
ՄԻԵԴ-ը բավարարել է Շվեյցարիայի դեմ Դողու Փերինչեքի ներկայացրած հայցը՝ կապված Հայոց ցեղասպանության հետ

Թուրքական Internet Haber լրատվական կայքի փոխանցմամբ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Շվեյցարիայի դեմ 2008 թվականին Դողու Փերինչեքի ներկայացրած հայտը:
Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը 2005 թվականին Շվեյցարիայի Լոզան քաղաքում հայտարարել էր, թե «Հայոց ցեղասպանության մասին պնդումները միջազգային հանրության կողմից տարածվող կեղծիքներ են»:
1995 թվականին Շվեյցարիայում ուժի մեջ մտած հակառասիստական օրենքը կիրառվում է նաև Հայոց ցեղասպանության հերքման առնչությամբ, որի առաջին «զոհը» դարձավ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը։
2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը նրան մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության մեջ՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը հերքող նրա հրապարակային հայտարարությունների համար (Քրեական օրենսգրքի 261-րդ հոդվածի դրույթների խախտում):
Լոզանի դատարանը թուրք կուսակցապետի նկատմամբ սահմանեց 90-օրյա պայմանական ազատազրկում կամ դրան համարժեք տույժ, ինչպես նաև 3 հազար շվեյցարական ֆրանկի կամ 2500 դոլարի տուգանք:
Փերինչեքը, վկայակոչելով խոսքի ազատությունը, դիմել էր ՄԻԵԴ, որն էլ այժմ բավարարել է նրա հայցը՝ գտնելով, որ Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան:
Դա մեծ ոգևորությամբ է ընդունվել թուրքական մամուլի կողմից, որի բնորոշմամբ՝ ՄԻԵԴ-ը կայացրել է պատմական աննախադեպ որոշում, ինչը հետագայում նախադեպ կհանդիսանա նմանատիպ իրավիճակների համար:
Հիշեցնենք, որ հայտնի հայատյաց Դողու Փերինչեքն այս տարվա այս տարվա օգոստոսի 5-ին «Էրգենեքոնի» գործով դատապարտվել է 117 տարվա ազատազրկման: