Տարոն Մարգարյան. «Տեղյակ չեմ եղել, ես ներսում եմ եղել, ավելի լավ կլիներ, որ բոլոր լրագրողները ներկա լինեին»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի տնտեսագիտական համալսարանում պաշտպանեց իր թեկնածուական ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Պաշտպանությունը դեռ չմեկնարկած՝ բուհում արդեն լարված մթնոլորտ էր, որովհետև ուսանողները` բուհի ուսխորհրդի նախագահի գլխավորությամբ, փակել էին մուտքը դեպի այն լսարան, որտեղ տեղի պիտի ունենար նրա պաշտպանությունը:
168.am-ին հաջողվեց ներս մտնել միայն Տարոն Մարգարյանի ելույթից հետո, երբ նրան արդեն հարցեր էին տրվում դասախոսների կողմից: Այնուհետև նա պատասխանեց նաև մեր հարցերին:
– Ինչպիսի՞ տպավորություն ունեք պաշտպանությունից:
– Շատ լավ տպավորություն ունեմ, տրամադրությունս շատ լավ է:
– Պաշտպանության ընթացքում Ձեզ բավական մեծ թվով հարցեր տրվեցին: Ձեր գնահատմամբ` դրանք բա՞րդ էին:
– Հիմնականում բարդություն չզգացի, որովհետև 8 տարի է՝ այս համակարգի մեջ եմ` տեղական ինքնակառավարման: Վերջին երկու տարին որպես Երևանի քաղաքապետ, վերջին չորս տարին որպես քաղաքապետի առաջին տեղակալ, երկու անգամ ընտրվել եմ թաղային համայնքի ղեկավար և, բնականաբար, սրանք այն հարցերն են, որոնք իմ առօրյա աշխատանքն են: Իմ փորձը, որն այսքան տարի ձեռք եմ բերել, փորձեցի հանձնել թղթին:
– Որքա՞ն ժամանակ գրեցիք թեկածուական թեզը:
– Մոտ երկուսուկես-երեք տարի:
– Չե՞ք կարծում, որ քաղաքապետի պաշտոնն ազդեց գիտական աստիճան ստանալու համար, որ դասախոսներն ավելի մեղմ վերաբերվեցին Ձեզ:
– Ինձ թվում է` դուք էլ եք ուսանող եղել, և դասախոսներին լավ ճանաչելով, բնականաբար, իմ պաշտոնը ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ: Եթե ես տեղական ինքնակառավարման գործում իմ մասնակցությունը չունենայի, համոզված եղեք` ես պաշտպանության չէի գա հասնի:
– Ձեր գիտական աշխատության գերական խնդիրը ո՞րն էր:
– Կարող եք վերցնել, նայել, դա կնշանակի ամբողջ գիտական աշխատությունը, ամբողջ թեման ձեզ պատասխանեմ: Բոլոր գերակա խնդիրները Երևան քաղաքի ինձ համար կարևոր են:
– Պարոն Մարգարյան, դասախոսների կողմից Ձեզ առաջարկ եղավ, օրինակ, չքանդել Հանրապետության հրապարակը, Թամանյանական Երևանը չաղավաղել, կրճատել քաղաքի արտաքին տեսքի վրա հատկացվող ծախսերը և այլն: Հաշվի կառնե՞ք այդ առաջարկները:
– Ես մի քանի ամիս առաջ անդրադարձել եմ այդ հարցերին: Ընդամենը մենք հայտարարել էինք մրցույթ` մեր ճարտարապետների կարծիքներն իմանալու համար: Ու ոչ միայն Հանրապետության հրապարակի, այլև` մյուս հրապարակների մասով էլ նկատած կլինեք, որ մրցույթ է տեղի ունեցել, իսկ Հանրապետության հրապարակի համար ոչ մի առաջարկություն այդպես էլ հավանության չարժանացավ:
Իսկ ինչ վերաբերում է Երևան քաղաքի դիմագծին, ապա ասեմ, որ ես էլ եմ այդ կարծիքին, որ Երևան քաղաքի դիմագիծը պետք է ուշադրության կենտրոնում պահենք և թամանյանական Երևանը, որ ունեցել ենք՝ պետք է պահպանենք:
– Իսկ ինչո՞վ էր պայմանավորված այն, որ լրագրողներին չթույլատրվեց տեսանկարահանել Ձեր պաշտպանությունը, ավելին` բուհի ուսանողները շղթա կազմած չէին թողնում, որպեսզի որևէ մեկը մտնի լսարան: Դուք անձա՞մբ չեք ցանկացել, որ Ձեզ տեսանկարահանեն:
– Չէ, ես ընդհանրապես խնդիր չունեմ: Եթե խնդիր ունենայի, այստեղ Ձեզ հետ չէի խոսի: Բաց է եղել… անկեղծ ասած՝ տեղյակ չեմ եղել, ես ներսում եմ եղել: Դեմ չեմ ու բաց եմ, ավելի լավ կլիներ, որ բոլոր լրագրողները ներկա լինեին:
– Ի դեպ, երևանցիները դժգոհում են, որ հասարակական տրանսպորտը վերջին շրջանում վատ է աշխատում, որ երթուղայինները ուշանում են: Ինչո՞վ է դա պայմանավորված: Արդյո՞ք պատճառն այն է, որ հունվարի 1-ից տրանսպորտի գինը չի թանկանալու:
– Չէ… Ես ընդամենը չորս ամիս առաջ հայտարարությամբ հանդես եկա, որ եթե սնեց մնա տրանսպորտի վիճակը գնալով, բնականաբար, սպասարկման որակն ավելի կվատանա: Դրա համար ես հորդորել եմ նաև հանձնաժողովին, որ շուտափույթ որոշում կայացնեն, փորձագետների, մասնագետների կարծիքները շուտ լսեն, և որոշում կայացնեն, այն ներկայացնեն հանրությանը: Թե չէ՝ գնալով, իրականում, վտանգավոր է դառնում, թե անվտանգության հետ կապված, թե սպասարկման որակի:
– Հասարակական տրանսպորտի թանկացումն անխուսափելի՞ է:
– Եթե մենք ուզում ենք անվտանգ երթևեկություն, եթե մենք ուզում ենք որակյալ սպասարկում, բնականաբար, որակյալ սպասարկման համար կա իր վճարը: Այս վճարով այն որակյալ սպասարկումը և անվտանգությունը չէր կարող լինել: Պետք է մենք ընտրենք` ո՞րն ենք ուզում` որակյա՞լ, թե՞ անորակ: