ՀՀ գլխավոր դատախազությունը՝ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների շուրջ մամուլի հրապարակումների վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը, յուրաքանչյուր հաղորդման ընթացք տալ բացառապես իրավական հարթությունում,  ՀՀ քրեադատավարական  օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ինչը իմպերատիվ պահանջ է ցանկացած իրավական, ժողովրդավարական հասարակարգում, նաև դրական է գնահատում Գլխավոր դատախազի առաջարկությանը հետևած  արագ արձագանքները:

Խուսափելու համար հանրության շրջանում թյուր կարծիք ձևավորելուց, որ մամուլում տպագրված նյութերը չեն արժանանում պատշաճ ուշադրության և չեն ստանում համապատասխան լուծում` պարզաբանում ենք, որ համապատասխան տեղեկատվությունը, հոդվածը, տեսաձայնագրությունը, լուրը, որպեսզի առիթ հանդիսանա քրեական գործ հարուցելու համար,  պետք է համապատասխանի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դատավարական նորմերին:

Մասնավորապես, եթե հաղորդման հեղինակը ֆիզիկական անձ է, ապա, վերջինս նախևառաջ անձամբ պետք է ներկայանա իրավապահ մարմին, գրավոր կամ բանավոր ներկայացնի իր հայտարարությունը, թե ինչի վերաբերյալ է իր հաղորդումը, իրազեկման աղբյուրը և այլ տեղեկություններ, որոնց ինքը տիրապետում է:

Ֆիզիկական անձի ներկայությունը պարտադիր պայման է.
ա/ անձը իր ստորագրությամբ պետք է  հաստատի հաղորդումը
բ/` եթե լրացել է նրա 16 տարին, միաժամանակ նաև նախազգուշացվի սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, ինչը հաստատում է իր ստորագրությամբ:
Եթե հանցագործության առերևույթ հատկանիշներ պարունակող հրապարակման, տեսաձայնագրության, լուրի, հոդվածի բովանդակությունը հիմնված է բացառապես ֆիզիկական անձի կողմից ներկայացվող տեղեկատվության վրա, կամ այդ անձը ինքն է առաջին դեմքով հանդես գալիս հրապարակայնորեն, ապա այդ հրապարակային հաղորդմումը նույնպես ենթակա է քննարկման՝ ֆիզիկական անձի կողմից ներկայացվող վերոնշյալ հաղորդման կարգին համապատասխան:

Անդրադառնալով,  մամուլում,  որոշ դատավորների և դատախազության աշխատակիցների վերաբերյալ հրապարակված հոդվածների, մասնավորապես՝ «Վիզկոն» ՍՊԸ-ի նախկին տնօրեն Պավել Անդերսոնի 2012թ. հուլիսի 10-ի տեսաձայնագրության, դրա սղագրության, և 1in.am լրատվական կայքում 2013թ. դեկտեմբերի 13-ին  <<Կաշառակեր դատավորների և դատախազների անուններ՝ Գլխավոր դատախազին>> վերտառությամբ, փաստաբան Հակոբ Ճարոյանի հետ տպագրված հարցազրույցի վերաբերյալ, տեղեկացնում ենք.

Պավել Անդերսոնի ելույթի տեսագրության բովանդակությունը պատշաճ ուսումնասիրվել է, ստուգվել են քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը, և պայմանավորված Պավել Անդերսոնի բացակայությամբ Հայաստանի Հանրապետությունից, հնարավոր չէ վերջինիցս, որպես հանցագործության մասին հաղորդում տվող ֆիզիկական անձի,  վերցնել պատշաճ հաղորդում հանցագործության վերաբերյալ, կատարել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, հիմնավորելու կամ հերքելու համար նրա կողմից մատնանշված հանգամանքերը:

Սակայն, ՀՀ գլխավոր դատախազությունը հուսով է և ակնկալում է վերջինիս արձագանքը և երաշխավորում է, որ իրավապահ մարմինների հետ համագործակցելու դեպքում նրա նկատմամբ կկիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 98.1 հոդվածով նախատեսված անհրաժեշտ և արդյունավետ պաշտպանության միջոցները:
«Կաշառակեր դատավորների և դատախազների անուններ՝ Գլխավոր դատախազին» հրապարակման վերաբերյալ հայտնում ենք, որ  այդ հարցազրույցում նշված հանգամանքները ուսումնասիրման առարկա են դարձել դեռևս 2013թ. օգոստոսի 23-ին «Հրապարակ» օրաթերթում տպագրված «Կոռուպցիան Երևան քաղաքի դատախազությունում» հոդվածի և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը օգոստոսի 24-ին Հ. Ճարոյանի ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստած նյութերով, որի ընթացքում Հակոբ Ճարոյանը իր բացատրությամբ ներկայացրել է միայն քրեական գործով ձեռք բերված ապացույցների և կայացված դատավարական որոշումների կապակցությամբ իր վերլուծությունները, չնշելով տեղեկություն կամ փաստ, որը կվկայեր քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ կայացնելու ժամանակ քննիչի և նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազների ոչ օրինաչափ նկատառումներ, նյութական շահագրգռվածություն ունենալու մասին:

Անկախ փաստերի բացակայությունից, փաստաբանի ներկայացրած դիտարկումների կապակցությամբ,  նյութերի նախապատրաստման ընթացքում հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչությանը մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ ձեռնարկել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, սակայն դրանց արդյունքում ևս տեղեկություններ ձեռք չեն բերվել քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ կայացնելու ժամանակ քննիչի կամ դատախազների կողմից կաշառք ստանալու, նյութական այլ շահագրգռվածություն, ինչպես նաև քրեական գործով անցնող անձանց հետ ոչ դատավարական հարաբերություններ ունենալու վերաբերյալ:

Վերոգրյալի հիման վրա  2013թ. սեպտեմբերի 25-ին որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Կայացված որոշումը Հ. Ճարոյանը քրեադատավարական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չի բողոքարկել, դրա փոխարեն դարձյալ հրապարակային անդրադարձ է կատարել այն նույն հանգամանքներին, որպիսիք արդեն իսկ քննության առարկա են եղել:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը գնահատական է տվել նաև Հակոբ Ճարոյանի արարքին, եզրահանգելով, որ վերջինս, հանդիսանալով քրեական գործով ամբաստանյալի շահերի պաշտպանը, ընդամենն իր ներքին համոզմունքով գնահատել է պաշտպանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսացած ապացույցների բավարարությունը, ինչպես նաև նրա հետ շահերի հակասություն ունեցող, մեղադրող ցուցմունքներ տված անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու օրինականությունն ու հիմնավորվածությունը, որպիսի պայմաններում, ընդամենը սուբյեկտիվ մեկնաբանություն տալու համար փաստաբանը ենթակա չէ քրեական պատասխանատվության սուտ մատնություն կատարելու համար
Սակայն, 2013թ.դեկտեմբերի 13-ի հարցազրույցում Հակոբ Ճարոյանը, բացի վերոնշյալից,  նշել է նաև մեկ այլ քրեական գործի մասին, ինչի վերաբերյալ հայտնում ենք, որ փաստաբանը, իր վերլուծությունները և դատողությունները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնելու դեպքում, դատախազությունը պատրաստ է պատշաճ ընթացք տալ բարձրացված մտահոգիչ այդ հարցերին ևս:
Այնուամենայնիվ, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում գործելու և իրավունքների ու ազատությունների պաշտպանության ընթացքում օրենքով սահմանված ընթացակարգերը հստակ պահպանելու նպատակով հարկ ենք համարում նաև պարզաբանել, որ հանցագործության մասին սուտ մատնություն կատարելը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ինչպես նաև դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին, դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը՝ կապված նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ, ինչպես նաև նույն արարքը, որը կատարվել է դատավորի նկատմամբ՝ կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ, ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ և 344-րդ հոդվածներով նախատեսված արարքներ են:

Տեսանյութեր

Լրահոս