
Այս տարի ադրբեջանական բանակում գրանցվել է ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակը վերջին 11 տարում. «Դոկտրինա»

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չնայած վերջին շրջանում պաշտպանական ոլորտի կորուստների ընդհանուր քանակի կրճատմանը՝ չի դադարում բանակում ինքնասպանությունների տագնապահարույց միտումը, ինչի պատճառը բանակում առկա «դեդովշչինան» է:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Դոկտրինա» ռազմական լրագրողական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին՝ ամփոփելով 2013 թվականի արդյունքները: Սումերինլիի խոսքերով՝ նախորդ տարի անվտանգության ու պաշտպանական ոլորտում Ադրբեջանի կորուստները կազմել են 81 զինծառայող, որոնցից 70-ը ոչ մարտական կորուստներ են:
2012 թվականին կորուստների ցուցանիշը կազմել է 97 մարդ (78-ը՝ ոչ մարտական), իսկ 2011 թվականին՝ 99 մարդ (85-ը՝ ոչ մարտական): 2013 թվականին ինքնասպանությունների քանակը կազմել է 16 (2012 թվականին՝ 19, 2011 թվականին՝ 12 մարդ): Նախորդ տարի ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զոհվել է 10 մարդ, 2012 թվականին՝ 19 մարդ, իսկ 2011 թվականին՝ 17 մարդ:
Սումերենլին հիշեցրել է, որ 2013 թվականի հոկտեմբերի 22-ին փոխվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը (1995 թվականի սկզբներից այդ պաշտոնը զբաղեցնող Սաֆար Աբիևին փոխարինել է Զաքիր Հասանովը), ինչը հույսեր էր առաջացրել, որ բանակում կվերացվեն բացասական երևույթները, սակայն 2014 թվականի առաջին երկու շաբաթվա ընթացքում բանակում արդեն իսկ տեղի է ունեցել 4 ինքնասպանություն:
Սումերինլիի խոսքերով՝ դա ինքնասպանությունների ամենաբարձր մակարդակն է վերջին 11 տարում: Նա ընդգծել է, որ պաշտպանության նոր նախարարն իրականացրել է մոտ 100 կադրային փոփոխություն, սակայն նշանակումների մեծ մասն առնչվել է ՊՆ-ի կոռուպցիոն հիերարխիայի նախկին անդամներին և իրականացվել է Սաֆար Աբիևի ու Գլխավոր շտաբի պետ Նեջմեթթեին Սադիգովի միջև դիմակայության հետևանքով:
Սումերինլիի կարծիքով՝ այդ կադրերը չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի չափորոշիչներին. «Բանակում շարունակվում է զինվորներից գումար հավաքելու պրակտիկան, թեև ոչ այնպիսի բաց ձևով, ինչպես որ Աբիևի ժամանակ էր: Սակայն համակարգը դարձել է դրական, քանի որ զինվորն այժմ կարող է ուղիղ բողոք հղել ՊՆ»:
Սումերինլին նկատել է, որ պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովը նոր պաշտոնում կատարած եռամսյա աշխատանքների արդյունքներով մամուլի որևէ ասուլիս չի կազմակերպել, փոփոխություններ չեն գրանցվել նաև ՊՆ-ի մամլո ծառայության աշխատանքում:
Նա ողջունել է զորամասերի խոհանոցներում ու մաքրման աշխատանքներում, ինչպես նաև վարորդների պաշտոններում քաղաքացիական անձանց ներգրավելու նորարարությունը: Սումերինլին անհրաժեշտ է համարել բանակի անձնակազմի հետ աշխատանքներ տանելու նպատակով հոգեբանների ու կրոնական հրահանգիչների ինստիտուտ ստեղծելը:
«Դոկտրինայի» տվյալներով՝ 2003-2013 թվականներին Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 728 զինծառայող, որոնցից 542-ը ոչ մարտական կորուստներ են: