Նրանք ընդունել են, որ Մոսկվան Հայաստանում պետք է ձևավորի իշխանություն
Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում ստորագրվեց Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի «Ճանապարհային քարտեզը», որն, ըստ «Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանի, տրամաբանական շարունակությունն էր այն գործողության, որը սկսվել է սեպտեմբերի 3-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միանգամայն անակնկալ հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մտադրության մասին: «Փաստացի սեպտեմբերի երեքից սկսած` Հայաստանը դարձել է Ռուսական կայսրության մաս, և հիմա գնում է այդ ամենի իրավական ձևակերպումը:
Երեկ ստորագրվեց երկրորդ հակասահմանադրական փաստաթուղթը, առաջինը հայտնի «գազային» պայմանագիրն էր, և եթե այսպես շարունակվի` մեծ քանակությամբ նման փաստաթղթեր են հայտնվելու: ՀՀ իշխանությունները, որպես այդպիսին, գոյություն չունեն և ներկայացնում են Ռուսական կայսրության շահերը, ավելին` նրանց ներկայացուցիչներն են Հայաստանում»,- լրագրողների հետ զրույցում նշեց Դավիթ Շահնազարյանը: Ըստ նրա` հայաստանյան իշխանություններն արտաքին բոլոր կարևոր որոշումները, անվտանգության հետ կապված, տնտեսության հետ առնչվող խնդիրները հանձնել են Կրեմլին, որի խնդիրն է` ընդլայնել իր կայսրությունն ինտեգրացիոն ծրագրերով:
Անդրադառնալով հայտնի «գազային պայմանագրին», որը դեկտեմբերի 23-ին բաց քվեարկության դրվեց ԱԺ-ում, Դավիթ Շահնազարյանը համոզմունք հայտնեց, որ այն չի ընդունվել: Նա հայտարարեց, որ այդ քվեարկությունն իրավական ուժ չունի, թեև իշխանությունը համարելու է, որ այն ընդունված է: Ինչ վերաբերում է նրան, որ քվեարկության արդյունքներն անօրինական ճանաչելու պահանջով խորհրդարանական ոչ իշխանական ուժերը դիմելու են Սահմանադրական դատարան, Դավիթ Շահնազարյանն ասաց. «Ոչ իշխանական ուժերի ջանքերը` դիմելու ՍԴ, իհարկե, ողջունելի են, բայց չեմ կարծում, որ ՍԴ-ն այն կառույցն է, որը նույնիսկ կքննարկի դիմումը, որովհետև այդ կառույցը համարեց պայմանագիրը սահմանադրական»:
Մեր հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակում ոչ խորհրդարանական չորս ուժերը կարո՞ղ են փրկել իրավիճակը, եթե վայր դնեն մանդատները, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Եթե դա կազմակերպված տեղի ունենա, ապա կառաջացնի խորհրդարանական ճգնաժամ, և իրավական առումով պետք է նոր ընտրություններ անցկացվեն: Բայց ես խիստ ուտոպիստական եմ համարում դա: Չեմ կարծում, որ նրանք, ովքեր դեմ են այս «գազային» համաձայնագրերին, բայց կողմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, կարող են քննարկել մանդատները վայր դնելու առաջարկը:
Ավելին` նրանց պահվածքը` կողմ ՄՄ անդամակցությանը, բայց դեմ համաձայնագրին, հիշեցնում է մեր անկախության հանրաքվեից առաջ քաղաքական ուժերից մեկի կարգախոսը, որը եթե ձևափոխենք ու այսօրվա այդ կուսակցությունների պահվածքին վերագրենք, կստացվի` գազայինին դեմ ըլլալով, մաքսայինին կողմ կըլլանք: «Գազային» պայմանագիրը Մաքսային միության այցետոմսն էր: Այդ ուժերը պետք է հասկանան, որ դժբախտությունները սկսվել են: Թող պատրաստվեն նորերին»: Դավիթ Շահնազարյանը շեշտեց, թե Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան ու չեն էլ կարող լինել, փոխարենը` Հայաստանում, ըստ նրա, կա հակակայսերապետական տրամադրություն:
«Հակակայսերապետական տրամադրությունները դրանք նույնն են, ինչ պաշտպանենք մեր Սահմանադրությունը, ինքնիշխանությունը: Հակակայսերապետականությունը ի՞նչ է` զինել մի երկրի, որի նպատակն է` պատերազմ սկսել ՀՀ-ի դեմ և շարունակել այդ գործընթացը, ամեն առիթով, առանց առիթի վիրավորել մեր ազգային, պետական արժանապատվությունը, ներկայացնել նման փաստաթղթեր, ինչպիսին «գազային» համաձայնագիրն է, նպաստել ՀՀ-ից արտագաղթին, և այլն»,- հավելեց նա:
Ի դեպ, ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն օրերս հայտարարել էր, որ Հայաստանում մայդանի չկայացման պատճառներից մեկը «հայ ժողովրդի խորը հիասթափությունն է Արևմուտքից»: Հետաքրքրվեցինք, թե համաձա՞յն է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ ՀՀ-ում մայդանի կայացման դեպքում էլ Եվրոպան, ինչպես 2008-ին, Հայաստանի կողքին չի կանգնի։ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց. «Ես Մայդանի վերաբերյալ իմ գնահատականները տվել եմ: Մայդանում իշխանության հարց չէ, արժեհամակարգի ընտրության հարց է` դեպի ազատ Եվրոպա, այլ ոչ թե` դեպի Ռուսական կայսրություն»: Հարցին, թե ի՞նչ տպավորություն ունեք Տեր-Պետրոսյանի ելույթից, նա պատասխանեց.
«Ես վաղուց իմ գնահատականները տվել եմ և չէի ուզի անդրադառնալ ՀԱԿ կուսակցության նախագահի այդ գնահատականներին, որոնք այդ կուսակցության գնահատականներն են: Եթե մենք հրաժարվում ենք, որ մենք պետություն ենք, հրաժարվում ենք այն խնդիրներից, որոնք դրված են եղել ժողովրդի կողմից` ընտրված իշխանության ձևավորում, որ ոչ թե պետություն ենք, այլ համայնք, գուցե նման գնահատականները դառնային քննարկման առարկա: Այսօր դավադրություն է բոլոր այդ ուժերի կողմից, որ Սահմանադրությունը բռնաբարվում է ուղղակի: Նույն իրավիճակն է, ինչպես 98 թվականին: Որևէ մեկն այն ժամանակ չէր ուզում խոսել, որ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվում է ՀՀ նախագահի թեկնածու` խախտելով Սահմանադրությունը: Ու արդյունքը, մենք տեսանք, ինչ եղավ: Արդյունքում մենք կորցրինք մեր տնտեսական անկախությունը, և դրա տրամաբանական շարունակությունը կատարեց Սերժ Սարգսյանը: Այ այդ դավադրությունը տեղի է ունենում հիմա նաև»:
Նա նշեց, թե Հայաստանում իշխանափոխություն կլինի, եթե Մոսկվան ցանկանա. «Հայաստանի իշխանությունները, ԱԺ խմբակցությունները, բացի մի քանի պատգամավորներից, վաղուց բոլորը ՀՀ իշխանության ձևավորման գործընթացը հանձնել են Մոսկվային: Դա Մոսկվան է որոշելու: Եվ բոլոր այս գործողությունները, որ անում են, ըստ էության ուղղված են սրան` Մոսկվային ասում են` Սերժ Սարգսյանին հանի, մեզ նշանակի: Նրանք ընդունել են, որ Մոսկվան Հայաստանում պետք է ձևավորի իշխանություն: Նրանք շատ լավ գիտեն, որ եթե այսպես շարունակվի, խորհրդարանի կազմն է ձևավորելու Մոսկվան»:
«168 ԺԱՄ»