Բաժիններ՝

Սև փողերի հինգ տոկոսը

Մեր տնտեսական կյանքը չափազանց միապաղաղ է: Գարնանը տնտեսական նորություններ չկան, որովհետև տնտեսական կյանքը դեռ թափ չի առել: Իսկ եթե կան, ապա համարյա օդերևութաբանական են՝ կարկուտի ու ջրհեղեղների մասին, որոնք հարցականի տակ են դնում ապագա բերքը: Ամռանը տնտեսությունը հանգստի մեջ է, որովհետև շոգ է և արձակուրդների շրջան:

Աշնան սկզբին մի քիչ անհանգստություն կա կարկուտից ու մյուս բնական աղետներից փրկված բերքի մթերման հարցերի շուրջ: Հետո մեր տնտեսությունը ձմեռային քուն է մտնում մինչև հաջորդ գարնան կարկուտների սեզոն: Ու այսպես անընդմեջ՝ միապաղաղ ու մոդայիկ բառով ասած՝ «գաղջ» իրավիճակ: Իրավիճակ, որ փոխելու համար ջանք ու եռանդ չի խնայում մեր կառավարությունը: Հարազատ կառավարությունն է, որ իր անխոնջ գործունեությամբ պարբերաբար ցնցում է մեր տնտեսությունը և այդ ոլորտը դարձնում հասարակական ուշադրության առարկա:

Մեկ տարի առաջ, մոտավորապես այս օրերին, մեր կառավարությունը հերթական բարեփոխումն էր իրականացնում: Բոլոր գործատուներին պարտադրվեց յուրաքանչյուր աշխատակցի սոցիալական վճարները միացնել վճարվող աշխատավարձին: Այդ պահին ոչ ոք չհասկացավ բարեփոխման նպատակը: Կառավարությունն օրնիբուն գործատուներին և աշխատողներին բացատրում էր, որ այս նորույթից ոչ ոք չի տուժելու: Ոչ գործատուն, ոչ աշխատողները: Միակ տուժողները հաշվապահներն էին, որ ստիպված էին կիրառել այդ անշառ թվացող նորույթը: Ահագին լրացուցիչ աշխատանք էր պետք կատարել:

Կառավարության քարոզչամեքենան հասարակությանը համոզում էր, որ այս բարեփոխումից ոչ ոք «քյար» չունի: Որ իրենք պարզապես վարչարարությունն են կատարելագործում: Հասարակությունն, իհարկե, կասկածում էր: Որովհետև հիշում էր արևելյան հնագույն անեկդոտը. «Անցորդը գիշերը նկատում է մեկին, ով խանութի կողպեք է սղոցում, և զարմացած հարցնում է` «Էս ի՞նչ ես անում», ու ստանում է` «Սազ եմ նվագում» պատասխանը:

«Էդ ի՞նչ սազ ես նվագում, որ ձայնը չի լսվում»: «Իմ նվագած սազի ձենը առավոտ կլսվի»,- պատասխանում է կողպեք սղոցողը»: Մեկ գիշեր չէ, այլ մեկ տարի, ուղիղ մեկ տարի պահանջվեց, որ հասարակությունը հասկանա կառավարության բարեփոխման իրական իմաստը: Ինչպես նաև` հետևանքները: Անցած տարվա հունվարի 1-ից բոլոր աշխատողների «կեղտոտ» աշխատավարձն աճեց 22-23 տոկոսի չափով: (Մինչև 100 հազար դրամը՝ 19 հազար, և գումարած 100 հազարը գերազանցող գումարի 5 տոկոսը): «Մաքուր»՝ հարկված աշխատավարձը մնաց նույնը: Շատերը կարծում էին, որ սա մեր իրականության մեջ նախադեպը չունեցող բարեփոխում էր: Նախկինում, կարծես, դեպք չէր եղել, որ բարեփոխումից հարկ վճարողները չտուժեն: Ո՛չ գործատուն, ո՛չ վարձու աշխատողը: Հիմա պարզվեց, որ այդպես կարծողները սխալվել են: Հատկապես նրանք, ովքեր ծնվել են 1974թ. հունվարի 1-ից հետո:

Nist2

Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակի պարտադիր օրենքը: Իսկ նոր օրենքը ենթադրում է, որ նշված տարիքի ցանկացած աշխատող հունվարի 1-ից աշխատավարձի 5 տոկոսի չափով փող է փոխանցելու: Ա՛յ այդ հինգ տոկոսը հաշվարկվելու է անցնող տարվա սկզբից «բարձրացված» աշխատավարձից: Այսինքն` նախանցած տարվա համեմատ, դա ամենևին էլ հինգ տոկոս չէ, այլ ավելի մեծ գումար: Բայց մեր հարազատ կառավարությունն այդքան հոգեհարազատ չէր լինի, եթե բավարարվեր միայն այսքանով: Մերոնք անչափ հնարամիտ են: Տեսեք, թե նոր օրենքն ինչպես է պատրաստվում հաշվարկել արդեն ուռճացված «հինգ» տոկոսը: Հինգ տոկոսը հաշվարկվում է «կեղտոտ» աշխատավարձից, բայց հանվում միայն «մաքուրից»: Ընդունեք, որ տարօրինակ թվաբանություն է: Կամ հաշվապահություն՝ եթե կուզեք: Օրենքի կողմնակից քարոզիչներն անընդհատ փորձում էին հասարակության ուշադրությանն արժանացնել կառավարության մեծահոգի քայլը:

«Տեսեք-տեսեք,- ասում են նրանք,- կառավարությունը հայրական հոգածությամբ ձեզնից գանձվող գումարին ինքն էլ է հինգ տոկոս ավելացնելու»: Անկեղծ ասած` պարզ չէ, թե կառավարությունն իր հատկացնելիք «հինգ» տոկոսն ինչ մեթոդաբանությամբ է հաշվարկելու: Գոնե ինձ համար: Հայտնի բան է՝ տնտեսագիտությունը ճշգրիտ գիտություն չէ: Ու մենք՝ հայաստանցի հարկատուներս, բազմիցս ենք համոզվել, որ հայկական տնտեսագիտական մտքի արդի էտապի համար նույնիսկ թվաբանությունը ճշգրիտ դիսցիպլին չէ, ուր մնաց` հաշվապահական բարդ-բարդ մոդելներն ու բանաձևերը: Իսկ եթե Դուք համաձայն չեք այս պնդման հետ, ապա դժվար չէ ենթադրել, որ մեր տնտեսական իրականության հետ երբեք չեք առնչվել: Այսինքն` ո՛չ սեփական բիզնես ունեք, ո՛չ էլ վարձու աշխատանք: Այլապես առաջին իսկ հարկային տեսուչը դա Ձեզ ապացուցած կլիներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս