Ե՞րբ կարգելվի ոչ ռուսական մեքենաների ներմուծումը Հայաստան
Ռուսաստանի իշխանությունները որոշել են 2014թ. հուվարի 1-ից արգելել այն ավտոմեքենաների ներմուծումը, որոնք համապատասխանում են EURO-4 ստանդարտին: Սա նշանակում է, որ մինչև 2009թ. արտադրված ավտոմեքենաների ներմուծումը Ռուսաստան կարգելվի, քանի որ 2009թ. սկսած եվրոպական ավտոարտադրողների համար սկսել է գործել նոր EURO-5 ստանդարտը: Պաշտոնական հիմնավորումն այն է, որ իշխանությունները մտահոգված են շրջակա միջավայրի պաշտապանությամբ և ցանկանում են սահմանափակել մթնոլորտ վնասկար նյութերի արտանետումը:
Ռուսական հասարակության մոտ այս հանկարծակի ընդունված որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել: Ռուսական մամուլը տարբեր համեմատություններ է անցկացնում` ցույց տալու համար այդ որոշման անհեթեթությունը: Նախ նշվում է, որ Գերմանիայում, որտեղ գործում են ամենախիստ բնապահպանական չափանիշները, նման խիստ պահանջներ չկան: Բացի այդ, Ռուսաստանում վաճառվող բենզինն իր որակական հատկանիշներով չի համապատասխանում անգամ EURO-3 ստանդարտներին:
Իսկ մեքենաների կողմից մթնոլորտ արտանետվող վնասկար նյութերի քանակը կապված է ոչ միայն մեքենայի շարժիչի տեխնիկական որակներից, այլ նաև թե ինչպիսի վառելիք է այն օգտագործում: Մյուս համեմատությունն այն է, որ ռուսական արտադրության ավտոբուսներն ու բեռնատարները ավելի շատ վնասկար նյութեր են արտանետում, քան նույնիսկ ռազմական ինքնաթիռները, և մինչև մարդատար մենքենաների համար նման խիստ չափանիշներ սահմանելը, լավ կլիներ եթե նմանատիպ չափանիշներ սահմանվեին նաև բեռնատարների և ավտոբուսների համար, որոնք բացի մթնոլորտ արտանետվող գազերից, բնությունը աղտոտում են նաև շարժիչներից թափվող յուղով, որի քանակը օրական տասնյակ տոննաների է հասնում:
Իսկ ամենակարևոր համեմատությունն այն է, որ արգելելով EURO-4 չափանիշներին համապատասխանող արտասահմանյան մեքենաների ներմուծումը, Ռուսաստանի իշխանությունները աչք են փակում այն փաստի վրա, որ ռուսական ավտոարտադրողների թողարկած մեքենաները չեն համապատասխանում անգամ մերժելի EURO-4-ի չափանիշներին:
Իսկ ինչո՞ւ են Ռուսաստանի իշխանությունները որոշել այդքան խիստ գտնվել արտասհմանյան ավտոարտադրողների նկատմամբ և անհամեմատ ավելի մեղմ սեփական ավտարտադրողների նկատմամբ: Եթե նրանց իսկապես հետաքրքրում են բնապահպանական խնդիրները, եթե նրանք իսկապես ցանկանում են, որ երկրի քաղաքացիները ավելի մաքուր օդ շնչեն, ի՞նչ տարբերություն մթնոլորտը աղտոտող մեքենաները ռուսակա՞ն, թե՞ գերմանական արտադրության են: Նման խտրականությունը ցույց է տալիս, որ իրականում Ռուսաստանի իշխանությանը շատ քիչ է հետաքրքրում էկոլոգիան և մթնոլորտ արտանետվող թունավոր նյութերի քանակի սահմանափակումը: Եթե դա իսկապես այդպես լիներ նրանք խիստ չափանիշեր կսահանեին մթնոլորտը ավելի մեծ չափով աղտոտող արդյունաբերական ձեռնարկությունների նկատմամբ և տարբերություն չէին դնի սեփական և արտասահմանյան արտադրության մեքենաների նկատմամբ: Իշխանությունն իր այս քայլով փորձում է փրկել սեփական փլուզվող ավտոարդյունաբերությունը, ռուս մարդկանց ստիպողաբար նստեցնել ռուսական արտադրության մեքենաներ:
2013թ. տվյալներով` մարդատար մեքենաներ արտադրող ռուսական Lada ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են ավելի քան 12 տոկոսով: Եթե 2012թ. այս ընկերություն վաճառել է 608 հազար մեքենա, ապա 2013թ. 534 հազար: Գրեթե նույնպիսի դինամիկա է առկա 2011 և 2012թթ տվյալների համեմատության դեպքում:
Ռուսաստանի իշխանությունները սեփական ավտոարտադրությունը չեն կարողանում փրկել ավելի մրցունակ մեքենաներ արտադրելու միջոցով: Ռուսաստանցի գնորդները գերադասում են գնել 10 տարվա վաղեմության գերմանական, քան նոր ռուսական մեքենաները: Միակ փրկությունը մնում է շուկան վարչական մեթոդներով փակելը, ինչը որոշվել է անել: Եթե դա էլ չօգնի` հնարավոր է, որ արգելեն նաև EURO-5 չափանիշին համապատասխանող մեքենաների ներմուծումը, և նախընտրելի համարեն EURO-6-ը, որը ԵՄ տարածքում կսկսի գործել 2016 թվականից:
Իսկ որքանո՞վ սա կարող է կապ ունենալ Հայաստանի հետ: Շուտով Հայաստանը կդառնա Մաքսային միության անդամ և Ռուսաստանը փորձելու է նույն չափանիշներն ու արգելքները պարտադրել Հայաստանին: Հայաստանում այժմ մեքենաների ներմուծման վրա որևէ արգելք գոյություն չունի և կարելի է ներմուծել ցանկացած թվականի արտադրության փոխադրամիջոց: Հայաստան ներմուծվող մեքենաների մեծ մասը EURO-2 և EURO-3 ստանդարտի մեքենաներ են: Ի՞նչ կլինի, եթե Հայաստանում ևս արգելվի EURO-5-ից ցածր մեքենաների ներմուծումը, այն պատճառաբանությանբ, որ դրանք հետագայում կարող են հայտնվել Ռուսաստանում:
Նման պայմաններում մեքենաների գները այնքան կբարձրանան, որ հայ ավտոսիրողների համար ռուսական ավտոմեքենաշինության նորագույն ձեռբերումները կդառնան միակ հնարավոր պարտադիր-կամավոր ընտրությունը:
Սա այնքան էլ անիրատեսական հեռանկար չէ: Եթե Ռուսաստանը նման ցանկություն չունենար, ապա նրան ընդհանրապես պետք չէր լինի Հայաստանին մտցնել Մաքսային միություն: