Շահերի համընկնում՝ Ղարաբաղի հարցում
Կարծես թե գտնվել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման մի այնպիսի տարբերակ, որը կարող է բավարարել բոլոր կողմերին: Թուրքական մամուլը վերջերս գրել էր, որ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան կժամանի միայն այն դեպքում, եթե Հայաստանի իշխանությունը հրապարակայնացնի իր խոստումը` Ադրբեջանին վերադարձնել 7 շրջաններից երկուսը:
Ըստ ամենայնի` խոսքն Աղդամի և Ֆիզուլիի շրջանների մասին է: Նախկինում Թուրքիան պահանջում էր 5 շրջանների վերադարձ: Որքան էլ տարօրինակ թվա, սակայն ադրբեջանական մամուլը և պաշտոնական շրջանակները որևէ կերպ չարձագանքեցին այս հայտարարությանը: Այսպիսով Թուրքիան մինիմումի է հասցրել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու իր պահանջները` ընդամենը երկու շրջան: Սա ինչ-որ տեղ նաև հասկանալի է. Թուրքիան շտապում է մինչև 2015թ. հարաբերությունները վերջնականապես կարգավորել Հայաստանի հետ: Սպասվում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, որին կհետևի նաև Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի և այն դեռևս չճանաչած այլ երկրների կողմից: Բայց դա տեղի ունենալու համար, ինչպես նշեցինք, պետք է, որ կարգավորված լինի Ղարաբաղյան հարցը, որպեսզի Թուրքիան կարողանա հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:
Թվում է, թե Ադրբեջանի համար այս լուծումն այնքան էլ ընդունելի չէ, քանի որ այդ երկրի իշխանությունը մինչև այժմ խոսել է ամբողջը և միանգամից վերադարձնելու անհրաժեշտության մասին: Խոսքը ոչ միայն 7 շրջանների, այլև Ղարաբաղի մասին է: Բայց Ադրբեջանը երկու շրջանների վերադարձը կարող է ներկայացնել ոչ թե կարգավորման ավարտ, այլ տարածքների վերադարձի գործընթացի սկիզբ, որին հետևելու են նոր շրջաններ: Բացի այդ, եթե իսկապես խոսքը Ֆիզուլիի և Աղդամի շրջանների մասին է, ապա դրանք հենց այն ադրբեջանական շրջաններն են, որտեղից առավել մեծ թվով ադրբեջանցիներ են հեռացել. այս երկու շրջաններից փախստական դարձած ադրբեջանցիների թիվն ավելի մեծ է, քան մյուս հինգ շրջաններինը` միասին: Այսինքն` վերադարձնելով երկու շրջան, Ադրբեջանը լուծում է փախստականների մեծ մասին իրենց հայրենի օջախները վերադարձնելու հարցը, եթե նրանք իսկապես ցանկանան վերադառնալ:
Մինչև ԱՄՆ-Իրան մերձեցումը Ղարաբաղյան հարցի կարգավորման հակառակորդների թվում նշվում էր նաև Իրանի անունը: Իրանը դեմ էր ԵԱՀԿ միջնորդների առաջարկած Ղարաբաղյան հարցի կարգավորմանը, քանի որ այդ ծրագրով Ադրբեջանը վերատիրանալու էր Զանգելանի և Ջաբրաիլի շրջաններին` մեծացնելով իր սահմանն Իրանի ադրբեջանաբնակ Ատրպատականի նահանգի հետ: Բացի այդ, հնարավոր էր համարվում, որ այդ տարածքներում խաղաղապահների անվան տակ կարող են մտնել ամերիկյան զինվորականներ` վերհսկողություն հաստատելով իրանական սահմանի նաև այդ հատվածում: Հիմա Իրանն ԱՄՆ-ից այլևս սպառնալիք չի տեսնում, բացի այդ, երկու շրջանների վերադարձի դեպքում հայկական ուժերը հանձնում են իրանական սահմանի շատ փոքր մասը:
Ավելին, ներկա իրողության պայմաններում Իրանը ոչ միայն դեմ չի լինի Ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավորմանը, այլ ընդհակառակը` պետք է փորձի ամեն կերպ նպաստել դրա իրականացմանը: Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարություններն էժան գազի մասին ուղղված էին ոչ այնքան Հայաստանին, որքան միջազգային հանրությանը: Իրանն ասում է, որ ինքը պատրաստ է Ռուսաստանից ավելի էժան գազ վաճառել, մնում է, որ կարգավորվեն Իրանի հետ հարաբերությունները, և Արևմուտքը պատրաստակամություն դրսևորի հրաժարվել ռուսական թանկ գազից` հօգուտ իրանական էժան գազի:
Այս տարբերակը կարող է ընդունելի լինել նաև Հայաստանի համար: Իհարկե, Հայաստանում ևս կլինեն ուժեր, ովքեր կհայտարարեն, որ արյամբ գրավված ոչ մի թիզ հող չի կարելի զիջել թշնամուն, որ մեր պատմական հայրենիքը թշնամուն հանձնող իշխանությունը նույնիսկ մեկ օր չի կարող ներկայացնել Հայաստանը և հայ ժողովրդին, և պետք է համազգային պայքար սկսել այդ իշխանությունից ժամ առաջ ազատվելու համար: Բայց փաստ է, որ դեռևս Հայաստանը չի ունեցել խաղաղության և ապաշրջափակման հասնելու նման նպաստավոր պայմաններ, ինչպես հիմա: Երբեք չի եղել իրավիճակ, որ խաղաղության գինը կարող է լինել Աղդամի և Ֆիզուլիի շրջանների մի մասը: Դրանց մի մասն Ադրբեջանի վերահսկողության տակ է:
Տարածաշրջանում միակ երկիրը, որը կարող է դեմ հանդես գալ նման լուծմանը, Ռուսաստանն է: Հայաստանի ապաշրջափակումը և հարաբերությունների բարելավումը կարող է նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում: Կա տեսակետ, որ եթե Հայաստանի իշխանությունը գնա նման լուծման, ապա Ռուսաստանը կարող է Հայաստանում իշխանափոխության փորձ ձեռնարկել` այդպիսով վիժեցնելով բանակցությունների հանգուցալուծումը:
Հայաստանում ռուսական ազդեցության որոշ ուժեր արդեն հայտարարում են իշխանափոխության անհրաժեշտության մասին: Դժվար է ասել` այդ հայտարարություններն արվում են Ռուսաստանից եկած պատվերի շրջանակներո՞ւմ, թե՞ այդ ուժերը, սովորույթի համաձայն, կանխազգալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունը` ինքնաբուխ ոգևորություն են դրսևորում, մտածելով, որ Ռուսաստանը թույլ չի տալու խնդրի կարգավորում, և դրան հասնելու ամենաստույգ միջոցն իշխանափոխությունն է կամ դրա սպառնալիքը: Մեր դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանի արևմտյան մյուս գործընկերները հանձն են առել համոզելու Ռուսաստանին` չխոչընդոտել Ղարաբաղյան հարցի կարգավորմանը: Թե որքանով են իրատեսական այդ պնդումները` հայտնի կդառնա միայն ժամանակի ընթացքում:
Դեկտեմբերի 15-ին տարածաշրջան են այցելելու ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները, որոնք նախապատրաստելու են հունվարին նախատեսված` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը, ովքեր էլ իրենց հերթին` պետք է նախապատրաստեն նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը: Հնարավոր է, որ այն հերթականը լինելով` վճռորոշ լինի Ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում: Եվ Հայաստանը, և Ադրբեջանը բավական մոտ են խաղաղությանը հասնելու հնարավորությանը: