
Ադրբեջանն ու Հարավային Կորեան ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության հուշագիր

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով հարավկորեական Yonhar լրատվական գործակալությանը, հայտնել է, որ Ադրբեջանի ու Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունները ստորագրել են պաշտպանական ոլորտում համագործակցության գծով փոխըմբռնման հուշագիր:
Երկու երկրների պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Կիմ Կուան-Ժինը հանդիպման ժամանակ քննարկել են ռազմական կապերի ընդլայնման ուղիները և երկու երկրների միջև ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության հարցը:
Եռօրյա կորեական այցի շրջանակներում Հասանովը հանդիպել է Կորեայի զինված ուժերի պաշտպանական մատակարարման վարչության պետի և Շտաբի պետերի կոմիտեի ղեկավարի հետ:
Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովը Հարավային Կորեա է մեկնել դեկտեմբերի 2-ին, երբ Հայաստան էր ժամանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ համընկնման հետ կապված՝ ադրբեջանական մամուլը նշել է, որ Հասանովի կորեական այցը հանդիսանում է Պուտինի հայկական այցի պատասխան քայլը:
Օգոստոսի վերջին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը ցանկանում է Հարավային Կորեայից գնել 3 միլիարդ դոլարի ժամանակակից սպառազինություն, սակայն Հարավային Կորեան Ղարաբաղյան հակամարտության պատճառով հրաժարվել էր զենք վաճառել Ադրբեջանին: