Ալեքսանդր Արզումանյան. Գյումրին կայազորի վերածելով, Երևանի կենտրոնը պաշարելով՝ ատելություն սերմանեցին Պուտինի նկատմամբ
«Ակնհայտ է, որ ոստիկանության երեկվա գործողությունները դատապարտելի են»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով երեկվա ակցիաների ժամանակ տեղի ունեցած բախումներին և ոստիկանություն բերման ենթարկված ցուցարանների փաստին:
Նա մեջբերեց ՀՀ սահմանադրության համապատասխան օրենքը՝ նշելով, որ յուրաքանչյուրն իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որ արգելվում է մարդուն հարկադրել փոխել այն, ինչպես նաև այն, որ քաղաքացիները խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունք ունեն:
«Դեկտեմբերի 2-ին կոպտորեն խախտվել են քաղաքացիների նշված իրավունքները: Ըստ պաշտոնական տվյալների՝ առնվազն 110 քաղաքացի, այդ թվում՝ անչափահասներ, ապօրինաբար բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Անտարակույս մարդու իրավունքների նկատմամբ բոլոր ոտնձգությունները իրենց գնահատականը կստանան,- նշեց նա, ապա ավելացրեց,- Առավել հետաքրքրական է, որ իշխանությունը չգիտակցեց, որ իրավապահներին նման հակաիրավական գործողությունների դրդելով, Գյումրին կայազորի վերածելով, Երևանի կենտրոնը պաշարելով, հասարակական տրանսպորտի շարժը խափանելով, ատելություն սերմանեցին հասարակության մեջ այս բոլոր տհաճությունների պատճառ դարձած Վ. Վ. Պուտինի նկատմամբ»:
Ալեքսանդր Արզումանյանը նշեց, թե մարդիկ իրենց դժգոհությունն արտահայտելու սահմանադրական իրավունք ունեն, սակայն թույլ չտալով արտահայտել այն՝ արժանացան հարյուր հազարավոր քաղաքացիների «սրտից բխող անեծքների», ինչպես նաև ճաշակեցին իշխանության նկատմամբ կուտակված բողոքը: