Բաժիններ՝

Կառավարության թիմը պետք է փոխվի. Գագիկ Մակարյան

Անցած տարի կառավարության գործունեության արդյունքում մի քանի անորոշություններ են ձևավորվել և որպես ժառանգություն փոխանցվել այս տարի: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, անորոշություններից մեկը պայմանավորված է Մաքսային միության հետ կապված խնդիրներով. Արդյոք մենք կարողանալո՞ւ ենք զարգացնել այն ռազմավարությունները, որ մեզ պետք են: Այսօր ՀՀ-ից ՌԴ է արտահանվում հիմնականում խմիչք և գյուղմթերք, այսինքն՝ մենք պետք է կարողանանք հստակեցնել մեր դիրքը ՄՄ շրջանակներում: Ընդ որում՝ Բելառուսը և Ղազախստանը ՀՀ արտաքին առևտրում չնչին տոկոս են կազմում, համապատասխանաբար՝ 0.8% և 0.2%, և իրականում ՄՄ-ն մեզ համար Ռուսաստանն է, բայց քանի որ այդ երկու երկրները նույնչափ ձայնի իրավունք ունեն, որքան ՌԴ-ն, քանի որ որոշումների ընդունման սկզբունքը կոնսենսուսն է, հետևաբար՝ Ղազախստանը կամ Բելառուսն իրենց շահերից ելնելով՝ կարող են խանգարել մեզ: Այսինքն՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունները ՄՄ շրջանակներում կախված են ոչ միայն մեր երկուսից, այլև Ղազախստանից ու Բելառուսից»:

Ըստ Գ.Մակարյանի՝ անորոշ իրավիճակ է կենսաթոշակային բարեփոխումների առումով՝ արդյո՞ք աշխատուժի ստվերայնությունը չի ավելանա, որ աշխատողները, չհավատալով 20 տարի հետո թոշակ ստանալու գաղափարին, կարող են իրենք գործատուին մղել իրենց ստվերում պահել: Կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված, ըստ Մակարյանի՝ նաև խնդիր է այն, որ մեկ տարում 150 մլն դոլար գումար է դուրս գալու շրջանառությունից, իսկ դա այն ամբողջ գումարի 10%-ն է, որը մարդիկ ծախսում են իրենց սննդի համար, և դա առևտրի մեջ զգալի կլինի ու կհարվածի փոքր բիզնեսին. «Կեսնաթոշակի հետ կապված կարող են կոնֆլիկտներ առաջանալ գործատուի և աշխատողի միջև: Նաև մենք չգիտենք հստակ, թե այդ գումարը որտեղ է ծախսվելու՝ դրսո՞ւմ, թե՞ ներսում: Տարեկան ՀՀ մտնում է մոտ 400-500 մլն դոլար՝ ՀԲ, ԵՄ, ԱԶԲ կամ այլ դոնորների կողմից, և այդ գումարների ազդեցությունը տնտեսության վրա այնքան էլ հստակ չի: Արդյոք այդ գումարներն արդյունավե՞տ են ծախսվում, և բարեփոխումները ճի՞շտ են մտածված, որովհետև մենք ստանում ենք գումարներ, ծախսում ենք, բայց տարվա վերջում արդյունքը հստակ չի երևում: Այս տարվա առաջին կիսամյակը կանցնի այդ անորոշությունները հստակեցնելով»:

«Նաև անորոշ է, թե մեր կառավարությունը կարողանալո՞ւ է գտնել այն խիզախությունը, որ գնա ոչ ստանդարտ լուծումների: Այստեղ ռիսկ կա, որ 2014 թ. պետբյուջեն կարող է գտնվել հարցականի տակ՝ լիարժեք իրականացման տեսանկյունից, քանի որ այս 6 ամսվա անորոշությունները շատ կազդեն նաև բյուջեի կատարման ընթացքի վրա»,- ասաց Գ.Մակարյանը:

Միության նախագահի կարծիքով՝ պետք է հստակեցվի նաև կառավարության մոդելը, նախարարները պետք է փոխվեն, և առաջին հերթին՝ պետք է փոխվեն էներգետիկայի ու բնապահպանության նախարարները. «Կառավարությունն այս տարի պետք է գնա նրան, որ փոխի իր թիմը: Այդ թիմով այսպես շարունակել այլևս անհնար է: Այստեղ շատ կարևոր է ՀՀ նախագահի խոսքը, ով շատ հարցերի պատասխանատվությունն իր վրա վերցրեց: Այդ անորոշությունների հստակեցումը շատ կարևոր է, որ գործարարներն ու ներդրողներն էլ հասկանան, որ այս երկիրը մնալու, ապրելու և բիզնեսը շարունակելու երկիր է, գրավչություն ունի ներդրումների ու զարգացումների տեսանկյունից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս