Ում կուսակցությունն է ժողովուրդը կամ աշխատենք միասին…

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու գործող վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև բանավեճը, որը վերջին օրերին վերածվել է Քոչարյան-իշխանություն բանավեճի, դարձել է քաղաքական օրակարգի հիմնական հարցը: Ըստ ամենայնի, այդ հակամարտությունը դեռ բավական երկար կշարունակվի, եթե, իհարկե, չընդհատվի ինչ-որ ֆորսմաժորային իրադարձությամբ:

Նախկին ու ներկա նախագահների այս միջնորդավորված առճակատման վերաբերյալ տասնյակ, հարյուրավոր վարկածներ են առաջ քաշվում, որոնք, ընդհանուր առմամբ, կարելի է բաժանել երկու խմբի՝ այս հակամարտությունը գործող նախագահ Սերժ Սարգսյանի ու նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև պայմանավորվածության արդյունք է՝ ինչ-ինչ ներքաղաքական և արտաքին քաղաքական հաշվարկներով, և, երկրորդ՝ սա իրական հակամարտություն է իշխանության համար մղվող պայքարում:

Սակայն, անկախ նրանից, թե այս վարկածներից ո՞րն է համապատասխանում իրականությանը, և ի՞նչ շարունակություն կունենա այս գործընթացը, պետք է արձանագրել, որ դա պայքար է (պայմանավորված կամ ոչ) նույն իշխանության, իշխանական նույն խմբավորման տարբեր բևեռների միջև, պայքար, որն ընթանում է իրական ընդդիմության փաստացի բացակայության պայմաններում: Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին հաջողվել է Հայաստանում ստեղծել այնպիսի ներքաղաքական դասավորվածություն, որի պայմաններում ընդդիմադիր կամ այդպիսին համարվող գրեթե բոլոր հիմնական ուժերը բաժանվել են երկու խմբի. նրանց մի մասը գտնվում է` Սերժ Սարգսյանի, մյուս մասը՝ Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տիրույթում:

Անշուշտ, դա ոչ միայն ու ոչ այնքան Սարգսյանի ու Քոչարյանի հետևողական քաղաքականության արդյունքն է, այլ նրա հետևանքը, որ Հայաստանի ընդդիմությունը, ինչպես իշխանությունը՝ ամբողջությամբ գտնվում է ռուսական ազդեցության տակ, և հենց այդ ազդեցությունը և ոչ թե ներքին գործարքներն են ընդդիմադիրներին ստիպում գործել նշված երկու բևեռներից մեկի առանցքի շուրջ: Ստացվում է, որ այս հակամարտության որևէ ընթացքի ու արդյունքի դեպքում, այսինքն՝ կողմերից ցանկացածի հաղթանակի պարագայում, վերջին հաշվով, շահելու է այն իշխանությունը, որը 1998 թվականին Սերժ Սարգսյանի անմիջական մասնակցությամբ ստացել է Ռոբերտ Քոչարյանը, և որը՝ 2008 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի անմիջական մասնակցությամբ, փոխանցվել է Սերժ Սարգսյանին:

Այսինքն՝ ցանկացած ելքի դեպքում պահպանվելու է այն իշխանությունը, որի հետևողական քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձավ Ռուսաստանի ծայրագավառ, որտեղ ներկայումս պայքար է ընթանում գավառապետի ու «հարակից պաշտոնների» համար: Այս պայքարի հետ Հայաստանի քաղաքացին որևէ առնչություն չունի, որովհետև քաղաքացին առնչություն կարող էր ունենալ միայն այն դեպքում, եթե երկրում գոյություն ունենար նրա շահերով առաջնորդվող ընդդիմություն:

Բայց մեր ընդդիմության ներկայացուցիչները վաղուց հասկացել են՝ իշխանության գալու համար պետք է պաշտպանել ոչ թե` Հայաստանի քաղաքացիների, այլ` Ռուսաստանի իշխանության շահերը: Հայաստանում սոցիալական վիճակը հասել է այնքան ծայրահեղ աստիճանի, որ սոցիալական ընդվզման վտանգի մասին խոսում են անգամ իշխանամերձ շրջանակների ներկայացուցիչները: Այսինքն՝ Հայաստանում ստեղծված սոցիալական վիճակը կարող է հանգեցնել հեղափոխության, ինչը կանխելու համար իշխանությունները գուցե չեն բացառում հեղաշրջման հնարավորությունը, որը, մեծ հաշվով, ընդամենն արտահայտվելու է դեմքերի ու կապիտալի որոշակի համամասնությունների փոփոխությամբ:

Նրանց համար կարևորը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ վերջնական հաղթանակն է, որն ապահովելու համար պատրաստ են ինչպես` պատերազմել, այնպես էլ` «աշխատել միասին»:

Տեսանյութեր

Լրահոս