Եթե պաշտոնյաներն այդքան շատ են սիրում գիտությունը և ուզում են գիտական աստիճան ունենալ, ինչո՞ւ է գիտությունն այսպիսի խղճուկ վիճակում
Դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում կկայանա Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը՝ տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար: Քաղաքապետի՝ ատենախոսություն պաշտպանելու հարցը բուռն քննարկումների տեղիք է տվել: Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի նախագահ Հարություն Կարապետյանն այս առիթով պատրաստվում է վերադարձնել գիտությունների թեկնածուի իր վկայականը:
– Պրն Կարապետյան, Դուք դեմ եք քաղաքապետին տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի շնորհմանը, և ի նշան բողոքի՝ ցանկանում եք վերադարձնել գիտությունների թեկնածուի Ձեր վկայականը: Կարդացե՞լ եք Տարոն Մարգարյանի գիտական աշխատանքը և ինչո՞ւ որոշեցիք նման քայլի դիմել:
– Այստեղ կարևորը Տարոն Մարգարյանի անձը չէ. պարզապես կարևոր է այն երևույթը, որ պետական աշխատողը, որը բազմազբաղ է և ժամանակ չունի, այնուամենայնիվ, անպայման որոշում է գիտական աստիճաններ ստանալ: Բացի դրանից, կոնկրետ Տ. Մարգարյանի դեպքում, փոխվել է նաև մասնագիտացումը: Նա՝ ունենալով ճարտարագիտության մագիստրոսի աստիճան՝ գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ, պատրաստվում է պաշտպանել տնտեսագիտության բնագավառում: Ճիշտ է, այսպիսի տրանսֆորմացիան տեսականորեն հնարավոր է (հատկապես, որ նա միջնակարգ դպրոցն ավարտել է էքստեռն կարգով), բայց և այնպես շատ բարդ է՝ Երևանի պես պրոբլեմներով լեցուն քաղաքի քաղաքապետի համար: Պետական չինովնիկների գիտության ոլորտ զանգվածային և անարգելք մուտքը կարծես մոդա է դառնում:
Իսկ ինչ վերաբերում է Տ. Մարգարյանի գիտական աշխատանքին, ես այսօր գիշերը հենց կարդացել եմ Facebook-ում «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում դրված Տարոն Մարգարյանի գիտական հոդվածները, որոնք, ըստ իս, իրականում ոչ մի գիտական հետք չեն պարունակում: Կարծում եմ, պետք է ընդհանրապես արգելվի պետական պաշտոնյաներին` գիտական աստիճանավորում ստանալ, որովհետև նրանց ազդեցությունը մեծ է թե՛ գիտխորհուրդների, և թե՛ այն կառույցների վրա, որոնք հաստատում են այդ կոչումը, դրանց թվում է, օրինակ՝ ԲՈՀ-ը:
Հարցը ոչ թե Տ. Մարգարյանն է, այլ այն աշխատանքը, որը դրվում է ԲՈՀ-ի սեղանին, այդտեղ կարող է շատ բարդ ու արժանի աշխատանք լինել, բայց այդ մարդը, միևնույն է, ի վիճակի չէ, թեկուզ տեսականորեն, 2-3 տարում այդպիսի աշխատանք կատարել իր ամենօրյա աշխատանքի հետ զուգահեռ. դա ակնհայտ է: Հետո էլ ասում եք՝ գիտության վարկն ընկել է, իսկ ինչի՞ պետք է չընկներ, եթեգ Ես, սիրելով իմ աշխատանքը, մոտ 8 տարի գիշեր-ցերեկ աշխատել եմ իմ թեկնածուական աշխատանքի վրա, այդ ինչպե՞ս եղավ, որ Տ. Մարգարյանը և միայն նա չէ, այլ նաև մյուս պաշտոնյաներն էլ, կարող են այդքան կարճ ժամանակահատվածում իրենց աշխատանքն ավարտել:
Միգուցե նրանք բոլորը շատ օժտվա՞ծ են` պարոն Մարգարյանի պես (հիշեցնեմ, որ նա դպրոցն ավարտել է էքստեռն կարգով), բայց օրն ընդամենը 24 ժամ ունի: Այնքան շատ մարդկանց են տալիս արդեն գիտական աստիճաններ, որ զարմանալի է, և չգիտես ինչո՞ւ՝ բոլորը գրեթե նույն բնագավառներում` սոցիոլոգիա, տնտեսագիտություն և այլն, որոնք մեր մոտ քիչ չափելի են բնութագրիչներով (թեև ամբողջ աշխարհում բոլոր բնագավառներն էլ չափելի են): Այսպես, եթե ուզում եք կոռուպցիան վերացնել, ապա մեզ մոտ եկեք ներմուծենք այդ միջազգային ընդունված չափորոշիչները, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն համապատասխանի այդ ամենին, իրավունք չեն ունենա թեկնածուական, դոկտորական, և այլն, գրել:
– Այսինքն` արհեստածին գիտնակա՞ն են դառնում շատերը:
– Միարժեք: Այս ամենը շատ զարմանալի է, հետաքրքիր է, թե Տ. Մարգարյանի ինչի՞ն է պետք այդ թուղթը, մյուս կողմից` նաև Տ. Մարգարյանը, որ պաշտպանում է, նրա այդ աշխատանքն առնվազն 40-50 տնտեսագետի ձեռքի տակով է անցել: Իմ խորին համոզմամբ` այդ մասնագետները շատ ավելի են մեղավոր: Չէ՞ որ թեման ունի մասնագետ գիտական ղեկավար, չէ՞ որ թեման հաստատվել է, որտե՞ղ է տեղի ունեցել նախնական պաշտպանությունը, որ հիմա էլ ներկայացվում է մասնագիտական գիտական խորհրդի դատին:
Թվարկած բոլոր կառույցների մասնագետները քննարկել են, չէ՞, այդ ամենը, այդ բոլոր գործնթացներն այդ աշխատանքն անցել է: Ցավոք, բազմաթիվ մասնագետներ կան, ովքեր չեն հարգում նախ` իրենց աշխատանքը, իրենք իրենց մասնագիտությունը, և նման բաների համար ճանապարհ են բացում, իսկ հետո էլ ասում են, որ գիտության վարկն է ընկել: Կամ՝ պաշտոնյաները, ովքեր, եթե այդքան շատ են սիրում գիտությունը և գիտական աստիճան ունենալը, ինչո՞ւ է գիտությունն այսպիսի խղճուկ վիճակում, Հայաստանում ամենացածր վարձատրվող մարդիկ գիտնականներն են, չէ՞:
– Այսինքն՝ մի կողմից` գիտնականները խոսում են գիտնականների վարկի իջեցման մասին, իսկ մյուս կողմից՝ գուցե ստիպված, նպաստում են այդ վարկի իջեցմա՞նը:
– Այո, օգնում են, որ գիտնականի վարկն ընկնի: Այդ բոլոր պաշտպանության գործընթացները՝ մինիմումների հանձնումը և այլն, այդ բոլորը մասնագետների ձեռքի տակով է անցնում, չէ՞: Փաստորեն, ստացվում է, որ այսպիսով մարդկանց աչքին գիտնականի արժեքն ընկնում է: Ամեն մի մասնագիտություն իր արժանապատվությունն ունի, և հենց այդ մասնագիտության տեր մարդիկ պետք է պաշտպանեն իրենց արժանապատվությունը:
– Պրն Կարապետյան, Դուք այն գիտնականներից եք, ով ընդվզում է, և նաև դրա արդյունքում` երբեմն որոշակի ճնշումների եք ենթարկվում: Դուք վերջերս վերադարձրել եք նաև ՀՀ նախագահի կողմից Ձեզ տրված մրցանակը, իսկ այժմ պատրաստվում եք վերադարձնել գիտությունների թեկնածուի Ձեր վկայականը, չե՞ք վախենում, որ նոր ճնշումներ կլինեն:
– Վախենամ թե չվախենամգ Սակայն, ուզում եմ նշել, որ ես իմ դիպլոմը չեմ վերադարձնելու, որովհետև այն ես Հայաստանից չեմ ստացել, ես պարզապես հրաժարվել եմ ինձ տրվող 10.000 դրամ հավելավճարից, որը որպես թեկնածու` տալիս են, ես շնորհակալ եմ այդ գումարից, որը անգամ 1 օրվա ծախսը չէ շատերի համար: 10.000 դրամ հավելավճար` թեկնածուներին, 20.000 դրամ` դոկտորներին, ակադեմիկոսներին՝ շատ ավելի շատ. այս գումարը Հայաստանի վերաբերմունքն է` պետական բյուջեից հատկացվող, թեկնածուներին և դոկտորներին, և ընդհանրապես` գիտությանը:
– Ինչպե՞ս եք տեսնում այս խնդիրների լուծումը, օրինակ` այն, որ, փաստորեն, պաշտոնյաներն իրենց դիրքը չարաշահելով` գիտական կոչումներ են ստանում:
– Մի քանի անգամ ես արդեն անդրադարձել եմ այդ հարցին, պետք է դնել և այդ ամենը չափել չափորոշիչներով, սա ամբողջ աշխարհում հայտնի ձև է: Եթե մեր երկրում ուզում ենք այս ամենը կանխենք, պետք է ինչ-որ չափորոշիչներ դնել, որով որևէ մարդ, եթե ցանկանում է պաշտպանել՝ պարտադիր պետք է համապատասխանի դրանց: Այսինքն՝ հնարավորություն կա այդ ամենն անելու, և մենք իրականում կարող ենք չափել այդ ամենը, ոչ թե օդի մեջ ասել` հայտնի գիտնական, հայտնի աշխատանք, և այլն: Մի խոսքով` այդ հայտնին և ոչ հայտնին կարելի է հստակ գնահատել:
– Իսկ ինչո՞ւ չեն ներդնում այդ չափորոշիչները Հայաստանում:
– Ասում են՝ մեր գիտական համայնքը փոքր է, բոլորն իրար ճանաչում են: Է, ավելի լավ, որ ճանաչում են, թող լինի անկախ չափորոշիչ, և թող բոլորը գնահատվեն դրանով: Այդ դեպքում ոչ ոք չի նեղանա:
– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այլ գիտնականներ ակտիվորեն չեն արձագանքում և ըմբոստության ինչ-որ քայլեր չեն ձեռնարկում այս ամենի դեմ:
– Մի շատ հասարակ, պարզ պատճառով, որովհետև այդ գիտնականներն այդ կոպեկներից կարող են զրկվել: Չգիտեմ՝ ինչի՞, ավելի լավ կլինի՝ թող իրենք պատասխանեն այդ հարցին: Ես միայն գիտեմ, որ մոտ 100 հոգի ասում է, թե ես այս ինչ լավ բան եմ անում, է, դու էլ արա: Այդպես է, չէ՞, բոլորը խոհանոցում ամեն ինչ ճիշտ խոսում են և քննադատում են, բայց ի՞նչ տարբերություն՝ այնտեղ ինչ-որ բան ասո՞ւմ են, թե՞ չեն ասում:
Պետք է սիրել գիտությունը և ըստ արժանվույն գնահատել այն, ինչպես ամբողջ աշխարհում է: Չէ՞ որ գիտությունը մեր այն ռեսուրսներից մեկն է, որը կարող է քիչ թե շատ մրցունակ լինել: Ենթադրենք, բոլորին սկսեն Հայաստանում թեկնածուների և դոկտորների դիպլոմներ բաժանել, դրանից օգուտ կլինի՞: Պաշտոնյաների աստիճանաշնորհման այս գործընթացները, չեմ հասկանում՝ ինչո՞վ են պայմանավորված, մոդա՞ է, ի՞նչ է: Սակայն, եթե հենց այդ պաշտոնյաներն այս երկրի և նրա իմիջի մասին մտածում են, պետք է հասկանան, որ չի կարելի: