Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը գազի պարտքից տեղյակ չի եղել
Ինչպես գրում է «Ազատությունը», ոչ միայն Ազգային ժողովի պատգամավորները, այլև անգամ կառավարության աշխատակազմի ղեկավարը տեղյակ չի եղել, որ Հայաստանը «Հայռուսգազարդին» պարտք է եղել ավելի քան 300 միլիոն դոլար:
Այսօր պատասխանելով «Ազատության» հարցերին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ով նախկինում երկար տարիներ զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը, ասել է, թե «Հայռուսգազարդին» ունեցած պարտքի կուտակման մասին հարցերը պետք է տալ Էներգետիկայի նախարարին:
Գաբրիելյան․ – Վերջնական թվի վերաբերյալ տեղեկություն, բնականաբար, չունեի, քանի որ բանակցությունները ընթանում էին, և ինչ կլիներ հստակ այդ թիվը՝ պարզվեց բանակցությունների ընթացքում, ինչն էլ պարոն Մովսիսյանը հրապարակեց:
«Ազատություն»․ – Ինչո՞ւ էր գաղտնի պահվում այդ պարտքի մասին տեղեկությունը, ինչո՞ւ հանրությանը չէր տեղեկացվում, որ Հայաստանը իրականում նման հսկայական պարտքեր է կուտակում:
Գաբրիելյան․ – Ես չեմ կարող նման հարցի պատասխանել, քանի որ թիվը՝ պարտքը ինչքան էր, ինչքան չէր, որոշվում էր բանակցությունների ընթացքում:
«Ազատություն»․ – Պարտքերը ֆիքսված չե՞ն լինում: 2011-ից ամեն ամիս մենք իքս գումար ենք պարտք կուտակել․․․
Գաբրիելյան․ – Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ դա բանակցվում էր: Հիմա թե ինչպե՞ս է բանակցվել և ներքին հաշվառում տարվել է, թե ոչ՝ չեմ կարող ասել: Բյուջետային մուտքերի և ելքերի տեսակետից նման պահանջ բյուջեի նկատմամբ չի եղել:
«Ազատություն»․ – 150-ը ռուսները որոշել են իրենք մարել: Ինչի՞ դիմաց:
Գաբրիելյան․ – Խնդրում եմ, որպես բանակցող կողմ՝ այդ բոլոր մանրամասները հարցնեք պարոն Մովսիսյանից:
«Ազատություն»․ – Կառավարությանը նա տեղյակ չի՞ պահում:
Գաբրիելյան․ – Կառավարությանը նա տեղյակ է պահում ընդհանուր գծերով: Ես բանակցությունների բոլոր դետալներին չեմ տիրապետում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում