Փուչիկի փուչիկը
«Շինարարական փուչիկի» թեման, ըստ երևույթին, դեռ տևական ժամանակ կլինի Հայաստանի ներքաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում։ Ռոբերտ Քոչարյան- Տիգրան Սարգսյան բանավեճը ոչ միայն չի ավարտվում, այլ ամեն օր համալրվում է նոր երանգներով։
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «գույնզգույն աղյուսակներով հոդվածի»՝ սուր քննադատության ենթարկելով կառավարությանը նաև գազային համաձայնագրերի և պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի առնչությամբ։
Վարչապետն այս հարցազրույցին դեռ չի պատասխանել։ Սակայն նրա փոխարեն այս հեռակա երկխոսությունը հասցրել են մեկնաբանել գրեթե բոլոր տնտեսական և քաղաքական գործիչները։
Իսկ ի՞նչ համատեքստում։ Նախ՝ դիտարկենք ընդդիմության գնահատականները։ Ընդհանուր առմամբ, խորհրդարանական ընդդիմության թիրախում հայտնվեց հենց Տիգրան Սարգսյանը։ Ընդհանուր մոտեցումը հետևյալն էր. կապ չունի՝ շինարարությո՞ւնն էր տնտեսության առաջ քաշող ուժը, թե՞ այլ ոլորտ։ Կարևորը՝ տնտեսական աճ կար։
Օրինակ՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում լայնածավալ մեկնաբանություն էր հրապարակել Սարգսյան-Քոչարյան տնտեսական բանավեճի վերաբերյալ, որում նշել էր. «ՀՆԱ-ի մեջ շինարարության տեսակարար կշիռը մի պահ նույնիսկ 25% է կազմել։ Լավ, հետո՞ ինչ։ Ի՞նչ կապ ունի սա վարչապետի հասցեին հնչեցրած քննադատության հետ։ Ոչ մի։ Մարդիկ ինչ-որ ձևով ապահովում են տնտեսական աճ։ Հիմա 2008-ին գլխավորելով կառավարությունը, վարչապետը, եթե նա տնտեսական աճի նախկին մոդելը սխալ էր համարում, թող նոր մոդել ներդներ։ Ի՞նչ կարիք կա նախկինից բողոքելու»։ Բագրատյանը նաև նշել էր, որ չի կարելի ասել, թե՝ գիտե՞ք ինչ, ոչ թե ես եմ դանդաղ աճում, այլ դուք էիք արագ զարգանում։
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հարցազրույցներից մեկում նշել էր, որ շինարարությունը Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը պետք է լիներ և շարունակեր այդպիսին մնալ՝ տեսակետ հայտնելով, որ դա փաստ է, իրականություն է և օբյեկտիվորեն հիմնավորված է: Ավելին, Հրանտ Բագրատյանն ու Արծվիկ Մինասյանը վիճարկում էին ոչ միայն վարչապետի հոդվածի հիմնավորվածությունը, այլ, խոշոր հաշվով, նրան մեղադրում տնտեսագիտական դիլետանտիզմի մեջ։ Նրանք երկուսն էլ նշել են, որ «շինարարական փուչիկ» հասկացություն, ինչի մասին հիշատակել էր վարչապետը, ժամանակակից տնտեսագիտության մեջ չկա։
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնպես համաձայն չէր «փուչիկ» հասկացության հետ։ «Շուկայական տնտեսությունը զարգանում էր, և ներդրումները հոսում էին այնտեղ, որտեղ շահութաբերություն կար, մասնավորապես՝ շինարարություն: Անշարժ գույքի գներն աճում էին տարին տարվա վրա՝ առանց որևէ մեկի հրամանի»,- ասել էր նա։
Տնտեսագետ, նախկին ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը մասնագիտական առումով ամբողջությամբ կողմ էր արտահայտվել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում տեղ գտած բոլոր տեսակետների հետ: Նա համոզմունք էր հայտնել, որ վարչապետի ներկայացրած մասնագիտական վերլուծության վերաբերյալ սպառիչ պատասխան է տալիս հենց Ռոբերտ Քոչարյանը, և նրա տված պատասխանը շատ ավելի բարձր է, ավելի մեծ նշանակություն ունի և ավելի ճիշտ է, քան կարող էր ասել ինքը` որպես տնտեսագետ:
Մի խոսքով, ընդդիմադիր կամ իրեն այդպիսին ներկայացնող հատվածը, որքան էլ տարօրինակ լինի, միավորվեց այն տեսակետի շուրջ, որ շինարարության փուչիկ ասվածն անիմաստ հասկացություն է, շինարարության աճը նորմալ էր, և ավելին՝ ավելի լավ է շինարարության հաշվին լինի տնտեսական աճ, քան տնտեսական անկում։ Քոչարյանին ուղղված քննադատություն ընդդիմադիր հատվածից (զուտ մասնագիտական առումով) գրեթե չհնչեց։ Միայն փորձագետ Հարություն Մեսրոբյանը քննադատության ընդհանուր չափաբաժին ուղղեց երկուսին միաժամանակ՝ ասելով. «ՀՀ-ում 1991 թվականից մի այնպիսի կառավարման համակարգ է ստեղծվել, որ Բիլ Գեյթսն էլ գա, վարչապետ դառնա, ոչինչ չի կարողանա անել, քանի որ համակարգն ինքը թույլ չի տալիս»:
Եվ այսպես, ինչո՞ւ ընդդիմադիր տնտեսագիտական միտքը Ռոբերտ Քոչարյանին գրեթե չքննադատեց՝ կենտրոնանալով միայն վարչապետի վրա։ Մի՞թե տնտեսագիտական առումով քննադատելու հիմք չկա։ Իհա՛րկե կա։ Հենց նույն շինարարական բումի մութ կետերն ու «ատկատները», դոլար-դրամ փոխարժեքի խայտառակ խաղերը, որոնք արտահանմանը լուրջ վնաս հասցրին, կոռուպցիայի խորացումը, «Գույք՝ պարտքի դիմացը» և բազում այլ հարցեր։ Սակայն ընդդիմությունն այդ հարցերի վրա չկենտրոնացավ, ի թիվս այլ պատճառների՝ նաև այն պատճառով, որ այս դեպքում Քոչարյանին քննադատելով՝ կստացվեր, որ անուղղակիորեն սատարում են ներկայիս վարչապետին։
Լավ, իսկ այդ դեպքում ինչպե՞ս բացատրել իշխանության պասիվությունը։ Հակառակ կողմից՝ ՀՀԿ-ից, ի պաշտպանություն Տիգրան Սարգսյանի՝ մասնագիտական կարծիքներ չեն հնչում։ Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը և Արմեն Աշոտյանն արձագանքել են Ռ. Քոչարյանի երկրորդ հարցազրույցին, սակայն նրանք տնտեսագետներ չեն, և նրանց մեկնաբանություններն այլ հարթության մեջ էին։ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի երեկվա խոսքերն այս առումով բացառություն էին։ Ավելին՝ Արմեն Մովսիսյանը Քոչարյանին փաստացի մեղադրեց «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով խոշոր ձեռնարկությունները «մահվան դատապարտելու» մեջ։ Սակայն Ա. Մովսիսյանը, մի քանի տարի տևած գազային խուճուճ պատմություններից և «կռուտիտներից» հետո, այնպիսի հեղինակություն է ձեռք բերել, որ հանրությունը նրան գրեթե չի վստահում։
Իհարկե, Տիգրան Սարգսյանին մասնագիտորեն կարող են ձեռք մեկնել տնտեսական բլոկի իր թիմակիցները՝ մի հաստափոր աշխատություն գրելով 1998-2008թթ. ընթացքում տնտեսական քաղաքականության ընթացքում թույլ տրված սխալների մասին։ Սակայն նման պատասխանի դժվար թե ականատես լինենք։ Որովհետև լուրջ և փաստարկված քննադատությունը նման կլինի ինքնախոստովանական ցուցմունքի. իշխանության մեջ դե յուրե մի քանի անձինք փոխվել են, սակայն համակարգը, ըստ էության, նույնն է։ Տիգրան Սարգսյանն, օրինակ, չի կարող Քոչարյանին մեղադրել արտահանման «հերն անիծելու» մեջ, որովհետև, երբ դրամն արժևորվում էր՝ հարստացնելով ներմուծողներին և հարվածելով արտահանողներին, դրամավարկային քաղաքականության պատասխանատուն ինքն էր։ Դրա համար Տ. Սարգսյանի՝ լուրջ հակահարված տալու հնարավորություններն ի սկզբանե սահմանափակ են։ Նա չի կարող բացել բոլոր փակագծերը։ Ինչը, կրկնում ենք, չի նշանակում, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք տնտեսական քաղաքականությունն ավելի ճիշտ ու արդյունավետ էր, քան հիմա։
Կարճ ասած, եթե իրավիճակը ներկայացնենք արդեն դասական դարձած հարցուպատասխանի օրինակով, ապա դա կհնչի այսպես.
– Հնարավո՞ր է հիմնահատակ և կործանիչ քննադատության ենթարկել Ռոբերտ Քոչարյանի տնտեսական (և ոչ միայն տնտեսական) քաղաքականությունը, ընդ որում, փաստարկված և հիմնավորված։
– Հնարավոր է։
– Տիգրան Սարգսյանն ու իր թիմակիցները կգնա՞ն այդ քայլին։
– Ոչ։
Սակայն կա ավելի կոնցեպտուալ և կարևոր հարց, քան հետևյալ հարցերը՝ շինարարության աճը լա՞վ էր, թե վատ, հիպոթեքային պայմանները բարելավվե՞լ են, թե՞ վատացել, կենսաթոշակային բարեփոխումներն արդարացվա՞ծ են, թե՞ ոչ…
Որքան էլ տարօրինակ թվա, նման հարցերի քննարկումը պարզապես զավեշտ է։ Որովհետև նման հարցերը զուտ մասնագիտական, տնտեսագիտական տեսանկյունից քննարկման առարկա կարող էին դառնալ մի երկրում, որտեղ գործում են տնտեսական օրենքները, տնտեսական, քաղաքական և իրավական ինստիտուտները։ Դժվար կլինի գտնել որևէ լուրջ տնտեսագետի, որը համաձայնի զուտ տնտեսագիտական վերլուծություններ անել և դեղատոմսեր առաջարկել Հայաստանի համար, քանի որ քաղաքական համակարգն է հիմքից փտած։ Ինչպե՞ս կարելի է տնտեսական օրենքներ քննարկել մի երկրում, որտեղ երբեք արդար ընտրություններ տեղի չեն ունենում, բիզնեսը սերտաճած է քաղաքականության հետ, մրցակցություն, ըստ էության, չկա, իսկ արդարադատության համակարգը, մեղմ ասած, կախյալ վիճակում է։ Հիշեցնենք, որ հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն վերջերս նշել էր՝ Հայաստանի խնդիրները ոչ թե տնտեսական են, այլ՝ քաղաքական։
Իսկ քաղաքական առումով Հայաստանը ճահճի մեջ ավելի խորը մխրճվեց հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Այո, շինարարության շարունակվող անկումը պայմանավորված է արտագաղթով (ինչպես նշել էր Քոչարյանը)։ Իսկ ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում։ Արդյո՞ք սոցիալական վատ պայմանների պատճառով։ Իհա՛րկե ոչ։ Արտագաղթի ալիքի սկիզբը դրեց հենց Ռոբերտ Քոչարյանը՝ իր հեռանալու օրերին, կոնկրետ գործողություններով, երբ մարդիկ հասկացան, որ այս երկրում ոչինչ չի փոխվի։ Համակարգը կմնա նույնը, իսկ այդ համակարգի ներկայացուցիչներն՝ իշխանությունը չզիջելու համար պատրաստ են ցանկացած կոշտ միջոցների դիմել։
Ընդ որում, եթե խնդիրը դիտարկում ենք այս տեսանկյունից՝ ընդդիմադիր հատվածը պետք է գոնե չմիջամտեր այս տնտեսական բանավեճին, որովհետև տնտեսագիտական բանավեճը՝ «շինարարության փուչիկի» մասին, ինքնին ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ փուչիկ։ Բանավեճը զուտ տնտեսագիտական դաշտ տեղափոխելով՝ հանրության ուշադրությունը շեղվում է ավելի լուրջ, ավելի խորքային խնդիրներից և տպավորություն ստեղծում, թե երկրի վիճակը վատ է միայն այն պատճառով, որ տնտեսական քաղաքականության հարցում մասնագիտական սխալներ են թույլ տրվել։
Հ.Գ. Ի դեպ, ՀՀ երկրորդ նախագահն այս առումով մի հետաքրքիր հնարք էլ է բանեցրել։ Քանի որ վարչապետը փորձել է բանավեճը տեղափոխել զուտ մասնագիտական ոլորտ, Ռ. Քոչարյանը փորձել է այս առումով ավելի մոտ երևալ ժողովրդին։ Նա իր հարցազրույցի վերջում նշել էր, որ երկրի բնակչությունն ու հասարակությունը գունավոր աղյուսակներով ու դիագրամներով չի սնվում։ Սակայն հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, երբ քննադատություն էր հնչում, քննադատողների աչքն էին մտցնում տնտեսական երկնիշ աճի վիճակագրական տվյալներն ու այլ պսպղան ցուցանիշներ։