց ընկերությունը մահացավ։
Նշենք, որ Ռ.Քոչարյանի գնահատականի վրա կարող է ազդել ոչ միայն այն, որ գործարքը տեղի է ունեցել իր նախագահության օրոք, այլ նաև հետևյալ հանգամանքը։ 2008թ. ՌԴ պետական գույքի կառավարման դաշնային գործակալությունը «Մարս» գործարանի և 3 ԳՀԻ-ների կառավարումը 3 տարով հանձնեց «Սիտրոնիքս» ընկերությանը, 2011թ. մայիսին էլ կառավարման պայմանագիրը երկարաձգվեց 10 տարով: Իսկ «Սիտրոնիքս» ԲԲԸ-ն գտնվում է АФК Система ընկերության հսկողության ներքո. 2009-ից այդ ընկերության բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի անդամ է Ռոբերտ Քոչարյանը:
Ինչ վերաբերում է Հրազդանի ՋԷԿ-ին, ինչպես նշեցինք, այն գնահատվել էր 31 միլիոն դոլար։ 1110 ՄՎտ գումարային հզորություն ունեցող «Հրազդանի ՋԷԿ»-ը Հայաստանի խոշորագույն էլեկտրակայաններից է և Խորհրդային Հայաստանի գլխավոր էներգետիկ կառույցներից մեկը, չնայած դրան, ռուսներն այն համարում էին պարզապես «60-ականներին կառուցված ՋԷԿ»։ Մերոնք կրկնում էին այդ խոսքերը՝ ցույց տալու համար, որ այն ռուսներին է տրվել շատ լավ գնով։ Թեպետ դեռ այն ժամանակ խոսակցություններ կային, որ այդ ՋԷԿ-ն Իրանն ավելի բարձր գնով էր պատրաստվում գնել, և, որ այդ գործարքը չկայացավ հենց ռուսական կողմի ջանքերով: Իսկ ընդհանուր առմամբ, անկախ դրանց իրական արժեքից, գործարքը լավը լինել չէր կարող թեկուզ միայն այն պատճառով, որ ռուսներն այդպիսով ստացան իրենց 100 միլիոն պարտքը ռազմավարական գործընկեր Հայաստանից։
Հիշեցնենք նաև, որ դեռ 2002-ին որոշ տեղեկություններ տարածվեցին, որ ռուսական կողմը բանակցային փուլում պահանջել է 5-րդ կիսակառույց էներգաբլոկը կոնսերվացնել ու բացառել այն որևէ այլ սեփականատիրոջ հանձնելը ու նրա միջոցով էլեկտրաէներգիա արտադրելը։ Կլեբանովն, ի դեպ, այն ժամանակ, ըստ էության, չէր հերքել այդ միտքը: «Դա, այսպես ասած, մեր բանակցությունների հաջորդ թեման է… Դա այսօր մեզ համար սկզբունքային հարց չէ։ Այս համաձայնագրի ստորագրումից հետո մենք կնստենք ու հանգիստ կքննարկենք նաև 5-րդ բլոկի հարցը»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել էր Կլեբանովը։
Իրականում, դա շատ սկզբունքային հարց էր։ Ինչպես տեսանք, ռուսներն առանց շտապելու լուծեցին 5-րդ բլոկի և գազամուղի հարցը։ Իսկ ներկայիս իշխանությունների օրոք՝ տիրացան վերջին փշրանքներին ՝ Հայաստանի 20% բաժնեմասին։ Այսինքն, եթե դիտարկում ենք պատմությունը, վերջին 10-11 տարիների ընթացքում ռուսները հետևողականորեն իրենց հսկողության տակ են վերցրել Հայաստանի գրեթե ողջ էներգահամակարգը։ Փուլ առ փուլ, տարբեր իշխանությունների օրոք։
Եվ այս տեսանկյունից դիտարկելով՝ գալիս ենք մի եզրահանգման. Թե՛ «Գույք՝ պարտքի դիմացը», թե՛ 2006-ին 5-րդ բլոկի գործարքը, և՛ թե «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20%-ի հանձնումը նույն գործընթացի տարբեր բաղադրիչներ են։ Այդ գործընթացը ծրագրվել և իրականացվել է Ռուսաստանի թելադրանքով կամ սցենարով, վերջինիս շահերից ելնելով։ Մեր իշխանությունները եղել են պարզապես կատարողներ։ Եվ այսօր առնվազն ծիծաղելի է, երբ տարբեր ժամանակաշրջանների կատարողները մեկը մյուսին մեղադրում են ճիշտ կամ սխալ գործելու մեջ։ Այս հարցում ճիշտ ու սխալ որոշելու անհրաժեշտություն չկա։ Չկա նաև հաջողված ու չհաջողված տարանջատում։ Այդ ամբողջ գործընթացը միանշանակ ճիշտ էր ու հաջողված… Ռուսաստանի համար։
Դրա համար էլ, ինչպես նկատել էր հայաստանյան փորձագետներից մեկը, վերլուծական և քաղաքական իրականությունն ընկալելու ու վերլուծելու սխալը Հայաստանի քաղաքական-տնտեսական պատմությունն ըստ նախագահների ժամանակագրելն է: Կատարվել է ընդհանուր գործ՝ ի շահ «ռազմավարական գործընկերոջ»։ Այնպես որ, բանավիճելու պատճառ և, առավելևս, իմաստ չկա։