«Հայաստանում խիստ եվրոպական ուղղվածություն չկա»

Ասում է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը
– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան ի՞նչ տվեց մեզ: 
– Դա միայն Սերժ Սարգսյանին պետք է հարցնեք: Ես չգիտեմ… Վլադիմիր Պուտինի այցի, սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի հայտարարության և այլնի մասին հարցրեք իրենց: Չեմ ուզում որևէ բան այս հարցերի հետ կապված մեկնաբանել, որովհետև այդ ամենն, անկեղծ ասած, համարում եմ շատ երկրորդական խնդիր. այց էր` մարդը եկավ-գնաց, գազը, այո, չէժանացավ, և այլն:
– Ինչո՞ւ է երկրորդական: Միայն ՌԴ նախագահի այցից հետո բացահայտվեց, որ Հայաստանը 300 մլն դոլարի պարտք ունի: 
– Ես որքան լսել եմ` 400 մլն է, ոչ թե 300 մլն: Այդ հարցերը պետք է տաք իշխանությանը, թե ո՞նց է առաջացել, ե՞րբ է առաջացել: Այս հարցերի համար կա խորհրդարան, կառավարություն կա երևի, Վիգեն Սարգսյան կա, որ աշխարհում հիմա ամեն ինչ մեկնաբանում է, բացատրում է, կառավարարության փոխարեն էլ է խոսում… Էհ, հետո՞ ինչ, որ բացահայտեցին, թե պարտք է Հայաստանը, հետո՞ ինչ… Իշխանությունն ասում է` հա, կա այդ պարտքը, գոյացել է, ձեզնից թաքցրել ենք, չենք ասել, Պարսկաստանի հետ էլ չենք բանակցել, բայց հետո՞ ինչ: Ալտերնատիվը ո՞րն է: Իշխանությունը մեզ բոլորիս ասում է` այո, 3.5 տարի բանակցել եմ, հետո գնացել եմ` մի օրում որոշումս փոխել եմ, հետո՞ ինչ: Հայաստանի իշխանություններն ամեն ինչին ասում են` «հետո՞ ինչ», պարում են, երգում են, Ալիևի հետ բանակցությունների մասին խոսում են Մշակույթի նախարարությունում, ոչ ադեկվատ, իրավական տեսակետից որևէ կերպ չբացատրվող գործողություններ են անում…

 
– Հայաստանում գազի թանկացման համար էլ սխալը մեր մե՞ջ փնտրենք: 
– Այո: Թե ի՞նչ են նրանք անում, ինչո՞ւ են անում, ի՞նչ շահերի թելադրանքով են անում՝ դա ի՞նչ կարևոր է: Մենք մեր խնդիրները պետք է նայենք: Հիմա դաշնակիցը հասկանում է, որ այսպես պետք է անի, իր շահերը գուցե պահանջում են նման կերպ անել, բա մենք ի՞նչ անենք, գնանք Մոսկվայում հեղափոխությո՞ւն անենք: Եկեք խոսենք Հայաստանի խնդիրներից, որովհետև, եթե դաշնակիցների խնդիրներից խոսենք, վերջում միայն կմնանք ես ու դուք` իրար հետ խոսացող: Իհարկե, կարող են լինել ազդեցություն ունեցողներ, բայց եթե ազդեցության գործակալի ուղեղը գիծ է, ի՞նչ կապ ունի` էլ ո՞վ է ազդում: Պատկերացրեք` մարդ է, և ուղեղը գիծ է… Երկու տարի առաջ խոսում էինք, որ հիմա Սերժ Սարգսյանը ՌԴ-ի հետ վատ հարաբերություններ ունի, եվրոպական գիծն է բռնել, բայց հիմա հակառակի մասին ենք խոսում, սրա բացատրությունը ո՞րն է: Ու հիմա կարո՞ղ է վերջում դուրս գա, որ Նամիբիան է մեղավոր:
– Ինչո՞ւ ՀՀ-ում Մաքսային միությանն անդամագրվելու մասին Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ի հայտարարությունից հետո ժողովուրդը, ընդդիմությունն այնպես ոտքի չկանգնեց, ինչպես Ուկրաինայում է: 
– Հայաստանում նմանատիպ խիստ եվրոպական ուղղվածություն չկա: Բացի այդ, Ուկրաինան ու Հայաստանն իրար հետ ինչպե՞ս համեմատենք… որտե՞ղ է գտնվում Ուկրաինան, քաղաքական, սոցիալական ի՞նչ վիճակում է գտնվում, համեմատությունն ուղղակի տեղին չէ: Հայաստանում չկա նման քաղաքական ուղղվածություն: Իհարկե, կան մարդիկ, առանձին խմբեր, քաղաքական միավորներ, ուժեր, բայց… Ես չեմ տեսնում հեղափոխական ալիք, որը կարող է բխել այս խնդրի շուրջ: Համեմատականները բարդ են, ու Ուկրաինայի իրադարձություններում խորացած լինելով՝ ես հասկացա, որ Մայդանում կանգնած 70 տոկոսը ոչ թե Եվրաասոցացմանն է դեմ, այլ` ուզում են Յանուկովիչից ու իր ընտանիքից ազատվել: Այս հարցում Ուկրաինան շատ նման է մեզ. ՀՀ-ում Սերժ Սարգսյանի կլանն է, մինչ այդ Ռոբերտ Քոչարյանի կլանն էր, այնտեղ Յանուկովիչի ընտանիքն է, ինչպես իրենք են անվանում: Իմ կարծիքով` ԱՊՀ երկրներն այս առումով նման են իրար` իշխանությունը թալանչի է, ժողովուրդն էլ չի ուզում համակերպվել թալանին: Թե ի՞նչը կատալիզատոր կհանդիսանա, որ մարդիկ դուրս կգան փողոց, դա կլինի եվրաինտեգրացիա՞ն, Ղարաբաղի խնդի՞րը, ուղեվարձի թանկացո՞ւմը, թե՞ մեկ այլ բան, ժամանակը ցույց կտա: Ես համոզված եմ, որ Հայաստանում էլ ինչ-որ պահի հետ կապված` կատալիզատոր կլինի, բայց դա չի լինի Եվրաինտեգրացումը, որովհետև թե՛ բնակչությունը, թե՛ քաղաքական ուժերի մեծ մասը չէին հասկանում` ինչի՞ համար է այդ եվրոինտեգրացիան: Ուղղակի Սերժ Սարգսյանը եվրոպացիների գլուխները տանում էր լեգիտիմության խնդիրները լուծելու համար: Ես տեղյակ եմ նաև այն ամենի մասին, ինչի մասին դուք տեղյակ չեք, այն, թե Հայաստանը ի՞նչ է բանակցել Եվրոպայի հետ, ինչքա՞ն փող են ուզել Եվրամիությունից, և այլն…
– Եվ որքա՞ն է ուզել Հայաստանը Եվրոպայից, ի՞նչ է բանակցել: 
– Կարող եմ միայն ուկրաինականն ասել, իսկ հայկականը կթողնեմ ավելի ուշ: Ուկրաինացիները 160 մլրդ եվրո են ուզել: Եվ միանշանակ հասկանալի է, որ նման փող ուզելը նշանակում է` եվրոպացիներին ծաղրել: Կարծում եմ, եթե ժամանակին Բրյուսելում նստած չինովնիկները Մարտի 1-ի հետ կապված հարցերը քաղաքական առք ու վաճառքի առարկա չդարձնեին, այսօր ԱՊՀ տարածքը նման վիճակ չէր ունենա… Եթե սպանությունները նորմալ դատապարտվեին, նորմալ գործընթաց գնար, այսօր այդ վիճակը չէր գնա: Հայաստանի մասով ոչ մի բան էլ դեռ չեմ բացահայտելու: Համարում եմ, որ կան պատգամավորներ, նախարարներ, թող իրենք ասեն, տեղյակ չեն` տեղյակ թող լինեն, բա էլ ինչի՞ համար են:

Տեսանյութեր

Լրահոս