Սուր շնչառական վարակների hամաճարակային իրավիճակը կայուն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության` 2013 թվականի 46-րդ շաբաթվա տվյալների համաձայն` գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվությունն ԱՀԿ անդամ երկրներում և եվրոպական տարածաշրջանում գտնվում է ցածր մակարդակի վրա:

2013 թվականի հոկտեմբեր – նոյեմբեր ամիսների ընթացքում եվրոպական տարածաշրջանում շրջանառում են գրիպի Բ տեսակը, Ա տեսակի H1N1պնդ09 և Ա (H3N2) ենթատեսակները:

Գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների արդյունքում դրական նմուշների թիվը եղել է բավականին ցածր, որը բնորոշ է և՛ ներկայիս, և՛ անցած սեզոնների ընթացիկ ժամանակահատվածին:   Ինչ վերաբերում է ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացված հիվանդների լաբորատոր հետազոտություններին, ապա վերջիններիս մոտ գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել:

Տարածաշրջանի երկրներում՝ Վրաստանում, Ադրբեջանում, Թուրքիայում, համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը լարված չէ:

Ռուսաստանի Դաշնության մի շարք վարչական միավորներում դիտվում է սուր շնչառական վարակների սեզոնային աճ:   Հայաստանի Հանրապետությունում ներկայումս սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանգիստ է:

Դիտվում է սեզոնային բնականոն ընթացք:   Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հանրապետությունում իրականացվող մոնիտորինգի տվյալներով` սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2013 թվականի ընթացքում 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ գտնվում է ցածր մակարդակի վրա:

Հանրապետությունում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում գրիպի հարուցիչներ չեն հայտնաբերվել, որը վկայում է դեպքերի թեթև ընթացքի մասին:

Գրիպից կամ սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է`

– խուսափե´ք հիվանդների հետ շփումից,

– եթե հիվանդ եք, ապա մնացե´ք տանը,

– եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

– հագնվե´ք եղանակին համապատասխան

– պահպանե´ք հազի և փռշտալու վարվերակարգը,

– օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

– հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` 2012 սեպտեմբերից միջին արևելքի որոշ երկրներում արձանագրվում են գրիպի նոր` H7N9 ենթատեսակով պայմանավորված հիվանդության դեպքեր:   Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընթանում են գրիպի H7N9 ենթատեսակի նկատմամբ ուսումնասիրություններ և հետազոտություններ:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս