Ցուցարարները ՄԻՊ-ից հստակ պատասխան են պահանջում
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքող ցուցարարները, Ազգային Ժողովից երթով հասել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ. նրանք համարում են, որ այդ համակարգը մարդու իրավունքների խախտում է և հակասահմանադրական, քանի որ կենսաթոշակ ստանալը ոչ թե մարդու պարտականություննն է, այլ իրավունքը։
Նրանց հետ հանդիպելու դուրս եկած ՄԻՊ խորհրդական Արմեն Գրիգորյանին ցուցարարները հարցրեցին՝ արդյոք ՄԻՊ-ը կանգնած է ժողովրդի կողքի՞ն, թե՞ սպասարկում է իշխանության շահերը։ Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ ՄԻՊ-ը, բնական է, պետք է լինի ժողովրդի կողքին։ Նա նաև նշեց, որ իրենք ուսումնասիրում են կենսաթոշակային համակարգի հետ կապված բողոքներն ու միջազգային փորձը և առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը ձայների 46 կողմ, 54 դեմ հարաբերակցությամբ դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ առաջարկությանը: Առաջարկը ներկայացրած 4 խմբակցությունները հայտարարեցին, որ դիմելու են ՍԴ՝ վիճարկելով այդ օրենքի սահմանադրականությունը։
Ցուցարարները պահանջում են, որ ՄԻՊ-ը ևս միանա այդ խմբակցություններին և համատեղ հայց ներկայացվի ՍԴ։
Սակայն ցուցարարները պահանջում են, որ Կարեն Անդրեսյանը անձամբ իջնի և պատասխանի՝ միանո՞ւմ են այդ հայցի ներկայացմանը, թե՞ ոչ։
Ցուցարարների հետ հանդիպման դուրս եկավ նաև ՄԻՊ իրավական վերլուծության վարչության պետը։ Նրան նույնպես ուղղվեց նույն հարցը՝ միանո՞ւմ եք ընդդիմության պահանջին և համատեղ հայց կներկայացնե՞ք ՍԴ։ Վարչության պետը հայտարարեց, որ, միանշանակ, համատեղ ուսումնասիրություն անցկացնելն ավելի արդյունավետ կլինի։ Հանրահավաքի մասնակիցները պահանջեցին ավելի հստակ պատասխան տալ՝ այ կամ ոչ։ ՄԻՊ ներկայացուցիչը պատասխանեց՝ կարծում եմ՝ այո։