Ինչո՞ւ են բոլորը մերժում Հայրիկյանին
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը միակն է, ով հետևողականորեն շարունակում է պայքարել Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման դեմ և քարոզում Հայաստանի եվրոինտեգրացիայի անհրաժեշտությունը:
Հայրիկյանը վստահեցնում է, որ հայ հասարակության 60 տոկոսը կողմ է ԵՄ-ի հետ ասոցիացմանը, սակայն իր հրավիրած հավաքների մասնակիցների թիվը չի մոտենում 60-ին: Պատճառը երևի այն է, որ Հայաստանում գործող եվրոինտեգրացիայի կողմնակից մյուս քաղաքական ուժերն ավելի ազդեցիկ են, քան ԱԻՄ-ը, և այդ 60 տոկոսը հանուն Հայաստանի եվրոասոցիացման փողոց դուրս կգա միայն այդ ուժերի կոչով:
Իր կազմակերպած վերջին հավաքի ժամանակ Հայրիկյանը հայտարարեց, որ բանակցել է Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը մերժող և հօգուտ եվրոինտեգրման հանդես եկող երեք քաղաքական ուժերի` «Հանրապետություն», «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի նրանց հետ համատեղ պայքարի ընդդեմ Մաքսային միության: Նրանք, ըստ Հայրիկյանի, իրենց համաձայնությունը տվել են, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով հրաժարվել են: «Այդ կուսակցություններում ինչ-որ բան այն չէ, ավելին առայժմ չեմ ուզում ասել»,- այսպես էր բնորոշել այդ կուսակցությունների պահվածքն ԱԻՄ նախագահը:
Ինչո՞ւ ՄՄ-ին Հայաստանի անդամակցությունը մերժող և եվրոինտեգրացիայի օգտին հանդես եկող կուսակցությունները չեն միացել համատեղ պայքարին` փողոց դուրս բերելով իրենց բազմահազար կողմնակիցներին, դրանով ցույց տալով, որ հայ հասարակությունը կողմ է ԵՄ-ի հետ ասոցիացմանը: Այլապես, եթե դատենք Հայրիկյանի հրավիրած հանրահավաքների մասնակիցների թվից, կարելի է կարծել, որ Հայաստանում ԵՄ-ի հետ ասոցիացման կողմնակիցների թիվը չի անցնում 50-ից:
Մենք փորձեցինք այս հարցի շուրջ զրուցել Հայրիկյանի կողմից հիշատակված երեք կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ընդհանրապես տեղյակ չէր, որ կուսակցության ներկայացուցիչները համատեղ հանրահավաք հրավիրելու հարցով բանակցություններ են վարել Պարույր Հայրիկյանի հետ: Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հաստատեց, որ այդպիսի բանակցություններ վարվել են: Իսկ թե ինչու է «Ժառանգությունը» ձեռնպահ մնացել համատեղ հանրահավաքներ կազմակերպելուց, Մարտիրոսյանը պատասխանեց. «Նկատի ունենալով, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը բացակայում է Հայաստանից, մեր մասնակցությունը նպատակահարմար չենք համարել»:
Այդ դեպքում ճիշտ կլինի, եթե «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարեն, որ կուսակցությունը գործում է միայն Հովհաննիսյանի՝ Հայաստանում գտնվելու ընթացքում, իսկ բացակայության ժամանակ դադարեցնում է գործունեությունը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները հաստատեցին, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը դեռևս նոյեմբերի վերջին այցելել է կուսակցության գրասենյակ և առաջարկել համատեղ պայքար սկսել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը կանխելու նպատակով: Սակայն իրենք նպատակահարմար չեն համարել պայքարի հանրահավաքային ձևը` նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ հասարակությունն այնքան էլ տրամադրված չէ պայքարի այդ ձևին: Որպես իրենց իրավացիության ապացույց` նրանք հղում էին անում Հայրիկյանի կողմից կազմակերպվող հանրահավաքներին, որտեղ, բացի ԱԻՄ ներկայացուցիչներից, որևէ այլ մարդ չի մասնակցում:
Ամենաարտասովորը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի պատասխանն էր: Լսելով մեր հարցը, նա հայտարարեց, որ վերջին անգամ Պարույր Հայրիկյանին տեսել է հինգ տարի առաջ, և նույնիսկ այդ ժամանակ նրա հետ որևէ հարցով զրույց չի ունեցել, այնպես որ, Հայրիկյանը չէր կարող պայմանավորվածություն ունենալ կուսակցության հետ: «Հնարավո՞ր է, որ հանդիպումը եղել է ոչ թե ձեր, այլ կուսակցության այլ անդամների հետ»,- հարցրեցինք Արամ Սարգսյանին: Վերջինս պնդեց, որ կուսակցության այլ անդամներ ևս Հայրիկյանի հետ չեն հանդիպել, քանի որ նման հանդիպումները և պայմանավորվածությունները քննարկվում են կուսակցության քաղաքական խորհրդում:
Վերոնշյալ կուսակցությունների ներկայացուցիչների պատասխանից պարզ է, որ նրանք նպատակահարմար չեն համարում Հայաստանի` Մաքսային միությանը միանալու դեմ պայքարել հանրահավաքային ճանապարհով: Սակայն նրանք չգիտեն, թե ուրիշ ինչ կերպ կարելի է պայքարել, մանավանդ որ, Հայաստանը շուտով կարող է դառնալ այդ միության անդամ, որից հետո պետք է պայքարել արդեն այնտեղից դուրս գալու համար, որն ավելի լուրջ խնդիր է:
Մաքսային միությանը դեմ կուսակցություններում կա երկու մոտեցում. առաջինն այն է, որ Մաքսային միությունը չի կարողանալու կայանալ, և ինչ-որ մի պահի այն փլվելու է, քանի որ այն գործում է «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը» առակի տրամաբանությամբ, բոլորը ձգում են տարբեր ուղղություններով: Հայաստանը ոչ մի ուղղությամբ չի ձգում, քանի որ այդ սայլին նույնիսկ կպած էլ չէ: Եթե նույնիսկ նկատի ունենանք, որ Մաքսային միությունը չի կայանալու` դրա անդամների տարբեր ձգտումների պատճառով, ապա անհասկանալի է, թե ինչ դերակատարում են տեսնում իրենց համար այս կուսակցություններն այդ միությանը Հայաստանի անդամակցությունը թույլ չտալու հարցում:
Մյուս մոտեցումն այն է, որ Հայաստանի իշխանությունը չնայած հայտարարել է Մաքսային միություն մտնելու որոշման մասին, սակայն շարունակում է օգտվել ԵՄ երկրների և ԱՄՆ-ի աջակցությունից: Ըստ այս վարկածի, Հայաստանի իշխանությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել այդ երկրների առջև, և քանի դեռ այնտեղ ակնկալում են այդ պարտավորությունների կատարումը, Արևմուտքը չի օգնի Հայաստանի ընդդիմությանը՝ երկրում իշխանափոխություն իրականացնելու հարցում: Սակայն այս մոտեցումը ևս կարելի է առնվազն միամիտ համարել. Արևմուտքը շարունակում է աշխատել Հայաստանի իշխանության հետ, քանի որ քաղաքական դաշտում չի տեսնում այնպիսի ուժեր, ովքեր ունեն հանրային լայն աջակցություն, և որոնք իշխանությունից տարբերվող մոտեցումներ են առաջարկում: Քանի դեռ նման ուժեր չկան, արևմտյան երկրները շարունակելու են աշխատել իշխանության հետ:
«168 ԺԱՄ»