Գուցե Մարդու իրավունքների պաշտպանի՞ն նշանակեն Վճռաբեկ դատարանի նախագահ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակը խիստ ընդդիմադիր զեկույց է հրապարակել, այն աստիճանի ընդդիմադիր, որ դրան կնախանձեր ցանկացած իրավապաշտպան կազմակերպություն, նույնիսկ միջազգային: Այս զեկույցի իմաստն այն է, որ Հայաստանում արդարադատության համակարգ գոյություն չունի. դատավճիռները կայացվում են բացառապես կաշառքով, և դրա հետևանքով հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ զրոյականից էլ ցածր է: ՄԻՊ գրասենյակի պատրաստած զեկույցում նշվում է, որ դատարանների գործունեության արդյունքում է, որ հազարավոր անմեղ մարդիկ հայտնվում են  բանտերում, իսկ հանցագործները ման ենգալիս ազատության մեջ, Հայաստանից հեռանում են անարդարության զոհ օտարերկրացի ներդրողները, իրենց իրավունքները դատարանում պաշտպանել չկարողացող մարդիկ արդարություն են  փնտրում փողոցում… ՄԻՊ գրասենյակն այնքան առաջ է գնացել, որ հրապարակել է, թե ինչ չափերի կաշառք են վերցնում առաջին ատյանի, Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում: Օրինակ, Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը կարող է հասնել 50 հազար դոլարի: Եթե այս թվերը նկատի ունենալով` հաշվենք Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի ունեցվածքը, ապա  2011թ. նրա կողմից հայտարարագրած 185 հազար դոլարն ուղղակի ծիծաղելի թիվ է (ընդամենը 3,5 դատավճիռ):

Այն, որ Հայաստանում արդարադատություն չկա, և, որ դատավորներն առաջին ատյանից մինչև Վճռաբեկ դատարան կաշառված են՝ գիտի ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով երբևէ գործ է ունեցել դատական համակարգի և դատավորների հետ, և ՄԻՊ գրասենյակի զեկույցում այս առումով որևէ ցնցող բացահայտում չկա: Ավելին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ևս  դատաիրավական բարեփոխումներին նվիրված խորհրդակցությունների ժամանակ բազմիցս խոսել է դատական համակարգի անկատարության և այդ համակարգի նկատմամբ վստահության բացակայության մասին: Եվ եթե Ս. Սարգսյանի այդ բազմաթիվ ելույթները փոփոխությունների և կոնկրետ գործողությունների չեն հանգեցրել, ապա դժվար թե ՄԻՊ զեկույցից որևէ բան փոխվի:

Միակ փոփոխությունը, թերևս, այն կլինի, եթե Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի փոխարեն` այդ պաշտոնում նշանակվի ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը: Առավել ևս, նա արդեն քաջատեղյակ է դատական համակարգում գործող սակագներին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս