Բաժիններ՝

«Հայաստանը նոր հնարավորություններ է ստանում Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու համար». Գագիկ Մակարյան

Իրանի և Արևմուտքի հարաբերությունների սառեցման ժամանակաշրջանում Հայաստանը լավ չօգտագործեց Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու ստեղծված հնարավորությունները, որովհետև Իրանը շատ հակված էր զարգացնելու իր առևտուրը, ներդրումները և այլն: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, իհարկե, որոշ քայլեր կատարվեցին, բայց դրանք ավելի մեծ մասշտաբով կարելի էր անել, որովհետև Իրանն ուրիշ տարբերակ չուներ, քան ՀՀ-ի հետ զարգացնել իր սահմանափակ հնարավորությունները, իսկ Հայաստանը կարող էր հիմնավորել, թե ինչու Իրանի հետ ավելի լայն համագործակցության մեջ պետք է մտնի, որովհետև ԱՄՆ-ը և Եվրոպան ճնշում էին ու հասկացնել էին տալիս՝ էմբարգոյի պատճառով շատ չհամագործակցել:

«Այժմ տրամադրությունները փոխվում են, և այդ հողի վրա պետք է հիմնավորված ձևով զարգացնել հարաբերություններն Իրանի հետ»,- ասաց Գ.Մակարյանը՝ մատնանշելով մի քանի կետեր. Իրանը տնտեսական առևտրի մեծ հնարավորություն տվող պետություն է, և ՀՀ-ի առաջին քայլերը կարող են լինել այստեղ համատեղ բիզնեսներ հիմնելու ուղղությամբ, ներդրումներ ներգրավելով: Պարսիկները հետաքրքրված են Հայաստանով՝ որպես այլ երկրների շուկաներ մոտք գործելու հանգամանքով, նաև ունենալով կապիտալ՝ չեն կարողանում այլ երկրներում այն օգտագործել: Հայաստանը կարող է «դուռ» լինել դեպի այլ երկրների շուկաներ: Պարսիկները Երևանը դիտում են՝ որպես գեղեցիկ, զարգացած քաղաք՝ մոտ եվրոպական քաղաքակրթությանը, այնպես, ինչպես հայերն են տպավորվում եվրոպական երկիր գնալուց հետո: Իրանն աշխարհի մասշտաբով շատ հզոր գործարաններ ունի՝ ցեմենտի, պղնձի արտադրության, քիմիական արդյունաբերության և այլ: Հայկական չգործող գործարանները կարելի է իրանական փողերով արդիականացնել և վերագործարկել: Ըստ Գ.Մակարյանի՝ հարկավոր է այդ տրամադրություններն օգտագործել և համատեղ ձեռնարկություններ զարգացնել:

Նա նշեց, որ Իրանը տարբեր ոլորտներում ունի տեխնոլոգիական արտադրություն, օրինակ՝ մետաղյա խողովակների, քիմիական պլաստիկ նյութերի և այլ ապրանքների, որոնք եվրոպական որոշ երկրների հետ համատեղ են կազմակերպել և կարող են որոշ չափով դրանք տեղափոխել Հայաստան:

Եվ քանի որ Իրանի հնարավորությունները մեծանում են աշխարհաքաղաքական առումով, Հայաստանը պետք է Իրանի դերը մեծացնի և որպես բալանս օգտագործի հարևան երկրների հետ հակամարտության խնդիրների մեջ, և, Գ.Մակարյանի կարծիքով՝ եթե Իրանը նախկինում այդ դերը ստանձներ՝ իրեն չէին լսի, խոսքը կշիռ չուներ Եվրոպայի կամ ԱՄՆ-ի առաջ, այժմ դերը փոխվում է, և քաղաքական տեսակետից կշիռը մեծանում է, ու նրա միջնորդությունը կընկալվի, հաշվի կնստեն իր հետ, ինչն էական կարող է լինել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում: Միաժամանակ, ըստ Մակարյանի, Հայաստանն ինքը կարող է քաղաքական միջնորդ լինել Իրանի համար, քանի որ դրական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ երկրների հետ. «Հայաստանը, փոքր լինելով հանդերձ, կարող է միջնորդի դեր ստանձնել: Այս դեպքում փոքրությունն ավելի ձեռնտու է, քանի որ, եթե խոշոր պետությունը ստանձնի այդ դերը, դա կարող է դիտվել որոշակի շահերի շրջանակներում, իսկ Հայաստանն ավելի աննկատելի կերպով կարող է այդ միջնորդությունը տանել»:

«Իրանի հետ տուրիզմի ոլորտում մի քանի տարի առաջ ունեցած հաջողությանը կարելի է անդրադառնալ, որ, ցավոք, լիարժեք չկարողացանք օգտագործել, ինչին նաև էմբարգոն խանգարեց, որ անհրաժեշտ քանակի արտարժույթ չունեին, որ երկրից դուրս գային նրանք: Հիմա կարելի է զբոսաշրջային ուղղությունը ևս զարգացնել: Ի վերջո, պետք է հաշվի առնել, որ տնտեսական տեսանկյունից ունենք երկու ելք՝  Իրանի և Վրաստանի կողմից, և, քանի որ Հարավ-Հյուսիս ճանապարհը նոր հնարավորություն է ստեղծում, պետք է փորձել խթանել Իրան-Հայաստան առևտրի մասը և որպես տարանցիկ պետություն հանդես գալ, այդ ճանապարհի շուրջ ծառայությունները զարգացնել և նպաստել Իրանի բեռնափոխադրողների ակտիվացմանը»,- հավելեց Գ.Մակարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս