2013 թվականին յուանն ամենաշատ գործածվող համաշխարհային արժույթների թվում գերազանցել է եվրոյին
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին յուանն ամենաշատ օգտագործվող համաշխարհային արժույթների թվում գերազանցել է եվրոյին: Այս մասին են վկայել Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցությունների ընկերակցության (Society for Worldwide Interbank Financial Telecommunications, SWIFT) տվյալները:
Ներկա դրությամբ յուանը զիջում է միայն ԱՄՆ դոլարին: SWIFT-ի տվյալներով՝ այս տարվա հոկտեմբերին յուանն օգտագործվել է արտաքին առևտրային գործարքներից 8.66 տոկոսի դեպքում, մինչդեռ եվրոյի ցուցանիշը կազմել է 6.64 տոկոս:
Գործարքների ժամանակ յուանն առավել ակտիվ օգտագործել են Չինաստանը, Հոնգկոնգը, Սինգապուրը, Գերմանիան ու Ավստրալիան: Գործարքների 59 տոկոսը բաժին է ընկել Չինաստանին, 21 տոկոսը՝ Հոնգկոնգին, 12 տոկոսը՝ Սինգապուրին:
Յուանի առավել ակտիվ օգտագործումը շաղկապվում է Չինաստանի իշխանությունների կողմից սեփական արժույթի փոխարժեքի նկատմամբ վերահսկողության թուլացման հետ: