Ղարաբաղյան պատերազմի վետերանները դեկտեմբերի 28-ին բողոքի ակցիա կանցկացնեն Բաքվի կենտրոնում
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղարաբաղյան պատերազմի վետերանների խումբն այսօր հավաքվել է Բաքվի թիվ 5 հիվանդանոցի առջև, ուր բերել են մայրաքաղաքի կենտրոնում ինքնահրկիզում գործած Զաուր Հասանովին, ով նույնպես Ղարաբաղյան պատերազմի վետերան է, ինչպես նաև՝ երկրորդ կարգի հաշմանդամ:
Վետերաններն իրենց աջակցությունն են հայտնել հուսահատ վիճակում հայտնված Հասանովին, սակայն նրանց թույլ չեն տվել հանդիպել Հասանովի հետ, ում վիճակը մնում է ծանր (կրիտիկական):
Վետերանները Facebook սոցցանցում ստեղծել են «Մի՛ այրեք վետերաններին» անվանմամբ խումբ, որում նշել են, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 15.00-ին բողոքի ակցիա են անցկացնելու Բաքվում՝ «Շատրվանների» հրապարակում:
Բաքվի ոստիկանության գլխավոր վարչությունն իր հերթին հայտարարել է, որ կանխելու է չարտոնյալ ակցիայի անցկացման փորձը: