Բաժիններ՝

Ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում Հայաստանից

Վարչապետ Տիգրան Սարգսյանի տարեվերջյան ասուլիսից, որը տևեց ավելի քան 4 ժամ,  քննարկման առարկա դարձավ հիմնականում երկու հարց. գազային համաձայնագրերը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարչակազմին ուղղված անուղղակի քննադատությունը։ Հատկապես Ռ. Քոչարյանի պատասխանից հետո այս հարցն ավելի թեժացավ և մոռացության մատնեց ասուլիսի ընթացքում հնչած մյուս հարցերը։ Իսկ դրանց մեջ ոչ պակաս կարևոր և հրատապ հարցեր կային։ Օրինակ՝ արտագաղթի մասին։

Այսպես, ԳԱԼԱ-ի լրագրողը, նշելով, որ 2008 թվականից առայսօր, տարեկան պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ երկիրը լքել է 50-60 հազար մարդ, հարց ուղղեց Տիգրան Սարգսյանին՝ արդյոք այս աղետալի ցուցանիշի մեջ տեսնո՞ւմ եք Ձեր պատասխանատվության, մեղքի բաժինը և չե՞ք կարծում, որ այն տեմպերով, ինչ տեմպերով արվում են բարեփոխումները, եթե նույն կերպ շարունակվեն, նույն տրամաբանությամբ, ապա մի քանի տարի հետո Հայաստանն ընդհանրապես կդատարկվի։
Վարչապետը նախ նշեց, որ գնահատականների հետ համաձայն չէ, սակայն համաձայնեց «սիրով պատասխանել»։ Նա ասաց, որ ՀՀ կառավարության ծրագրի կարևորագույն թիրախ, լրջագույն խնդիր նշվել է արտագաղթը։ «Գործազրկություն, աղքատություն, արտագաղթ… Սրանք լրջագույն մարտահրավերներ են, որոնք կանգնած են մեր կառավարության առջև: Այս խնդիրը լուծելու համար պետք է ռեֆորմներ իրականացնել: Ռեֆորմներ իրականացնելը հեշտ չէ, որովհետև ռեֆորմ նշանակում է՝ վարքագծային կանոնների փոփոխություն, մտածողության փոփոխություն, իսկ մենք միշտ, երբ նախաձեռնում ենք ռեֆորմներ, ես այսօր ձեզ բերեցի մի քանի օրինակ, որ այդ ռեֆորմները միշտ էլ առաջին փուլում հանդիպում են որոշակի ընդդիմության: Փոփոխություններ կատարելը հեշտ չէ, և մենք պետք է կարողանանք մեր երկրում ավելացնել ռեֆորմների պոտենցիան, որպեսզի ունենանք հաջողություններ…»:
Վարչապետը նաև նշեց, թե ինչպես պետք է կանխարգելել արտագաղթը. «Առաջին հերթին՝ կենսամակարդակը Հայաստանում պետք է բարձրացնենք, որպեսզի մարդիկ կարողանան իրենց տաղանդը, իրենց շնորհն իրացնել Հայաստանում: Եվ եթե նրանք տեսնում են, որ իրենց Աստծու կողմից տրված տաղանդը կարող է իրացնել այլ երկրում ավելի մեծ հաջողությունների հասնելուն, բնականաբար, դա ստեղծում է նրանց մոտ մոտիվացիա երկրից գաղթելու համար: Դրա համար մենք միասին Հայաստանում պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ մարդիկ իրենց ապագան կապեն Հայաստանի հետ…»:
Նախ նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2011-ին Հայաստանից արտագաղթել է 49 126 մարդ, 2012-ին՝ 49 660 մարդ, 2013-ին, ըստ գնահատականների, արտագաղթի ցուցանիշը կգերազանցի 50 000-ը (վերջնական տվյալները դեռ հրապարակված չեն)։ Այսինքն, ԳԱԼԱ-ի լրագրողների նշած գնահատականներն իրականությունից հեռու չէին։
Իսկ ինչո՞ւ են մարդիկ արտագաղթում Հայաստանից։ Տիգրան Սարգսյանն այդ մասին բավականին թափանցիկ ակնարկ արեց, ինչին կանդրադառնանք վերջում։
Եվ այսպես, արտագաղթի ծավալների ու պատճառների մասին բազում հետազոտություններ են կատարվել։ Այդ մասին շատ է խոսվել ու գրվել: Սակայն, մեծ հաշվով, լուրջ հետազոտությունների կարիք էլ չկա, քանի որ ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Դրա համար բավական է վերանալ զգացմունքայնությունից և իրականությունը դիտարկել շահերի տեսանկյունից, ինչպես շուկայական հարաբերություններում։ Իշխանությունը, մեծ հաշվով, վաճառող է, հասարակությունը՝ սպառող։ Իշխանությունը (պետությունը) տրամադրում է հանրային բարիքներ՝ պաշտպանություն, արդարադատություն, կրթություն, սոցիալական ապահովություն և այլն։ Սակայն՝ ոչ անվճար։ Հասարակությունն այդ բարիքների դիմաց վճարում է՝ հարկերի, տուրքերի և այլ վճարների տեսքով։
Ի՞նչ է լինում, երբ մարդը դժգոհ է իր գնած ապրանքից կամ ծառայությունից։ Մասնավոր հատվածում տեղի է ունենում հետևյալը՝ սպառողը պարզապես փոխում է մատակարարին։ Կոնկրետ ընկերության կարագի որակից կամ գնից դժգոհ սպառողը սկսում է ուսումնասիրել, թե ուրիշ ինչ ընկերություններ են կարագ առաջարկում, և նոր ընտրություն է կատարում (եթե խոսքը մենաշնորհային ապրանքներին չի վերաբերում)։ Դրա համար էլ ժամանակակից բիզնեսը մեծ ուշադրություն է դարձնում ոչ այնքան նոր սպառողների ներգրավմանը, որքան՝ արդեն առկա սպառողների պահպանմանը։ Ընկերությունները մրցակցության մեջ աշխատում են չկորցնել իրենց սպառողների վստահությունը։
Իսկ ի՞նչ կարող է անել հարկատուն, եթե հանրային բարիքների որակից խիստ դժգոհ է։ Նորմալ երկրներում հարկատուները նույնպես փոխում են հանրային բարիքների «մատակարարին»՝ իշխանությանը, ընտրությունների միջոցով։ Եթե դժգոհ են, ապա հաջորդ 4-5 տարվա համար երկրի ղեկը վստահում են այլ «մատակարարի», որից ակնկալում են ստանալ ավելի որակյալ հանրային բարիքներ։ Դրա համար էլ նորմալ երկրներում իշխանությունը ձգտում է ապահովել որակյալ ծառայություններ և կարևորում է հասարակության վստահությունը։
Հայաստանում, սակայն, իրականությունն այլ է։ Պետությունն ապահովում է ցածր որակի հանրային բարիքներ՝ գրեթե բոլոր ոլորտներում: Հարկատուները գոհ չեն արդարադատության համակարգից, ճանապարհների վիճակից, առողջապահությունից, սոցիալական ծառայություններից, և այլն։ Ընդ որում, ի տարբերություն մասնավոր ընկերությունների՝ պետությունն ամենևին մտահոգված չէ վստահության պաշարով։ Հակառակը, կարծես միտումնավոր այնպես են անում, որ կորցնեն հասարակության վստահությունը։ Օրինակ, ինչ-որ խուճուճ պատմություններ են հորինում՝ գազի գնի հետ կապված։ Այսքանն էլ բավարար չէ, վստահությունը կորցրած սպառողի «վզին փաթաթում են» լրացուցիչ «բարիքներ», օրինակ՝ պարտադիր կենսաթոշակային վճարները։ Ի՞նչ կարող է անել Հայաստանի հարկատուն, եթե զգում է, որ իրեն ոչ միայն մատուցում են անորակ հանրային բարիքներ, այլև շատ դեպքերում ակնհայտորեն խաբում են։
Քանի որ Հայաստանը, Սահմանադրության համաձայն, ժողովրդավարական երկիր է, ապա ենթադրվում է, որ  մեր հասարակությունը նույնպես պետք է ընտրությունների միջոցով փոխեր իշխանությանը։ Սակայն, ինչպես ցույց է տվել Հայաստանի նորանկախ պատմությունը, Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանությունը չի փոխվում։
Ու ստացվում է փակուղային վիճակ. Հայաստանում պետական մեքենան  մի կողմից՝ ամեն ինչ անում է, որ կորցնի սեփական քաղաքացիների վստահությունը, մյուս կողմից՝ արմատավորում է այն համոզմունքը, որ իշխանությունը փոխելու ձև չկա։ Դրա համար էլ ՀՀ քաղաքացիները փակուղուց դուրս գալու այլ տարբերակ են գտնում։ Ոչ թե փոխում են  «մատակարարին», այլ տեղափոխվում են այլ մատակարարի մոտ՝ մեկ այլ երկիր։ Կարճ ասած, արտագաղթում են։

Իսկ ի՞նչ կարելի է հասկանալ վարչապետի պատասխանից։ Տիգրան Սարգսյանն ընդունում է, որ արտագաղթը լրջագույն խնդիր է։ Նա նաև ընդունում է, որ կենսամակարդակը Հայաստանում պետք է բարձրացնել, որպեսզի մարդիկ կարողանան իրենց տաղանդը, իրենց շնորհն իրացնել Հայաստանում: Նա ասում է, որ դրա համար մենք միասին Հայաստանում պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ մարդիկ իրենց ապագան կապեն Հայաստանի հետ: Վարչապետը համաձայնում է, որ պետք են լուրջ են բարեփոխումներ։ Այսինքն՝ վարչապետն ընդունում է, որ արտագաղթի պատճառը ցածր կենսամակարդակն է, ինքնադրսևորվելու սահմանափակ հնարավորությունները, և այլն։
Սակայն գլխավոր պատճառը՝ վստահության բացակայությունը իշխանության նկատմամբ, այլ կերպ է մեկնաբանվում։ «Իմ ցանկությունն է, որ զանգվածային լրատվական միջոցներն այն գաղափարները, ռեֆորմների իմաստը, այն փիլիսոփայությունը, որ մենք փորձում ենք ներկայացնել ձեզ, որպեսզի դուք մեր այդ գաղափարները, թե ինչպես ենք մենք մտածում ռեֆորմներն իրականացնելիս, դա ներկայացնեք հանրությանը, իհարկե, քննադատելով այն դրույթները, որոնց հետ դուք համաձայն չեք: Կարծում եմ՝ սա է ճիշտ ճանապարհն առաջընթաց ապահովելու համար: Շատ վտանգավոր է, երբ մեր գաղափարները հանրությանը չեն ներկայացվում, այլ մեզ ներկայացվում են մեր գաղափարների սուբյեկտիվ ընկալումները, և այդ ընկալումների քննադատությունն է ներկայացվում հանրությանը»,- ասում է Տիգրան Սարգսյանը:
Ասվածի իմաստը հետևյալն է՝ իշխանությունը մատուցում է (կամ փորձում է մատուցել) որակյալ հանրային բարիքներ, սակայն որոշ նենգ ուժերի՝ լրատվամիջոցների  պատճառով այդ ամենը խեղաթյուրվում է։ Արդյունքում՝ վստահությունն ու լավատեսությունը պակասում են, ռեֆորմների արդյունավետությունը ցածր է լինում, մարդիկ էլ արտագաղթում են։ Կարճ ասած, արտագաղթի մեջ մեծ մեղքի բաժին ունեն լրագրողները, որոնք, փոխանակ դրական սպասումներ ձևավորեն, տարածում են միայն քննադատություն ու բացասական լուրեր։
Ճիշտ է, վարչապետը նաև ասել էր, թե իրենք իրենց պատասխանատու են զգում այդ գործում և պատրաստ են լսելու քննադատություն, թե ինչն են սխալ անում, ինչն են վատ անում, ինչը պետք է շտկել, որտեղ ինչ պետք է անել… Սակայն քննադատությունները, որպես կանոն, շատ ծանր են ընդունվում իշխանությունների կողմից։ Ինչ վերաբերում է շտկելուն, ապա շտկելու հնարավորություն տրվում է ընտրությունների ժամանակ, որը նույնպես, որպես կանոն, վատնվում է։
Ամեն դեպքում, այսօր ինչ-որ համատարած գիտակցում կա, որ այսպես չի կարող շարունակվել։ Թեկուզ՝ նույն շահերի տեսանկյունից։ Բնակչության աղքատացումն ու արտագաղթը բացասաբար են ազդում նույն իշխանությունների և նրանց հետ փոխկապակցված գործարարների եկամուտների վրա։ Բացի այդ, եթե ժամանակին իշխանության համար չափավոր արտագաղթն ընդունելի էր (քանի որ բողոքող զանգվածը Հայաստանում պակասում էր՝ նվազեցնելով իշխանափոխության վտանգը), ապա այսօր այլ իրավիճակ է։ Ակնհայտ է, որ չնայած արտագաղթին՝ բողոքը ոչ թե նվազում է, այլ մեծանում, որովհետև պետական մեքենային ու նրանց շրջապատին պահելու բեռն ընկել է ավելի քիչ թվով քաղաքացիների ուսերին և դարձել ավելի ծանր։ Սա ավելի վտանգավոր վիճակ է։ Այն նման է եռացող կաթսայի, որի կափարիչը փակ է։ Պայթյուն առայժմ տեղի չի ունենում, որովհետև գոլորշին կափարիչի արանքից ճեղք է գտնում և դուրս գալիս (արտագաղթի ձևով)։  Սակայն որքան կպահպանվի այդ վիճակը, դժվար է ասել։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս