Բաժիններ՝

«Քոչարյանի շուրջ համախմբման հիմնական առանցքը ՀԱԿ-ն է». 1in.am

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է մոսկովյան «Միաբանություն» կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Սմբատ Կարախանյանը:

– Պարոն Կարախանյան, կարելի է ասել՝ Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան «փոխհրաձգությունը» ավարտվեց Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցով, որտեղ ի թիվս այլ հարցերի` վերջինս քննարկել էր ինչպես վերջերս ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված գազային պայմանագրերը, այնպես էլ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը: Արդեն տեսակետներ են շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը հավակնում է դառնալ նոր որակի ընդդիմության՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ, առաջնորդը: Ի՞նչ կարելի է ենթադրել ընդհանրապես երկրորդ նախագահի այս անդրադարձից:

– Դա դրական երևույթ է: Անկախ ամեն ինչից, իր նկատմամբ վերաբերմունքից` դրական երևույթ է, որ ՀՀ երկրորդ նախագահն ակտիվ կերպով մտնում է դիսկուրսի մեջ իր կադրերից մեկի՝ Տիգրան Սարգսյանի ներկայացրած տվյալների շուրջ: Դժվար է այսօրվա դրությամբ չհամաձայնել Քոչարյանի հետ, նա շատ ավելի ճիշտ է շատ հարցերում, քանի որ Տիգրան Սարգսյանին կարելի է որակել, որպես իշխանության լիովին ձախողված ներկայացուցիչ, այն աստիճանի ձախողվածություն, որ դրանից այն կողմ աշխարհ չկա: Ով-ով, բայց Տիգրան Սարգսյանը խոսելու իրավունք չունի, շատ պարզ իրավիճակներ կան, որոնց համար պատասխանատվություն պետք է կրի, եթե պետությունը նորմալ կառույցներ ունենար, նա պետք է պատասխանատվություն կրեր իր փոշիացրած գումարների համար, ո՞ւր են այդ պայմանագրերը, ինչպե՞ս են այդ գումարները փոշիացել: Նա քրեաօլիգարխիկ համակարգի տնտեսվարի դերակատարություն է կատարում, և այս հարցում ոչ մի խնդիր չկա:

Ներկայումս հասարակությունը չպետք է շեղվի մասնակի վիճաբանությունների ուղղությամբ: Հիմնական խնդիրը համախմբման մեջ է, ոչ թե պետք է միավորվել, ստեղծել կուսակցություն, այլ պետք է լինի դաշնություն կոնկրետ կետերի հետ կապված և պետք է լինի կոնկրետ պայքարի ուղղություն: Այս դեպքում հնարավոր է: ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն տարբեր կուսակցություններ են, և եթե հիմնական միաձուլման մասին է խոսք գնում, առաջանում են հակասություններ, որոնք տեխնիկապես, գործնական ոլորտում հնարավոր չեն: Բայց համախմբում, համագործակցություն կոնկրետ հարցերի հետ կապված կարող է լինել: Ինչ վերաբերում է Քոչարյանի առաջնորդությանը, դա քիչ ավելի հեռու գնացող ենթադրություն է, նման խնդիր դրված չէ, որևէ կուսակցության օրակարգում նման խնդիր դրված չէ: Առավել ևս այսօր այդ առաջնորդության հիմնական բեռն ընկնում է ՀԱԿ-ի վրա, ուստի այդ հարցում նման խնդիր չեմ տեսնում, դրա անհրաժեշտությունն էլ չկա: Կա հասարակական պահանջ՝ համախմբվել կոնկրետ հարցերի շուրջ` տապալված իշխանություններից ազատվելու և լեգիտիմ իշխանություններ ձևավորելու համար:

– Չեք կարծում չէ՞, որ Քոչարյանը պատահականության սկզբունքով էր ընտրել իր անդրադարձի թեմաները: Նա անդրադարձել էր հանրային մեծ հնչեղություն ունեցող գրեթե բոլոր հարցերին՝ շրջանցելով Մաքսային միությանը անդամակցելու ՀՀ որոշումը:

– Բնական է, շատ դրական է այդ հարցերին անդրադարձը: Կան ուժեր, որոնք այդ խնդիրները տանում են, բայց սա ոչինչ չի նշանակում, սա ուղղակի ներիշխանական ճամբարի հետադարձ հայացք է, վերլուծություն, Քոչարյանն ինքն էլ չի հայտարարում, որ ցանկանում է վերադառնալ մեծ քաղաքականություն և այլն: Պարզապես հարցը նրանում է, որ Տիգրան Սարգսյանի միջոցով ՀՀ իշխանությունների կողմից փորձ արվեց ձախողումների, այսօրվա խնդիրների մեծ մասը վերահասցեագրել նախորդ իշխանություններին: Իշխանական մյուս թևն էլ հստակ պատասխան տվեց: Սա շատ փոքր ու լոկալ խնդիր է: Չի կարելի սրա վրա այսքան շեղվել: Բայց իր նշած հարցերում նա լրիվ ճիշտ է, չնայած արդարացի կլիներ նրան հարցնել. «Այդ ժամանակ դու ո՞ւր էիր նայում, երբ այդ մարդուն նշանակում էիր ԿԲ նախագահ»: Ամեն դեպքում այս հարցի հետ կապված Քոչարյանը շահեկան դիրքում է, և ճիշտ է իր դիրքորոշումը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս