Վալերի Օսիպյանի ժամացույցը հերքում է ոստիկանների բացատրությունները

Ոստիկանների կողմից Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստով քրեական գործ չհարուցելու որոշումն անհիմն է: Այսօր դատարանում այս մասին ասաց Ա. Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը, ով բողոքարկել Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով մերժվել է քրեական գործի հարուցումը:

Փաստաբանի խոսքով՝ Ա. Կիվիրյանը ոստիկանությունում մնացել է սահմանված ժամկետից (մինչև 3 ժամ) ավելի: Ըստ նրա՝ Ա. Կիվիրյանն ազատությունից զրկվել է դեպքի օրը՝ օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի մոտակայքից առնվազն ժամը 12:21-ից և անազատություն մեջ է մնացել առնվազն մինչև 15:42-ը:

Լուսինե Սահակյանի փոխանցմամբ՝ դեպքը պատկերող տեսանյութերից մեկում երևում է, որ տեսանյութի 17 րոպե 21 վայրկյանին Արգիշտի Կիվիրյանն արդեն ազատությունից զրկված է: «Պետք է ծագի բնական հարց, թե տեսանյութի 17:21 վայրկյանը ո՞ր ժամին կատարված գործողություններն է արտացոլում: Այդ հարցի պատասխանները պարունակվում են նույն տեսանյութում. մասնավորապես տեսանյութի 27:14 վայրկյանին կադրում երևում է ներկաներից մեկի ձեռքի ժամացույցը, որի համաձայն՝ ժամը 12:31-ն է, իսկ տեսանյութի 55:31 վայրկյանին կադրում երևում է ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանի ձեռքի ժամացույցը, որի համաձայն՝ ժամը 13:00 է: Մաթեմատիկայի բնագավառի հատուկ գիտելիքների անհրաժեշտություն չկա՝ հեշտությամբ պարզելու համար, որ 01.08.2013թ. առնվազն ժամը 12:21-ից առաջ  Արգիշտի Կիվիրյանն արդեն իսկ եղել է ձերբակալված»,- ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսյի 1-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ Արգիշտի Կիվիրյանը ցանկացել է վրան տեղադրել, սակայն ոստիկանները նրան թույլ չեն տվել դա անել: Որոշ ժամանակ անց նրան բերման են ենթարկել: Ըստ Արգիշտի Կիվիրյանի՝ իրեն բերման ենթարկելու ընթացքում ոստիկանները բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով բազմաթիվ մարմնական վնասվածքներ:

Բացի այդ՝ Արգիշտի Կիվիրյանը պնդում է, որ ոստիկանության բաժանմունքնում ինքը մնացել է սահմանված 3 ժամից ավելի: Այս ամենի մասին Ա. Կիվիրյանը հայտարարել է ոստիկանությունում, սակայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործի հարուցումը մերժվել է՝ ոստիկանության աշխատակիցների արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

«Քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում ՀՀ ՀՔԾ քննիչը դրել է բացառապես ոստիկանների, այդ թվում հատկապես այն ոստիկանների բացատրություններով հայտնած տեղեկությունները, ովքեր ամենայն հավանականությամբ Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնություն գործադրողների, ապա նրան ապօրինի անազատության մեջ պահողների շարքում են եղել»,- այսօր դատարանում ասաց Լուսինե Սահակյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի 1-ին դասակի ոստիկան Գագիկ Սարգսյանը բացատրություն է տվել այն մասին, որ՝ «… պարտադրել ենք նրան հավաքել վրանը, սակայն նա չի ենթարկվել, որի պատճառով մենք ենք հավաքել այն, որից հետո այդ քաղաքացին երկու ձեռքով հավաքված վրանը բռնելով պառկեց խոտածածկ տարածքում: Վարչության պետի տեղակալ Վ. Օսիպյանի հրահանգով մոտեցել ենք այդ քաղաքացուն, որը կլիներ մոտ 35-40 տարեկան, որպեսզի ղեկավարության կարգադրությամբ նրան բերման ենթարկենք ոստիկանության բաժին…:

Երբ փորձել ենք տվյալ քաղաքացուն բերման ենթարկել, նա դիմադրել է, գետնից չի վեր կացել, չի համաձայնել նստել ոստիկանական ավտոմեքենան, որի պատճառով ստիպված ենք եղել մի քանի հոգով բռնել նրա ձեռքերից ու ոտքերից և տանել ոստիկանական ավտոմեքենայի մեջ: Այդ քաղաքացուն մեքենայում տեղավորելուց հետո ես մնացել եմ մեքենայի սրահում, իսկ մի հոգի ոստիկան նստել է ղեկին»:

Փաստաբանը մեջբերեց նաև այլ ոստիկանների բացատրություններից հատվածներ և ասաց, որ դրանք արժանահավատ չեն:

Փաստաբանը դատարանին խնդրեց ՀՔԾ-ին պարտավորեցնել հարուցել քրեական գործ:

Տեսանյութեր

Լրահոս