2013 թվականը Վլադիմիր Պուտինի տարին էր. Die Presse
Die Presse թերթում հրապարակվել է Բուրկհարդ Բիշոֆի «Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի տարին» խորագրով հոդվածը, որում ասվում է. «Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը կարող է մեծ գոհունակությամբ հետադարձ հայացք նետել անցնող տարվա վրա, քանի որ այդ ազդեցիկ քաղաքական գործչին հաջողվեց ամեն ինչ, ինչին որ նա ձեռնամուխ էր եղել:
Պուտինին հաջողվեց վերջին րոպեին խանգարել Արևմուտքին` ավիահարձակում ձեռնարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, Ուկրաինային քիչ թե շատ ցավոտ տնտեսական ճնշման տակ եվրոպական ճամբարից հետ վերադարձնել ռուսական ճամբար:
Եվ վերջապես նրա մոտ «բույն դրեց» ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով իր բացահայտումներով ավելի խոշոր վնաս պատճառեց անդրատլանտյան հարաբերություններին, քան ՆԱՏՕ-ի դեմ խորհրդային ու ռուսական հատուկ ծառայությունների ու դիվանագետների բոլոր գործողությունները միասին վերցրած:
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) գործունեության վերաբերյալ նոր հրապարակումների շարունակումը շեղում է ուշադրությունն այն մտքից, թե հենց Պուտինի ժամանակ ինչպիսի քարացած հատուկ ծառայությունանման պետության է վերածվել Ռուսաստանը:
Կոալիցիոն պայմանագրի կնքումից հետո Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության հավանական ուժեղացումը նույնպես Պուտինի օգտին է, եթե այդ կուսակցության առաջնորդ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը վերստին դառնա Գերմանիայի արտգործնախարար:
Չի բացառվում, որ Պուտինի հաջորդ հաղթանակն արդեն իսկ պատրաստ է, կարելի է պատկերացնել, թե արևմտյան ԶԼՄ-ներում ինչպիսի հրճանք կսկսվի, եթե նա իսկապես համաների 2003 թվականից բանտում գտնվող նավթային մագնատ Միխայիլ Խոդորկովսկուն ու Pussy Riot խմբի երկու երգչուհու` Նադեժդա Տոլոկոնիկովային ու Մարիա Ալյոխինային` նրանց ազատազրկման ժամկետների ավարտից ընդամենը մի քանի ամիս առաջ:
Բնականաբար, դա տեղի կունենա նախքան հաջորդ տարվա փետրվարի սկզբին Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկը (Արևմուտքի հանդեպ Պուտինի այս տարվա հաղթանակների թվում կարելի է նշել նաև այն, որ Հայաստանը նոյեմբերի վերջին Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիր չնախաստորագրեց ԵՄ-ի հետ, բացի այդ, Եգիպտոսի նախագահի պաշտոնից Մոհամմեդ Մուրսիի գահընկեցությունից հետո ԱՄՆ-ը որոշակիորեն երես է թեքել այդ երկրից, և Եգիպտոսում առաջացած վակուումն այժմ փորձում է լցնել Ռուսաստանը – 168.am):
Ինչպե՞ս վարվել Ռուսաստանի այդ վերստին չափազանց ինքնավստահության հետ: Համենայնդեպս, որոշակիորեն կարելի է ասել, որ Պուտինը հարգում է միայն նրանց, ովքեր նրան պատասխանում են այն նույն կոպիտ տոնով, որըը նա սիրում է օգտագործել: Անգելա Մերկելը հասկացել է դա:
Նա մշտապես Պուտինի հետ զրույցներում վճռականորեն բարձրացնում է ժողովրդավարական արժեքների տեսանկյունից կարևոր թեմաներ: Նա դա անում է վճռականորեն, սակայն ոչ հիմարաբար ու ռուսատյացորեն, ինչին մշտապես կարելի է ականատես լինել Ռուսաստանին հասցեագրած ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնի ու Լինդսի Գրեհեմի հայտարարություններում:
Ռուսաստան այսուհետ նույնպես կլինի որպես չափազանց բարդ գործընկեր: Նորմալ, իրավահավասար հարաբերություններին անցում կատարելը, որոնց հիմքում ընկած կլինի փոխադարձ վստահությունը, հնարավոր է միայն այն դեպքում, եթե դրա պահանջը ձևակերպվի բուն ռուսական հասարակությունում, իսկ դա տեղի չի ունենա ավելի վաղ, քան նա կգիտակցի, որ սեփական ուժով պարծենալու հիման վրա կառուցված քաղաքականությամբ դրան հասնելն անհնար է»: