Բաժիններ՝

Անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու մեջ մեղադրվող բժիշկը համաներվել է

«Արմավիրի բժշկական կենտրոնի» տնօրեն, բժիշկ Նշան Գևորգյանը դատարանի վճռով մասնակիորեն արդարացվել է: Նա արդարացվել է իրեն առաջադրված մեղադրանքներից մեկում, քանի որ մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից: Մյուս երկու դեպքերով նա մեղավոր է ճանաչվել և համաներման կիրառմամբ ազատ արձակվել:

Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման իր մասնագիտական պարտականությունները պատշաճ չի կատարել, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Այսպես, ըստ մեղադրանքի՝ 2010թ. հուլիսի 17-ին, ժամը 22-ի սահմաններում, իմանալով նույն օրը ժամը 17:05-ին «Արմավիր» ԲԿ ընդունված մանկահասակ հիվանդ Հովհաննես Հովհաննիսյանի առողջական վիճակի վատացման մասին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ հիվանդի տեղափոխման համար մանկական ռեանիմացիոն խումբ և ռեանիմոբիլ հրավիրելու փոխարեն՝ նա հիվանդի տեղափոխումը կազմակերպել է տաքսի ավտոմեքենայով: Համաձայն մեղադրական եզրակացության՝ դրա հետևանքով՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Հ. Հովհաննիսյանը մահացել է:

Նշան Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա  ավտոմեքենաներին բավարար քանակությամբ վառելանյութ չի տրամադրել. արդյունքում՝ շտապ օգնության ծառայության հերթապահ բրիգադը, բենզին չունենալու պատճառաբանությամբ, Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանի հարազատների հեռախոսականչով նրան չի այցելել և շտապ բժշկական օգնություն չի ցուցաբերել. դրա հետևանքով հիվանդը մահացել է:

Կարդացեք նաև

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Ն. Գևորգյանը բժշկական կենտրոնի աշխատակիցների պահանջների պայմաններում ԲԿ-ն չի ապահովել մանկական լարինգոսկոպով և մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով: Համաձայն մեղադրանքի՝ երբ «Արմավիրի ԲԿ» մանկական բաժանմունք ընդունված մանկահասակ հիվանդ Արտաշես Սեդրակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բժշկական օգնություն ցուցաբերելու լիարժեք հնարավորություն չեն ունեցել, որն անզգուշորեն առաջացրել է հիվանդի մահ:

1950թ. ծնված Ն. Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև՝ պաշտոնեական անփութության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մաս և 315-րդ հոդվածի 2-րդ մաս):

Ըստ datalex-ում տեղադրված վճռի՝ առաջադրված մեղադրանքներում Նշան Գևորգյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ցուցմունք է  տվել այն մասին, որ 2010թ. հուլիսի 17-ին «Արմավիրի ԲԿ» վնասվածքաբան Ա.Գրիգորյանից ժամը 22-ի սահմաններում իմանալով Երևան քաղաքի «Աուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխման ենթակա հիվանդ Հ. Հովհաննիսյանի մասին, տանից եկել է ԲԿ-ի րնդունարան: Հիվանդին, մոր և վնասվածքաբան Ա. Գրիգորյանի հետ այնտեղ տեսնելով և վերջինիցս էլ իմանալով, որ տեղափոխման էպիկրիզն էլ գրված է, ու անհրաժեշտ է շուտ տեղափոխել, այլևս ժամանակ չկորցնելու ու փոխադրումն ապահով կատարելու առումով է հիվանդին նրա մոր և բուժակի ուղեկցությամբ տաքսի ավտոմեքենայով ուղարկել Երևան:

Մեղադրյալը ցուցմունք է տվել նաև այն մասին, որ իր պաշտոնեական պարտականությունների շրջանակներում «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ի շտապօգնության կայանի հերթապահ ավտոմեքենաներին միշտ էլ  5-ական լիտր վառելանյութի տրամադրմամբ  ապահովել է բավարար քանակության բենզինով, որի չբավականացման անհրաժեշտ դեպքերում ասել է, որ կարող են դիմել և լրացուցիչ բենզին ստանալ: Ըստ նրա՝ միջադեպի օրը ոչ վարորդները, ոչ էլ բուժանձնակազմն այդ մասին իրեն չեն դիմել և Վռամ Խլղաթյանի կանչին կամայականորեն չեն գնացել՝ ուղղակի չկատարելով իրենց պարտականությունները: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, որ այդ պատճառաբանություններն անհիմն են և նպատակ են հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից և պատժից:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ճանաչել և հռչակել  է ամբաստանյալ Նշան Գևորգյանի անմեղությունն Արտաշես Սեդրակյանի մահվան դրվագով և նրան արդարացրել. մեղադրողը հրաժարվել է մեղադրանքի այդ մասից: Մյուս երկու դեպքերով դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել 5 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու: Միևնույն ժամանակ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ համաներում է կիրառել և ազատել պատժի կրումից:

Դատավճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ քրեական դատարան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս