Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան՝ 2:0

Տիգրան Սարգսյանը, ինչպես և խոստացել էր, այսօր պատասխանել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ իրեն ուղղված քննադատությանը: Միանգամից նշենք, որ Տիգրան Սարգսյանի անունից տարածված բավական ծավալուն հաղորդագրությունը միայն պայմանականորեն կարելի է համարել պատասխան Քոչարյանի քննադատությանը: Վերջինիս տարեվերջյան հարցազրույցը, որում, մեղմ ասած, բավական կոշտ գնահատականներ էին արտահայտվում ոչ միայն Տիգրան Սարգսյանի վարչապետության, այլև նրա անձնական որակների մասին, առավելապես քաղաքական բովանդակություն ուներ, իսկ «շինարարության փուչիկը», հիպոթեքային վարկավորման պայմանները և այլն, Քոչարյանի համար ընդամենը առիթ էին գործող վարչապետին քաղաքական հարված հասցնելու համար:

Մինչդեռ Տ. Սարգսյանի պատասխանն ընդամենը վերը նշված երևույթների վերաբերյալ տնտեսագիտական վերլուծություն է՝ համեմված թվային համադրություններով ու համեմատություններով: Ընդ որում, գոնե նոմինալ իմաստով՝ Տ. Սարգսյանի կողմից ներկայացված հակափաստարկները բավական հիմնավոր են և տարբեր ցուցանիշների տեսքով հերքում են Քոչարյանի մեղադրանքները: Բայց կրկնում ենք, Քոչարյանի հարցազրույցի «մեխը» ոչ թե տնտեսական վատ քաղաքականությունն էր, այլ Տ. Սարգսյանին վարչապետի պաշտոնում պահելու քաղաքականությունը, որն արտահայտվում էր «թերարժեք վարչապետը ճոխություն է երկրի համար» արտահայտությամբ:

Բացի այդ, Քոչարյանը Սարգսյանին մեղադրել էր բանականության և բարոյականության դեգրադացիայի մեջ: Տ. Սարգսյանն, իհարկե, իր նախորդ՝ ֆեյսբուքյան գրառմամբ փորձել էր պատասխանել Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքների բարոյական մասին, սակայն նրա այդ գրառման հիմնական իմաստն այն էր, թե որքան շատ է ինքը հարգում իր իսկ կողմից «ազգային հերոս» համարվող Ռոբերտ Քոչարյանին: Իսկ այսօրվա պատասխանում, ինչպես նշեցինք, Տ. Սարգսյանն ընդհանրապես որևէ կերպ չի անդրադարձել Քոչարյանի քննադատության քաղաքական մասին՝ ի վերջո անպատասխան թողնելով այն հարցը, թե իր կարծիքով՝ իր նման վարչապետը Հայաստանի համար ճոխությո՞ւն է, թե՞ բարեբաստիկություն:

Թե ինչու է Տ. Սարգսյանն անպատասխան թողել իր հասցեին հնչած բավական սուր վիրավորանքները, դժվար է միանշանակ ասել: Բացառված չէ, որ ընտրել է Քոչարյանից ավելի քաղաքակիրթ երևալու մարտավարությունը՝ այն հաշվով, որ հասարակությունը կգնահատի, թե որքան կիրթ ու հանդուրժող է գործող վարչապետը, որ իրեն ուղղված անձնական վիրավորանքներին կամ չի պատասխանում համանման ոճով, կամ սահմանափակվում է խոհափիլիսոփայական մեջբերումներով:

Սակայն ով՝ ով, բայց Տ. Սարգսյանը գոնե լավ գիտի, որ Հայաստանում հարցերը լուծվում են ոչ թե հասարակական կարծիքի ազդեցությամբ, այլ իշխանական նեղ, կլանային խմբավորումների կողմից, որոնց ներակայացուցիչները, ինչպես պատկերավոր արտահայտվել էր Տ. Սարգսյանի հենարան համարվող ՀՀԿ-ականներից մեկը, «փաթթած ունեն» ինչպես բարոյականությունը, այնպես էլ դրա դեգրադացիան: Հետևաբար, ավելի հավանական է, որ Տ. Սարգսյանն ուղղակի չի համարձակվել նույն տոնով պատասխանել Քոչարյանին՝ խուսափելով հետագա անցանկալի զարգացումներից:

Խոսքը ոչ միայն ու գուցե ոչ այնքան Տ. Սարգսյանի անձնական, որքան քաղաքական համարձակության մասին է: Քոչարյանի հարցազրույցին հետևած զարգացումները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ականների զգալի մասի համար Քոչարյանը տաբու է, և հանուն նրա՝ նրանք պատրաստ են առանց աչք թարթելու՝ հանձնել սեփական վարչապետին: Դժվար չէ կանխատեսել, թե ինչպիսին կլիներ ՀՀԿ-ականների այդ շերտի արձագանքը, եթե Տ. Սարգսյանը Քոչարյանին պատասխան տար նրա բառապաշարով, ասենք՝ հայտարարեր՝ «դեգրադացվածը դու ես»:

Այդ դեպքում ՀՀԿ-ականների մի մասը Տ. Սարգսյանին կարող էր թիկունքից հարվածել ոչ միայն քաղաքականապես:  Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Տ. Սարգսյանը գերադասել է կուլ տալ Քոչարյանի վիրավորանքները, որպեսզի սեփական կուսակիցները կուլ չտան իրեն: Թե որքանով այդ մարտավարությունը կարդարացնի իրեն, դժվար է ասել, քանի որ ՀՀԿ-ականների մեծ մասը և ոչ միայն նրանք վարչապետի այս պատասխանից հետո արձանագրելու են, որ Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան պայքարում «հաշիվը» դարձավ 2:0:

Տեսանյութեր

Լրահոս