Բաժիններ՝

Սյունիքի զբոսաշրջային հնարավորությունները չեն օգտագործվում

Սյունիքում համայնքային ռեսուրսի վրա հիմնված զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություն կա, բոլոր համայնքներն ունեն և´ պատմական ժառանգություն, և´ գեղատեսիլ վայրեր, սակայն առկա հնարավորությունները չեն օգտագործվում: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի տուրիզմի ընկերակցության նախագահ Արթուր Ոսկանյանը:
Ըստ նրա՝ Սյունիքում զարգացած հանքարդյունաբերությունը խիստ բացասական գործոն է տուրիզմի զարգացման համար, ՏԻՄ-երն ու հանքարդյունաբերողներն ուզում են հարցը շրջանցել, պնդում են, թե մեկը մյուսին չի խանգարում, բայց Կապան մտնելիս կապարի և մյուս թափոնները հստակ երևում են. «Դա մեծ կերպով խոչընդոտ է զբոսաշրջության համար՝ և´ մարդկանց ստացած տպավորության, և´ բնության վրա ազդեցության առումով: Բայց հիմա դա այդքան էլ հաշվի չեն առնում, առավել կարևորում են մարդկանց ապրուստի ապահովումը»:

Ըստ Ա.Ոսկանյանի՝ բնական ռեսուրսների շնորհիվ հնարավոր է զարգացնել արկածային, էկոլոգիական, ճամբարային զբոսաշրջությունը, բայց ենթակառուցվածքների առումով բաց տեղերը շատ են: Օրինակ՝ Կապանում թանգարան կա, բայց այն ոչ մի կերպ ներկայացված չէ համացանցում, նույնիսկ, Ոսկանյանի խոսքով, աշխատակիցները չեն կողմնորոշվում, թե էքսպոզիցիաները զբոսաշրջիկներին ինչպես ներկայացնեն:

Զբոսաշրջության զարգացման մեծ հնարավորություն կա՝ արգելոցների համակարգի հետ կապված, սակայն, ինչպես նշեց Ա.Ոսկանյանը, օրենսդրական խոչընդոտներ կան, որոնք անհնար են դարձնում զբոսաշրջիկների այցելություններն արգելոցներ. «Մեզ հետ զրույցում կենտրոնի տնօրենը տուրփաթեթներ չի առաջարկում ու գին չի ասում, որպեսզի տուրօպերատորները վաճառեն: Բնապահպանության նախարարությունը պետք է զբաղվի խնդրով, բայց ոչինչ չի արվում: Օրինակ՝ Խոսրովի անտառ զբոսաշրջիկների խումբ բերելու համար պետք է այլընտրանքային ուղի գտնեն, որովհետև տուրֆիրման չի կարող արգելոցի հետ հարաբերություն ունենալ, որ օրենքի խախտում տեղի չունենա»:

Ընկերակցության նախագահը նշեց, որ Սիսիանը և Գորիսը որոշակի չափով գովազդված են, և զբոսաշրջիկները գնում են Տաթև ու Զորաց քարեր:

«Հալիձորի մոտ մի հուշարձան կա, որ բիոէներգետիկայով լի է, բուժական մեծ էներգետիկա կա: Ռուսական ակադեմիական շրջանակների հետ ուսումնասիրություններ են արվել այնտեղ: Շատ հետաքրքիր և արժեքավոր է Տաթևի սյունը, որ տիեզերական առանցք է: Դա լուրջ զբոսաշրջային ռեսուրս է, Գերմանիայում համաժողովի ժամանակ ներկայացվել է: Եթե այդ սյունը Թուրքիայում կամ Իսրայելում լիներ, և նույնիսկ հիմք չլիներ, շատ գեղեցիկ «կփաթեթավորեին» ու զբոսաշրջիկներին կվաճառեին: Տաթևի սյունը եգիպտական բուրգերին համարժեք բան է»,- ասաց Ա.Ոսկանյանը:

Ա.Ոսկանյանը դրական գնահատեց տեղեկատվական կենտրոնների ստեղծումը, բայց նշեց, որ դրանց աշխատակիցները չգիտեն՝ ի՞նչ անել. «Այդ հանգուցային կենտրոնների արդյունավետությունը մինչ օրս չի երևում, իրենք չեն հանդիսանում նախաձեռնողներ և միջոցառումների կազմակերպողներ, բայց ակտիվության աղբյուրն իրենք պետք է լինեն, և սա հստակ ենթակառուցվածքային միջոց է»:

Նրա խոսքով՝ տխուր վիճակ է կացարանների առումով. «Կապանում չկա մի նորմալ հյուրանոց, որ 40 հոգանոց խումբ կարողանա ընդունել: Միայն «Մաքս» հյուրանոցը քիչ քանակով հյուրեր կարող է ընդունել: Այստեղ տուրիստական լուրջ հոսքեր պատրաստ չեն ընդունել: Ռեստորաններում նույն վիճակն է: Հաղպատում շատ լավ հյուրանց կա, որ շատ մատչելի է՝ 10-11 հազար դրամ, բայց պետք է տարածել փորձը: Գորիսում առկա մյուս հյուրանոցների տերերը չեն պատկերացնում, թե ինչպիսի ծառայություն պետք է մատուցեն զբոսաշրջիկին, ու ընկնում են արատավոր շրջանի մեջ՝ ներդրում արվել է, զբոսաշրջիկներին չեն հետաքրքրում, ու այլ նպատակներով են սկսում օգտագործել: Կապանում գյուղական տների միջոցով կարելի է խնդիրը լուծել, բայց նույնիսկ մի կայք չեն ստեղծել, որ մշտապես ներկայացված լինեն համացանցում, իսկ դա լուրջ օգնություն կլիներ այս մարդկանց»:

Ա.Ոսկանյանը հայտնեց, որ ԵԱՀԿ նախաձեռնությամբ վերջերս ներդրումային համաժողով կազմակերպվեց Կապանում, խոսվեց կլաստերային զարգացման մասին, և այլն, բայց առայժմ կոնկրետ արդյունքներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս