Ռուսական ընկերությունը նավթի հետախուզման աշխատանքներ կկատարի Սիրիայի տարածքային ջրերում
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մի քանի ամիս տևած բանակցություններից հետո երեկ Դամասկոսում համաձայնագիր է ստորագրվել ռուսական «Սոյուզնեֆտեգազ» նավթագազային ընկերության հետ, որն առնչվում է Սիրիայի տարածքային ջրերում շելֆային հորատումներ իրականացնելուն:
Նշվում է, որ Սիրիայում առաջին անգամ է իրականացվելու նավթի արդյունահանման նմանատիպ եղանակ: Ռուսական ընկերությունն իրականացնելու է երկաբանական հետախուզական աշխատանքներ, ստեղծելու է ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են ստորջրյա հանքավայրերի մշակման համար, ինչպես նաև իրականացնելու է տեղական անձնակազմի նախապատրաստում:
Նավթի որոնման աշխատանքներն իրականացվելու են 2190 քառակուսի կիլոմետր ջրատարածությունում: Դրա հետ կապված ծախսերը (մոտ 90 միլիոն դոլար) իր վրա է վերցրել ռուսական ընկերությունը: Սիրիայի նավթարդյունաբերության նախարար Սուլեյման Աբբասը հայտարարել է, որ պայմանագիրը կնքվել է 25 տարի ժամկետով, և որ շելֆային հանքավայրերի մշակումն իրականացվելու է մի քանի փուլով: